Երկար սպասված երեխա՝ ուրիշի համար։ Փոխնակ մայրությունը Հայաստանում
Փոխնակ մայրությունը Հայաստանում
Նելլին և Ռաֆայելը
«Երբ մեր հարսանիքի ժամանակ կենաց էին խմում ու ասում` յոթ որդով սեղան նստեք, չէի էլ կարող պատկերացնել, որ մի քանի տարի անց կատեմ այդ խոսքը կամ կսկսեմ ընկալել դա ոչ թե որպես մաղթանք, այլ` նախատինք»:
Նելլին և Ռաֆայելն ամուսնացել են 2007 թվականին: Ռաֆայելի ծնողների երջանկությունն անսահման էր՝ կարծում էին, որ հիմք դրվեց նոր, մեծ ընտանիքի: Բայց մեծ ընտանիքին բոլորը սպասեցին գրեթե 10 տարի։
«Առաջին 2 տարին չէինք անհանգստանում, որովհետև երիտասարդ էինք և մտածում էինք, որ ամեն ինչ առջևում է: Իհարկե, ճնշումը մեծ էր. բոլորը պատեհ-անպատեհ առիթով հարցնում էին․ «նորություն չունե՞ք»: Ես սկսել էի ինձ մեղավոր զգալ, որ մարդկանց պատասխանելու ոչինչ չունեմ»,— պատմում է Նելլին:
• Սկանդալային պատմություն. կինը պնդում է, որ իր երեխային վաճառել են, և պահանջում է վերադարձնել
• Հաշմանդամություն ունեցող երեխաների մասին՝ սեփական և որդերգրված
• Քո ուրիշի մայրը. ինչու է Ուկրաինան դարձել փոխնակ մայրության կենտրոն
Երկու տարի հետո ամուսինները դիմեցին բժշիկներին: Պարզվեց` երկուսն էլ խնդիր չունեն: Բժիշկներն ուղղակի խորհուրդ տվեցին սպասել: Սպասումը տևեց ևս 7 տարի: Զույգը, որը նախկինում օրինակ էր ընկերների համար, բաժանության եզրին էր: Անընդհատ դարձած լարվածությունն ընտանիքում և, հատկապես, ծնողների հորդորները` բաժանվել, նոր կյանք սկսել, արդեն անտանելի էին դառնում.
«Մենք երբեք չենք դադարել սիրել իրար: Մենք անգամ պատրաստ էինք միմյանց հետ ապրել` առանց երեխայի, բայց ծնողները դեմ էին: Ասում էին` եթե իրար հետ երեխաներ չեն ստացվում, բաժանվեք, կամուսնանանք նորից, երկուսդ էլ երեխաներ կունենաք: Դա աննկարագրելի ծանր է, երբ կյանքիդ ամեն օրը պայքար է դառնում ոչ միայն երեխայի համար, այլև ընտանիքիդ պահպանման»,— պատմում է Նելլին:
Համատեղ կյանքի 9 տարիների ընթացքում զույգը երեք անգամ դիմել է արհեստական բեղմնավորման: Երեքն էլ ապարդյուն: Հայաստանում արտամարմնական բեղմնավորումն արժե 1.2 մլն-1.6 մլն դրամ: Ամեն չստացված գործողությունից հետո զույգը սկսում էր հաջորդի համար գումար կուտակել: Ռաֆայելն աշխատում էր երկու տեղ, իսկ գիշերները տաքսի էր վարում: Երրորդ փորձից հետո զույգը որոշեց այլևս չփորձել:
ՄԱԿ-ի հետազոտության համաձայն, Հայաստանում զույգերի անպտղության միջին ցուցանիշը 2010 թ.-ին կազմել է 16. 8%, 2014 թ.-ին՝ 14.9 %: 2017-ին այս թիվը կրկին աճել է մինչև 16. 8%։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր 6-րդ ամուսնական զույգի մոտ անպտղության խնդիր կա:
