Երկու կարծիք մեկ փաստաթղթի մասին
Վրաստանն ու Հայաստանը 2016թ. ռազմական համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Երկու երկրների պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Թինաթին Խիդաշելին փետրվարի 1-ին Երևանում հանդիպում են անցկացրել, որի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների շուրջ:
Լրատվամիջոցները հայտնեցին, որ ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի հիմնական դրույթներն են՝ փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, պրոֆեսիոնալ պատրաստվածության և ռազմավարական պլանավորման ոլորտներում: Բոլոր հայկական լրատվամիջոցները մեջբերում էին Սեյրան Օհանյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց համար կարևոր նշանակություն ունեն անվտանգության, քաղաքականության, տնտեսության և մշակույթի ոլորտներում: «Այդ ուղղություններով համագործակցությունը նախադրյալներ է ստեղծել պաշտպանության ոլորտում հետևողական համագործակցության ապահովման ու զարգացման համար՝ սկսած 2010 թվականից»:
Հայաստանի քաղաքագետները տարբեր կերպ են գնահատում հայ-վրացական պայմանագրի նշանակությունը
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այդ պայմանագիրը ֆորմալ փաստաթուղթ է համարում, որը երկու կողմերը պարբերաբար կնքում են միմյանց հետ, այդ պատճառով էլ խորհուրդ է տալիս մոտ ապագայում որևէ փոփոխություն չսպասել:
Վրաստանի ու Հայաստանի միջև նմանատիպ փաստաթղթեր նախկինում էլ են ստորագրվել. «Ոչ մի արմատական աշխարհաքաղաքական առաջխաղացում այս փաստաթուղթը բնականաբար չի ենթադրում»:
Դրա պատճառն, ըստ քաղաքագետի, երկու երկրների ռազմաքաղաքական դիրքորոշման տարբեր տեսլականներն են. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, իսկ Վրաստանը խնդիրներ ունի ՌԴ հետ: Բացի այդ, Վրաստանը նախընտրում է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին»:
Ավելին, քաղաքագետի կարծիքով, Վրաստանը, ելնելով Ռուսաստանի հետ նախկինում ունեցած խնդիրներից, բավականին ակտիվ փորձեր է ձեռնարկում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցություն ձևավորելու ուղղությամբ, այդ թվում նաև՝ անվտանգության ոլորտում: «Հայաստանը, բնականաբար, բոլորովին այլ հարաբերություններ ունի այդ երկրների հետ»:
Այս փաստաթուղթը Հայաստանի և Վրաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության առանցքային դրույթներ չի պարունակում:
Քաղաքագետի կարծիքով, հետաքրքիր է միայն երկու երկրների զինվորականների մասնակցությունը միասնական ռազմական վարժանքներին. «Այսպիսով, հայ զինծառայողները լեռնային պատրաստվածություն են անցնում Վրաստանի ԶՈՒ-ում՝ Սաչխերում, ինչը կազմակերպվում է Հյուսիսատլանտյան դաշինքի մասնագետների կողմից»: Բացի այդ հայ և վրացի զինծառայողները մասնակցում են տեխնիկական և կրթական փոխանակման միասնական ծրագրին, այդ թվում նաև՝ ռազմական տարանցման հարցերով:
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, 2016թ. երկու երկրների միջև ռազմական համագործակցության պլանի ստորագրման մեջ ֆորմալն ընդամենը առիթն է:
Այցի պաշտոնական կարգավիճակից, եռօրյա ժամկետից և օրակարգից դատելով՝ պայմանագրի ստորագրման ֆորմալ մասից զատ, ըստ քաղաքագետի, պետք է նշել նաև կարծիքների լայն ու բազմաշերտ փոխանակումը տարածաշրջանում նոր իրողությունների վերաբերյալ:
Այդ իրողությունների թվում քաղաքագետը նշում է «Ռուսաստանում առկա խորն ու շարունակական համակարգային, քաղաքական, տնտեսական, կառուցվածքային ճգնաժամը»:
Այնուհետև նա նշում է Իրանի գործոնը, որը պատժամիջոցներից ձերբազատվելուց հետո բացվում է աշխարհի համար և չի թաքցնում իր մտադրություններն ու տեսլականն առ այն, որ դեպի իր ապագա գլխավոր առևտրային գործընկերները ելք ունենալու համար դիտարկում է Հարավային Կովկասը որպես քաղաքականապես ամենանպատակահարմար միջանցք:
Միաժամանակ, ըստ Մեհրաբյանի, կարևոր է նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների սրման նոր ալիքը, որն անդրադառնում է Հարավային Կովկասի վրա:
Առավել կարևոր գործոն, որը տարածաշրջանային իրականության վրա հիմնարար ազդեցություն ունի, Մեհրաբյանը համարում է հյուսիսատլանտյան ենթակառուցվածքների մերձեցումը Հարավային Կովկասին:
«Բնականաբար, երկու հարևան երկրներ Հայաստանն ու Վրաստանը, որոնք իրական ընկերներ քիչ ունեն, հիմնվելով իրենց հազարավոր տարիների բարիդրացիական հարաբերությունների վրա, պետք է վարեին այս երկխոսությունը, ինչը կարելի է միայն ողջունել: Սա խոսում է երկու երկրների ռազմական հրամանատարության քաղաքական հասունության մասին»:
Քաղաքագետը նույնպես նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը գտնվում են Վարշավայի գագաթաժողովի նախաշեմին, որը, նրա համոզմամբ, հիմնարար կերպով կփոխի Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարությունը հետխորհրդային երկրների և, մասնավորապես, Ռուսաստանի հանդեպ:
Դա հաշվի առնելով, փորձքագետը կարծում է, որ մեր երկրների դիրքորոշման մեջ անհրաժեշտ է թարմություն մտցնել և համապատասխանեցնել այն նոր իրողություններին. «Ցանկալի է, որ դա միասին արվի: Պետք է նշել, որ Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից ռազմավարական դուրսմղման մեթոդով, մյուս կողմից Ռուսաստանի ազդեցության գործիքները կորցնում են ուժը»: