Երբ վտանգավոր է շնչել
Վերջին մի քան օրերին Ֆեյսբուքի վրացական սեգմենտում գրառումների մեծ մասը նվիրված է Էներգիայի միջազգային գործակալության հետազոտությանը:
Այդ հետազոտության՝ անհանգստություն առաջացնող տվյալների համաձայն, Վրաստանն աշխարում առաջին տեղն է զբաղեցնում օդի աղտոտման պատճառով առաջացած հիվանդություններից մահացության ցուցանիշով (յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվարկով):
Հետազոտության մեթոդաբանությունն ու փաստաթղթում առկա եզրակացությունները, հնարավոր է, անվիճելի չեն (ի դեպ, այդ մասին շատ գրառումներ կան Ֆեյսբուքում, օրինակ՝ «Երբեք չեմ հավատա, որ Վրաստանում օդն ավելի կեղտոտ է, քան Հնդկաստանում):
Սակայն հավատում ենք մենք հրապարակված վարկանիշին, թե՝ ոչ, նշանակություն չունի: Գլխավորն այն է, որ գրեթե բոլորը համաձայն են, որ Վրաստանում օդի աղտոտումը շատ լուրջ խնդիր է և մեծ հրամայական, որին իշխանությունները պետք է լուծում տան:
Ստեղծված իրավիճակին նման կերպ է վերաբերվում ավելի ու ավելի շատ մարդ: Օրինակ, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի կողմից 2015թ-ի օգոստոսին անցկացված հասարակական կարծիքի հետազոտման արդյունքների համաձայն, որպես ամենագլխավոր պրոբլեմատիկ խնդիր հարցվածները նշել են քաղաքում/գյուղում շրջակա միջավայրի աղտոտումը (Թբիլիսիում այս խնդիրն անհերքելիորեն առաջին տեղն է զբաղեցրել):
Փաստ է, որ այս խնդիրը մարդկանց համար դուրս է եկել սովորական անհարմարավետության շրջանակից, և դա հաստատում են Հիվանդությունների և հասարակական առողջության ազգային կենտրոնի տվյալները, համաձայն որոնց, 2000-2012թթ-ին Վրաստանում մոտ 3.5 անգամ աճել է շնչառական համակարգի հիվանդությունների հաճախականությունը:
Նույն կենտրոնի տվյալների համաձայն, Վրաստանում օդի աղտոտման հիմնական պատճառն ավտոտրանսպորտն է:
Ի՞նչ կարող են անել իշխանություններն իրավիճակի բարելավման համար:
Մասնագետները համաձայն են, որ քաղաքական գործիչների գլխավոր թիրախը պետք է ավտոմեքենաները դառնան: Այստեղ պետք է երկու խնդիր առանձնացնել, որոնք չլուծելու պարագայում իրավիճակի առողջացման մասին խոսակցությունները դատարկ կլինեն.
- Յուրաքանչյուր ավտոմեքենա պետք է ավելի քիչ աղտոտի օդը:
- Ավտոմեքենաների քանակը պետք է կրճատել (կամ գոնե սահմանափակել մեքենաների այսօր նկատվող արագ աճը):
- Եթե խնդիրը դիտարկենք մեքենաների կողմից օդի աղտոտումը կրճատելու հարթությունում, ապա անհրաժեշտ է հետևյալ միջոցները ձեռնարկել:
Ավտոմեքենաների տեխնիկական վիճակի վերահսկողություն
Այսօր Վրաստանում մեքենաները ոչ ոք չի ստուգում: Սակայն շրջակա միջավայրի աղտոտման կրճատման տեսանկյունից ավտոմեքենաների տեխնիկական վերահսկողությունը շատ կարևոր է:
Մեքենաների տեխզննման ներմուծման մասին Վրաստանում վաղուց են խոսում, սակայն իրականացումը մի քանի անգամ հետաձգվել է: Պատճառը մի կողմից ծանր սոցիալական իրավիճակն է (տեխզննումը վարորդների համար լրացուցիչ ֆինանսական խնդիրներ կառաջացնի), մյուս կողմից, կառավարության անպատրաստ լինելն է՝ տեխզննման համակարգ պարզապես գոյություն չունի:
Ավտոմեքենաների տեխնիկական ստանդարտներ ներմուծել մի հասարակությունում, որը վաղուց սովոր չէ դրան, շատ դժվար կլինի: Սակայն իրավիճակը միայն վատթարանալու է, եթե այդ խնդրի լուծումը չփորձել գտնել հիմա: Որպես փոխզիջում կարելի է ստանդարտների փուլային ներմուծում անել՝ դրանց հետագա խստացմամբ, ինչը շատ ավելի լավ է ներկայիս անգործությունից, որը տարիներ է տևում:
Վառելիքի որակի վերահսկողություն