Նելլին և Ռաֆայելը որոշեցին երեխա որդեգրել, բայց ծնողները նորից դեմ էին. նրանց իրենց թոռներն էին պետք: 2016 թ.-ին Ռաֆայելը ռադիոյով լսեց փոխնակ մայրության մասին կլինիկաներից մեկի գովազդը: Հաջորդ օրն իսկ գնաց կլինիկա` պարզելու բոլոր մանրամասները:
Փոխնակ մայրության ինստիտուտը Հայաստանում կարգավորվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով, որն ընդունվել է 2002 թ.-ին: Մինչև 2012 թ.-ը օրենքը սահմանում էր, որ փոխնակ մայրը կարող է միաժամանակ նաև ձվաբջջի դոնոր դառնալ:
2012 թ.-ին օրենքի փոփոխությունների արդյունքում այս հնարավորությունը բացառվեց` հնարավոր օրենսդրական բացերից կամ` փոխնակ մոր կողմից երեխայի նկատմամբ պահանջներից խուսափելու համար: Նույն օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է, որ փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն երեխային սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից:
Կլինիկայում Ռաֆայելին ասացին, որ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է 13-25 հազար ԱՄՆ դոլար: Այս արժեքի մեջ ներառվում է ամեն ինչ` սկսած իրավաբանական ծառայություններից, մինչև` փոխնակ մոր վճարը: Արժեքը անհամեմատ ավելի քիչ է լինում, եթե փոխնակ մայր գտնում է զույգը: Սակայն այս դեպքում էլ նա պետք է համապատասխանի բժշկական բոլոր ցուցումներին` լինի մինչև 35 տարեկան, ունենա հղիություն և ծննդաբերություն, չունենա լուրջ հիվանդություններ: Նույն կինը փոխնակ մայր կարող է լինել առավելագույնը երկու անգամ:
Երկու տարի գումար կուտակելուց և մեքենան վաճառելուց հետո` Նելլին և Ռաֆայելը վերադարձան կլինիկա` իրենց երազանքի հետևից: Նրանց առաջարկվեց փոխնակ մոր 2 թեկնածություն: Երկու կանանց հանդիպելուց հետո ամուսիններն ընտրեցին Աննային։
Աննան
«Հինգ տարի առաջ ամուսինս բիզնես ուներ, որը չաշխատեց: Ֆինանսական կորուստները լրացնելու ու պարտքերը մարելու պատրվակով գնաց Եվրոպա` աշխատելու: Առաջին 4-5 ամիսը զանգահարում էր, բողոքում էր, որ գումար չի կարողանում աշխատել: Հետո ասաց, որ իր կացությունը օրինականացնելու համար պետք է ֆիկտիվ զագսավորվի ինչ-որ կնոջ հետ: Ես դեմ էի դրան, բայց, ինչ արած, բաժանվեցինք: Փաստաթղթերն ուղարկելուց հետո նա սկսեց ավելի հազվադեպ զանգահարել, հետո` ընդհանրապես դադարեց»,— պատմում է Աննան:
Որդին 5 տարեկան էր, երբ Աննան հասկացավ, որ ամուսնուն սպասելն անիմաստ է: Կուտակված պարտքերը վերադարձնել էր պետք, իսկ որդուն՝ պահել: Աննայի ծանոթներից մեկը նրան խորհուրդ տվեց մտածել փոխնակ մայրության մասին: Ինքն արդեն երկու անգամ փոխնակ մայր եղել էր.
