Երկու երկրների միջև մնացածները
Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանի երկու գյուղերի բնակիչներն այդ երկու երկրների համար անորոշ կարգավիճակ ունեն: Հողերի հարցը երկու պետությունները հոժարությամբ լուծեցին, սակայն այդ հողի վրա ապրող 450 ընտանիքի պատասխանատվությունը կարծես ոչ ոք չի ուզում իր վրա վերցնել:
22-ամյա Ռուսլան Հասանգուլիևը Ադրբեջանի Հանրապետության Խաչմազի շրջանի Ուրյանոբա գյուղի բնակիչ է: Այնուամենայնիվ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է և նույնիսկ ծառայել է այդ երկրի բանակում: Այժմ սեզոնային աշխատանք է անում. ՌԴ Դաղստանի Հանրապետության Մախաչկալա քաղաքում շինարարությունում բանվոր է: Ասում է, որ իր ընտանիքը չի ուզում Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ, միևնույն ժամանակ չի ուզում մեկնել Ռուսաստան:
Խաչմազի շրջանի Խրախոբա և Ուրյանոբա գյուղերը (երկրի հյուսիս-արևելքում) ի սկզբանե միացվել են Դաղստանին 1954թ-ին՝ հանրապետությանը 20 տարի ժամկետով արոտավայրեր տրամադրելու մասին խորհրդային կառավարության որոշմամբ: Հետո այդ ժամկետը երկարաձգել են ևս 20 տարով, և, չնայած որ այն լրացել է դեռևս 1994թ-ին, «որոշ ժամանակով վարձակալած» գյուղերը մինչև 2010թ-ը փաստացի Դաղստանի մաս էին:
1991թ-ին Ռուսսաստանն ու Ադրբեջանն առանձին պետություններ դարձան, և նրանց միջև սահմանը դադարեց պարզապես ֆորմալ լինել, ինչպես խորհրդային ժամանակներում:
2010թ-ին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանագիր ստորագրվեց պետական սահմանի մասին: Դե-ֆակտո անկլավների կարգավիճակը չեղարկվեց, Խրախոբան և Ուրյանոբան կրկին անցան Ադրբեջանին: Իշխանություններն այդ գյուղերի բնակչներին առաջարկեցին Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ, որպեսզի նրանք շարունակեն այդտեղ ապրել:
Միայն Ուրյանոբայի բնակիչների մի մասն ընդունեց այդ առաջարկը: Խրախոբայի բոլոր բնակիչները նախընտրեցին Ռուսաստանի քաղաքացի մնալ:
Ռուսլան Հասանգուլիևն ասում է, որ 2011թ-ին իրեն և Ադրբեջանի քաղաքացիություն չստացած իր մյուս համագյուղացիներին վտարել են երկրից. «Մի ամբողջ տարի տանջվեցինք: Մեր ընտանիքները, գույքը, ամեն ինչ Ադրբեջանում էր մնացել»:
Այժմ նա հարազատ գյուղ կարող է գալ միայն 3 ամսով, ինչպես նախատեսում է միգրացիոն օրենսդրությունը, իսկ դրանից հետո նա պետք է մեկնի:
Ուրյանոբա գյուղը շրջկենտրոնից 4 կմ հեռավորության վրա է գտնվում: Գյուղում չկա դպրոց, բուժկետ, խանութներ: Գյուղ տանող ճանապարհը ողբալի վիճակում է, գազ ու ջրատար գյուղում նույնպես չկա: Երեխաները դպրոց են գնում, իսկ մեծերն՝ աշխատանքի Խաչմազ՝ շրջկենտրոն, այնտեղից էլ գնումներ են անում: Գյուղում արգելված է ցանկացած տեսակի շինարարություն: Այդ պատճառով էլ Ուրյանոբայի բնակիչները, որոնք Ադրբեջանի քաղաքացիություն ստացան, տեղափոխվեցին շրջկենտրոն:
Հասանգուլիևը նույնպես ուզում է ընդմիշտ լքել գյուղն ու երկիրը, սակայն չի կարողանում տան և հողակտորի փաստաթղթերը ձևակերպել, որպեսզի մեկնելուց առաջ վաճառի:
Ի տարբերություն Ուրյանոբայի՝ Խրախոբայի բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիություն չընդունեցին, և նրանց մեծ մասը տեղափոխվեց Ռուսաստան: Ադրբեջանի իշխանությունները փոխհատուցում վճարեցին տների և հողակտորների համար: Եվ, ի տարբերություն Ուրյանոբայի, որտեղ դեռևս մարդիկ են ապրում, գրեթե լքված Խրախոբան բարեկարգեցին, ճանապարհներն ասֆալտապատեցին, գազիֆիկացրին ողջ գյուղը, նոր, ժամանակակից դպրոց և 30 տուն կառուցեցին:
2013թ-ի նոյեմբերի 22-ին նախագահի հրամանով Խրախոբա գյուղը վերանվանվեց Փալիդլի: Գյուղում մոտ 30 ընտանիք է վերաբնակեցվել երկրի տարբեր շրջաններից, որոնց մեծ մասն ավելի ուշ լքեց գյուղը գործազրկության պատճառով: Մնացել է 5-6 ընտանիք՝ Խրախոբա-Փալիդլիի նոր դպրոցում աշխատող ուսուցիչների ընտանիքները: Իսկ սովորում են այդ դպրոցում շրջակա գյուղերի երեխաները, որոնց բերում է դպրոցական ավտոբուսը:
Խրախոբայի բնակիչները, որոնք հիմնականում Մախաչկալա են տեղափոխվել, հոգածություն չեն տեսել նաև ռուսական կառավարությունից: «Աշխատանքի հարցը լուրջ է, հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում», — պատմում է այժմ Մախաչկալայում բնակվող Զամիր Ասլալիևը, որը Ուրյանոբա բարեկամի հարսանիքին է եկել:
Մնացած բնակիչները նույնպես բողոքում են Ռուսաստանի քաղաքացի մնալու իրենց որոշմանն ի պատասխան կառավարության խիստ միջոցներից: Օրինակ, նրանց խոսքով, երեխաներին թույլ չէին տալիս դպրոց գնալ, իսկ գյուղացիներին խանգարում էին վաճառել տներն ու տեղափոխվել: Նրանք, ովքեր Ադրբեջանում բարեկամներ ունեն, բողոքում են, որ հնարավոր չէ տեսնել նրանց, քանի որ այդ գյուղերի նախկին բնակիչներին Ադրբեջան չեն թողնում:
Շրջանի պաշտոնատար անձինք կտրականապես հրաժարվեցին մեկնաբանել դա: Սակայն Գործադիր իշխանության աշխատակիցը, որը ցանկացել է անանուն մնալ, պատմեց, որ Խրախոբայի բնակիչները կտրուկ արձագանքեցին գյուղն Ադրբեջանի կազմ մտցնելուն:
«Նրանք քվեարկել են և հայտնել, որ ցանկանում են Ռուսաստանի կազմում մնալ: Հստակ անջատողական գործունեություն էին ծավալում, գյուղում ռուսական դրոշներ էին կախել: Այդ պատճառով էլ կառավարությունը ստիպված էր խիստ միջոցներ կիրառել»:
«Կառավարության գործողություններում ոչ մի ապօրինի բան չկա: Բոլոր մարիկ պետք է ենթարկվեն այն երկրի օրենքներին, որտեղ ապրում են: Կարծում եմ բնակիչներին առաջարկված երեք տարբերակներն էլ՝ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, կամ ապրել՝ պահպանելով երկրի միգրացիոն օրենքը, կամ էլ մեկնել այն երկիր, որի քաղաքացի են, իրավական տեսանկյունից բավականին ընդունելի են», — ասում է իրավաբան Ալի Հուսեյնովը:
Լոգման Մաքսիմովը Խրախոբայի նախկին բնակիչ է, աշխատում է շրջկենտրոն Խաչմասի սրճարանում: Նրա ընտանիքի բոլոր անդամներն Ադրբեջանի քաղաքացի են, ինքն էլ է մտածում քաղաքացիություն ստանալ:
«Մենք մեր գյուղացիների հետ ամեն ինչ միասին ենք ցանել, բերք հավաքել, վաճառել այն և կիսել եկամուտը: Նույնիսկ տներն ենք միասին կառուցել: Ինչ-որ մեկը աղյուսն էր կտրում, մյուսը պատն էր շարում, երրորդը դուռ-պատուհան էր դնում, և այս ամենը՝ անվճար», — պատմում է նա:
Զամիր Ալսլալիև՝ Խրախոբայի նախկին բնակիչ. ««Ես չէի ուզում տունս վաճառել: Ինքս իմ ձեռքերով եմ սարքել այդ երկհարկանի տունը՝ բոլոր պայմաններով: Բոլոր պատուհաններն ու դռները կաղնու փայտից էին: Սակայն մեզ թույլ չտվեցին գյուղում մնալ, եթե անգամ Ադրբեջանի քաղաքացիություն ստանայինք: Այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ կար այն ստանալու»:
Քեմեդ Սեյֆուլաևը Խրախոբայի դպրոցի ուսուցիչ էր նախքան Մախաչկալա տեղափոխվելը:
«Մարդկանց փողոցում բռնում-տանում էին ոստիկանություն և հայտարարում, թե նրանք այստեղ ապօրինի են ապրում: Նագմեթ Նագմեթովը մինչև հիմա չի կարողանում վաճառել իր տունը: Արդեն 5 տարի է՝ նրան արգելել են Ադրբեջան վերադառնալ: Ոչ միայն նրան, այլ նաև Խրախոբայի տասնյակ այլ բնակիչների: Օրինակ, Սևդա Իբրահիմովայի հայրը մահացավ 52 տարեկանում, իսկ աղջիկը չկարողացավ ներկա լինել թաղմանը», — պատմում է Սեյֆուլաևը:
Հրապարակվել է 09.11.2016