Ավտոմեքենաների կողմից օդի աղտոտման հարցը մեծապես կախված է օգտագործվող վարելիքի որակից, դրանում առկա տարբեր նյութերից (օրինակ, սնդիկ, բենզոլ, կապար): Այս առումով Վրաստանի կառավարությունը վերջին տարիներին մի քանի կարևոր քայլեր է ձեռնարկել՝ օրենսդրորեն խստացնելով ներկրվող վառելիքային նյութերի որակի հանդեպ պահանջները: Սակայն այդ պահանջների կատարման հետ կապված բազմաթիվ հարցեր են մնում: Արդյո՞ք վառելիք ներմուծող ընկերություններն իրականում հետևում են այդ պահանջներին:
Ավտոմեքենաների ներմուծման և շահագործման սահմանափակումներ
Ավտոմեքենաներն օդն աղտոտում են ոչ հավասար կերպով: Օրինակ, հին կամ դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաների արտանետումներն ավելի մեծ վտանգ են ներկայացնում: Հետևաբար, պետք է սահմանափակել նման մեքենաների ներմուծումը կամ սահմանափակել դրանց երթևեկությունը քաղաքի որոշ շրջաններում (որպես կանոն, քաղաքի կենտրոնում կամ առավել ծանրաբեռնված հատվածներում): Եվրոպական քաղաքներում նման փորձ կա:
Հասարակական տրանսպորտի բարելավում
Որքան էլ մենք անհանգստանանք առանձին ավտոմեքենաների արտանետումների կրճատման հարցով, պետք է հիշել, որ օդն աղտոտում է ցանկացած ավտոմեքենա: Այդ պատճառով էլ իշխանությունները պետք է ընհանուր առմամբ մեքենաների կողմից շրջակա միջավայրի աղտոտումը կրճատելու նպատակ հետապնդի: Դրա համար պետք է խթանել տեղաշաժվելու այլնտրանքային միջոցների օգտագործումը, և առաջին հերթին հասարակական տրոնսպորտի ոլորտը կարգի բերել:
Հասարակական տրանսպորտի պարկի վիճակն այնպիսին է, որ հնարավորություն ունեցող մարդիկ նախընտրում են մեքենա վարել և խուսափում են ավտոբուսներից ու մետրոյից: Որպես արդյունք, քաղաքը տարեցտարի մեքենաներով ավելի ու ավելի է ծանրաբեռնվում, իսկ սոցցանցերը լիքն են հասարակական տրանսպորտից դժգոհություն արտահայտող գրառումներով: Դա այն բանի արդյունք է, որ իշխանությունները տասնամյակներ շարունակ անուշադրության են մատնել հասարակական տրանսպորտի ոլորտը և անհրաժեշտ ներդրումներ չեն կատարել:
Հետիոտնին խրախուսել
Քայլելը բնապահպանության տեսանկյունից տեղաշարժվելու ամենամաքուր տեսակն է: Քաղաքում քայլելու հարմարավետությունն ուղղակիորեն կապված է հասարակական տրանսպորտի տարածվածությունից: Եթե պարզ խոսենք, ապա ավտոբուսներից մարդիկ օգտվում են ծայրահեղ դեպքում, եթե որոշակի տեղ ոտքով հասնելը դժվար է կամ անհնար: Որպեսզի մարդիկ ավելի շատ ոտքով քայլեն և հաճույք ստանան, հարմարավետություն, երթուղիների անվտանգություն և գրավչություն է անհրաժեշտ: Դա ուրբանիզմի կարևոր խնդիր է, որից իշախնությունները դեռևս գլուխ չեն հանում:
Բուսականության խնամք
Ծառերն ի վիճակի չեն ամբողջությամբ չեզոքացնել մթնոլորտի վրա ավտոմեքենաների վնասակար ազդեցությունը, այդ պատճառով էլ քաղաքի կանաչապատումը չի կարելի դիտարկել որպես աղտոտման վերոնշյալ միջոցների այլընտրանք: Չնայած, քանի որ ծառերն այնուամենայնիվ մասամբ մաքրում են օդը մեքենաների արտանետումներից, քաղաքի կանաչ տարածքների պահպանումը պետք է առողջ էկոլոգիայի ստեղծման համալիր քաղաքականության տարրերից լինի:
Պետք է հիշել.
• Օդի մաքրման առումով ամենամեծ օգուտն առաջին հերթին մեծ ծառերն են տալիս: Այդ պատճառով էլ քաղաքի կանաչապատման քաղաքականության ամենագլխավոր խնդիրը պետք է տասնամյակներ առաջ տնկված ծառերի խնամքը լինի (քանի որ այսօր տնկած ծառերը լավ արդյունք կտան միայն մի քանի տասնամյակ անց):
• Քաղաքի կանաչապատման հարցում նախընտրությունը պետք է տալ խիտ բնակեցված թաղամասերին, որտեղ շատ մարդ է ապրում և, հետևաբար, ավելի շատ մեքենաներ կան: Իհարկե, պետք է ուրախանալ ցանկացած տարածքի կանաչապատման համար, սակայն պետք է հիշել, որ քաղաքից դուրս տնկված ծառը չի կարող չեզոքացնել մեքենաների արտանետումների լոկալ բացասական ազդեցությունը, օրինակ Աղմաշենեբելիի պողոտայում: Մեր ֆինանասական միջոցները սահմանափակ են, այդ պատճառով էլ դրանք պետք է առաջին հերթին ծախսել այնտեղ, որտեղ դա առավել անհրաժեշտ է:
Հրապարակվել է 22.03.2016