Հինգերորդ անգամ․ Հայաստանում կրկին երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը
Հայաստանի կառավարությունն օգոստոսի 12–ի արտահերթ նիստում որոշում է կայացրել կրկին երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։ Այն սահմանվել է մարտի 16–ին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ռեժիմի երկարաձգման անհրաժեշտությունը թելադրված է նրանով, որ կորոնավիրուսից մահացության մակարդակը շարունակում է բարձր մնալ՝ չնայած նոր դեպքերի քանակի նվազմանը։
Այժմ արտակարգ դրության ռեժիմը գործելու է մինչև սեպտեմբերի 11–ը։
Ավելի վաղ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն արդեն խոսել էր այն մասին, որ օգոստոսի 12–ին ռեժիմը երկարաձգվելու է վերջին անգամ, ընդ որում՝ կրկին ինչ–որ սահմանափակումներ են հանվելու։
Բոլոր մանրամասները․ ի՞նչ փոփոխություններ են ներառվելու արտակարգ դրության ռեժիմում, ինչպե՞ս է դրա երկարաձգմանը վերաբերվում ընդդիմությունն, ի՞նչ են գրում սոցցանցերում։
• Բաքվի լողափերը կորոնավիրուսի փուլում բաժանվել են «օրինականների» և ոչ այնքան
ԱԴ ռեժիմի մեղմացում
Խոսքը, մասնավորապես, արտասահմանյան քաղաքացիների Հայաստան մուտք գործելու մասին է։
«Չեղարկվում է երկրի մուտքի արգելքը Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց համար։ Միաժամանակ նախատեսվում է, որ, եթե Հայաստանի տարածք մտնելիս մարդը չի հոսպիտալացվում, ապա վերջինս պետք է 14 օրով ինքնամեկուսացվի։ Սակայն նորարարություն կա, որ 14 օրվա ընթացքում կարելի է համապատասխան թեստ անցնել, և բացասական արդյունքի դեպքում մեկուսացման ռեժիմը չեղարկվում է», — հաղորդել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Բացի այդ, ռեժիմի մեղմացումը վերաբերում է զանգվածային հավաքների անցկացմանը։ Այժմ դրանք թույլատրվում են, սակայն միջոցառումների ժամանակ պետք է պաշտպանիչ դիմակներ կրել և 1.5-2մ սոցիալական հեռավորություն պահպանել։
Ընտանեկան միջոցառումների անցկացումն այժմ թույլատրվում է ավելի մեծ թվով մասնակիցներով, բայց 40 հոգուց ոչ ավելի։
Չեղարկվել են նաև մաքսային սահմաններով ապրանքների արտահանման բոլոր սահմանափակումները։
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպը կայուն կերպով նվազում է։ Մասնավորապես, օգոստոսի 12–ի դրությամբ նախօրեին արված 1 710 թեստից միայն 201–ն է դրական եղել.
«Դա տեղավորվում է վերջին շաբաթների միտումների շրջանակներում։ Ամեն շաբաթ մեզ մոտ 50-100–ով պակաս են լինում կորոնավիրուսով վարակման դեպքերը։ Մենք թվերը նվազեցնելու իրական հնարավորություն ունենք»։
Բարելավվել է իրավիճակը նաև հիվանդանոցներում․ ազատ մահճակալներն ավելի շատ են՝ և սովորական, և վերակենդանացման բաժանմունքներում։ 300 հիվանդների վիճակը գնահատվում է որպես ծանր այն դեպքում, երբ հուլիսի սկզբին կրկնակի ավելին էր։
Վարչապետը ենթադրում է, որ Հայաստանում կորոնավիրուսի խնդրի վերջնական լուծման շանս կա․
«Մեր խնդիրն այժմ իրավիճակը ճիշտ գնահատելն է։ Մենք այսօր անցնելով այս դժոխքի միջով, ունենալով 800 մահ բուն կորոնավիրուսի պատճառով և 234 մահ այլ պատճառով՝ շանս ունենք աշնանը գտնվել բոլորովին ուրիշ վիճակում: Այսինքն, ըստ էության, հաղթահարած վիճակում լինել՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի: Դա կլինի այդպես, եթե մենք ռազմավարությունը ճիշտ շարունակենք իրագործել։ Աշխարհի շատ երկրների իշխանություններն իրենք են խոստովանում․ նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ վարակը հաղթահարված է, սակայն այժմ նոր ալիքն է համակել այդ երկրները»։
Քաղաքացիների կարգապահությունն ու կառավարության գրագետ գործողություններն, ըստ Նիկոլ Փաշինյանի, այնուամենայնիվ, կօգնեն խուսափել Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքից։
Ի՞նչ է ասում ընդդիմությունը
«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ կառավարությունը պետք է հրաժարվի արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով կրկին երկարաձգելու մտադրությունից․
«Հայաստանից ավելի վատ վիճակում գտնվող, կորոնավիրուսի իմաստով, երկրներ կան, որտեղ պաշտոնապես իրավական առումով արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարված չէ, և հետևաբար շատ կարևոր էր, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը չշարունակվի, և սահմանափակումները մենք պահպանեինք այլ իրավակարգավորումներով, ինչն, ըստ էության, չարվեց, և տուժելու են արտագնա աշխատողները, տուժելու են բազմաթիվ ոլորտներ»։
Ինչ են գրում սոցցանցերում
ԱԴ ռեժիմը երկարաձգելու կառավարության որոշումը Ֆեյսբուքի օգտատերերի շրջանում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Խնդրում եմ, լուծեք ավիահաղորդակցության հարցը։ Մարդիկ արդեն մի քանի ամիս է, ինչ չեն կարողանում հանդիպել իրենց հարազատներին և ընտանիքներին»։
«Մի քանի ամիս շարունակ կառավարությունը կոչ է անում այս դիմակները կրել։ Մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ որքան շուտ անցնի այս վարակն, այնքան արագ մենք նորմալ կյանքի կվերադառնանք։ Մի՞թե այդքան դժվար է կրել այդ դիմակները»։
«Թող գոնե բաց տարածքներում դիմակ կրելու արգելքը հանեն։ Ամառ է։ Հնարավոր չէ շնչել»։
«Արդեն մի քանի ամիս է՝ մարդիկ առանց գումարի նստած են։ Որքա՞ն կարելի է։ Հազարավոր մարդիկ ամեն տարի այլ երկրներ են մեկնում հացի փող աշխատելու և այժմ զրկված են այդ հնարավորությունից։ Զզվեցրել են իրենց ռեժիմներով»։