«Ես հասկանում էի, որ հեշտ չի լինելու, բայց ծանոթս հույս էր տալիս, որ 9 ամիսն այնքան արագ կանցնի, որ չեմ էլ նկատի: Երբ հանդիպեցի Նելլին ու Ռաֆայելին, շատ էի ազդվել: Միանգամից զգացվում էր, որ լավ մարդիկ են, յուրաքանչյուր երեխա կերազի նման ծնողների մասին: Նրանց հետ ծանոթությունը ինձ մի քիչ ոգևորեց, մտածում էի՝ կօգնեմ լավ մարդկանց»,— ասում է Աննան:
Երբ բեղմնավորման գործընթացն արդեն ավարտված էր, բժիշկները հայտնեցին, որ կենսունակ են երկու սաղմ: Նելլին և Ռաֆայելը ընտրություն չկատարեցին, խնդրեցին Աննային համաձայնել երկու սաղմերի տեղադրմանը, չնայած, որ դա ազդելու էր ընդհանուր արժեքի վրա: Արդյունքում Աննան հղիացավ զույգով։
«Հղիության ընթացքում Նելլին և Ռաֆայելը շատ ուշադիր էին: Անկախ նրանից, որ ամեն ամիս ստանում էի 200.000 դրամ և որևէ բանի կարիք չունեի, հաճախ էր պատահում, որ այցելում էին մեզ, ուտելու ինչ-որ բան բերում կամ նվերներ՝ որդուս: Մի անգամ Նելլին ասաց՝ ամբողջ օրը սիրտս ելակ էր ուզում, մտածեցի՝ դու էլ կուզես, դրա համար ելակ եմ գնել քեզ համար»,— պատմում է Աննան:
Երեխաների ծնվելուց հետո Աննան չցանկացավ տեսնել նրանց, միայն իմացավ՝ երկուսն էլ աղջիկ են: Ծնարանի դռան մոտ իրենց դուստրերին արդեն սպասում էին անհամբեր ծնողները:
«Չնայած, որ չեմ փոշմանել արարքիս համար, բայց ինձ համար անտանելի ծանր էր նրանցից բաժանվելը: Հասկանում էի, որ եթե գոնե մի վայրկյան տեսնեմ նրանց, կրկնակի ծանր է լինելու: Հիմա երեխաները 1.5 տարեկան են: Ես նրանց հետևում եմ Նելլիի ֆեյսբուքյան էջից: Շատ սիրունիկ են:
Վստահ եմ՝ շատ երջանիկ մարդիկ են մեծանալու: Ուրախ եմ նաև Նելլիենց համար, բայց, միևնույնն է, հաճախ եմ երազիումս ծննդաբերությունս տեսնում: Աղջիկների մկրտության օրը Նելլին զանգահարեց, հրավիրեց ինձ, բայց ես մերժեցի, որովհետև հասկանում եմ, որ այդպես ճիշտ է բոլորի համար»,— ասում է Աննան:
Ըստ օրենքի՝ երեխան ծնողներին հանձնվում է և նրա ծնունդը պաշտոնապես գրանցվում է միայն ԴՆԹ թեստի անցկացումից հետո, որին ենթարկվում են փոխնակ մայրը, նորածին երեխան, կենսաբանական ծնողը կամ ծնողները։
Չնայած, որ փոխնակ մայրության մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն՝ Նելլին և Ռաֆայելը որևէ մեկից իրենց որոշումը գաղտնի չեն պահել: Երբ դուստրերը մեծանան, գուցե, նրանց էլ պատմեն իրականությունը: Նելլին չի մտահոգվում այն մասին, որ 9 ամիս ինքը չի կրել երեխաներին: Ասում է՝ այնքան երկար է սպասել երեխաներին և այնքան հաճախ է այցելել Աննային, որ թվում է՝ ինքն էլ զուգահեռ հղիություն է տարել:
Աննային ծննդաբերությունից հետո, պայմանագրի համաձայն, փոխանցվել է 13 հազար ԱՄՆ դոլար: Ամուսնու կուտակած պարտքերը մարելուց հետո մնացած գումարով մատնահարդարում է սովորել, գնել անհրաժեշտ բոլոր պարագաները: Այսօր կարողանում է հոգալ իր և որդու բոլոր կարիքները, բայց խոստովանում է՝ երկրորդ անգամ այս քայլին չի գնա:
This project is funded through the Democracy Commission Small Grants Program, U.S. Embassy Tbilisi. The contents of this publication are those of the Author(s) and do not necessarily represent the views of the Department of State.