Երբ ոտքի կոտրվածքը մահ է նշանակում
Ադրբեջանում միջին կենսաթոշակով ապրելն անհնար է: Հատկապես մանաթի արժեզրկումից հետո: Եթե երեխաները ձեզ չեն պահում, ծերությունում ձեզ երկաթյա առողջություն է պետք, քանի որ դեղորայքի փող ձեզ չի մնա:
Մզկիթի ետևի փակուղին
Թեզե Փիր մզկիթից (Բաքվի կենտրոնում է) ճանապարհն ավերակների կողքով տանում է դեպի նեղ փակուղիները: Թվում է, թե այստեղ ոչինչ չի փոխվել նախանցյալ դարից. կիսաքանդ տներ, որոնք կարծես նախատեսված են իրենց դարն ապրող ծերերի համար: Տեղ-տեղ ժամանակակից պլաստիկե պատուհաններ են երևում, պարաններին մանկական շորեր են չորանում. սյստեղ երիտասարդ ընտանիքներ էլ են ապրում: Բնակարանները վաճառել կամ վերանորոգել ոչ ոք չի պատրաստվում, քանի որ բոլորը ցանկացած պահի սպասում են ապամոնտաժման:
78-ամյա Թամարա Մամեդովայի տունն առաջինն է փակուղում: Նախկինում, պատմում է նա, երբ ամռանը մուտքի դուռը բաց էր, բոլոր կողքով անցնողները բարևում էին, հարցնում, թե ինչպես է կյանքը, հարևանները հաճախ էին օրվա ընթացքում այցելում: Նրանք փաղաքշանքով «մորաքույր Թամարա» էին նրան անվանում: Սակայն ժամանակը գնում է, հին ընկերուհիներն արդեն մահացել են, երիտասարդներն իրենց ընտանիքներն են կազմել, իրենց հոգսերն ունեն, երեկվա աղջնակներն արդեն մտածում են իրենց աղջիկների օժիտի մասին, ծեր հարևանուհու մասին մտածելու ժամանակ չունեն:
Մաշված մուտքի դուռը տանում է դեպի փոքր բակ, այդտեղից էլ՝ երեք սենյակ ունեցող բնակարան՝ բավականին ընդարձակ խոհանոց, պատուհանների բացակայության պատճառով մութ ննջարան և հեռուստացույցով ու բազմոցով ճաշասենյակ: «Մի մտածիր, թե տունը փոքր է: Ժամանակին մեր տանը գրեթե տաս հոգի կարող էր գիշերել», — հպարտությամբ ասում է տիկին Թամարան:
Յուղալի բոզբաշի հետ (ոչխարի մսով, կարտոֆիլով և ոլոռով ապուր) տնական թթու սեղանին դնելով՝ ասում է. «Առանց մսի կյանք չունեմ: Հատկապես, որ շաքարս բարձր է, եթե ժամանակին հաց չուտեմ, կվատանամ: Իսկ առանց մսի չեմ կշտանում: Դա մանկուց է գալիս, մենք թեև աղքատ ենք ապրել, բայց սեղանին միշտ միս է եղել»:
Տիկին Թամարան վաղ է սկսել աշխատել՝ 14 տարեկանից: «Բաքու ենք եկել Աղդաշից 52 թվականին: Հայրս այդպես էլ չսովորեց քաղաքային կյանքին, մի տարի անց մահացավ: Ես 14 տարեկան էի, եղբայրս՝ 12: Սակայն եղբայրս լավ էր սովորում, իսկ ես՝ ոչ այդքան: Այդ պատճառով էլ սկսեցի աշխատել, որ ինչ-որ ձևով օգնեմ ընտանիքիս»:
Աղջիկն ընդունվել է կարի ֆաբրիկա, որտեղ էլ աշխատել է 42 տարի: Աշխույժ և ակտիվ լինելով՝ նա կարողացել է գլուխ հանել: «Ինձ մեր շրջանից պատգամավոր էին առաջադրել լավ աշխատանքի համար», — ասում է նա: Թոշակի անցնելիս նույնիսկ «Աշխատանքի վետերան» շքանշան է ստացել:
«Չեմ էլ հիշում, թե որքան էր կենսաթոշակս սկզբից: Այդ անպետքի մեկը՝ իմ ղեկավարը, ինքը նախաձեռնեց աշխատանքից ազատվելու իմ հրամանը, իսկ ես անկիրթ եմ, գլուխ չեմ հանում: Ինքս պետք է գնայի հաշվապահություն, որպեսզի ստաժս նշեին, իսկ ես 42 տարվա ստաժ ունեմ և պետք է լավ կենսաթոշակ ստանայի: Լավ է՝ գոնե ամուսինս էր լավ վաստակում: Իսկ հիմա մտածում եմ գնալ և պարզել, միգուցե թոշակս ավելացնե՞ն»:
Հավանաբար բանն այն է, որ կենսաթոշակը ձևակերպելիս աշխատավարձը սխալ են նշել, այդ պատճառով էլ գումարն ավելի քիչ է, քան պետք է լիներ: Արդյունքում տիկին Թամարան 202 մանաթ (120 դոլար) կենսաթոշակ է ստանում՝ հաշվի առնելով տան վաստակողի կորուստը:
Թամարան միջին հասակում է ամուսնացել ուսուցչի և Հայրենական Մեծ պատերազմի վետերանի հետ: Նա մահացել է 2003թ-ին: «Նա ինձ ասում էր. «Դարդ մի՛ արա, սիրելի՛ս, իմ մահվանից հետո էլ օգուտ կունենաս»», — պատմում է տիկին Թամարան:
Տարին մեկ անգամ՝ Հաղթանակի օրը, նրան հավելավճար է հասնում որպես պատերազմի վետերանի այրու: Երբեմն 200 մանաթ են տալիս, երբեմն՝ 300, այս տարի նույնիսկ 500 է ստացել (300 դոլար): Սակայն նա չի շտապում ծախսել այդ գումարը, պահում է «սև օրվա», անսպասելի ծախսերի համար. «Վերջերս ստիպված էի ծորակը փոխել, 8 մանաթ (5 դոլար) ծախսեցի»:
Տիկին Թամարայի բյուջեն
Հարցին, թե ինչպես է թոշակով ապրում, նա պատասխանում է. «Ոչինչ, մի կերպ ապրում եմ»: Ամիսը մի քանի անգամ բարեկամներն են օգնում, մթերք, միս են բերում: Էլեկտրական տաքացուցիչը չի միացնում, խնայում է, բնակարանը գազով է տաքացնում: Էլեկտրականությունը «խնայում է» ուժեղ ցրտերի համար. հին տներում ջեռուցման համակարգ չկա:
«Ձմռանը գոնե կարելի է տաք հագնվել, իսկ ամռանը ստիպված էի օդորակիչ միացնել, մի ամբողջ 20 մանաթ (12 դոլար) գրել էր», — վրդովվում է տիկին Թամարան:
Վերջին տարիներին տեսողությունը, լսողությունը վատացել է, ոտքերն սկսել են ցավել և ուռել, այդ պատճառով էլ նա ոչ մի տեղ դուրս չի գալիս, տանն է լինում: Մթերքը գնում է փոկուղու մուտքի մոտ գտնվող ավտոտնակ-խանութում, լավ է, որ գները նորմալ են. «Նախկինում շուկա էի գնում, ամեն ինչ էժան գնում էի, իսկ հիմա երկու քայլ անգամ չեմ կարող անել»: Հագուստի վրա առանձնապես փող չի ծախսում, եղածն է հագնում, բացի այդ, «ո՞ւր եմ գնում որ»:
Ադրբեջանում կենսաթոշակային տարիքը 63 տարեկան է տղամարդկանց և 60 տարեկան՝ կանանց համար: Դա ամրագրվել է 2010թ-ին: Դրանից առաջ այն կազմել է համապատասխանաբար 62 և 57 տարեկան: Բուժօգնության ոչ մի արտոնություն նրանց չի հասնում:
Պաշտոնապես բուժօգնությունն Ադրբեջանում անվճար է, սակայն ցանկացած պետական պոլիկլինիկայում միևնույն է «վճարման ոչ պաշտոնական համակարգ» կա. բժիշկը, որն իրոք իր ծառայությունների համար գումար չի պահանջում, որպես կանոն բացառություն է:
Տիկին Թամարայի ծախսերի լուրջ հոդվածը «Դիաբետոնի» ամենամսյա գնումն է, որն անհրաժեշտ է երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների համար:
Օրն անցկացնում է հեռուստացույց նայելով. նախկինում թուրքական ալիքներ էլ կային, որոնցով սերիալներ ու խոհարարական հաղորդումներ էր նայում, այժմ անալոգային հեռուստատեսության անջատման հետևանքով միայն տեղականներն են: Կարելի էր մալուխային անցկացնել, սակայն այդ դեպքում ամեն ամիս ստիպված կլիներ 10 մանաթ (6 դոլար) վճարել:
Ուժեղ անձրևների ժամանակ տանիքից սկսել է կաթել: «Այն այնպես է փտել, որ բարձրանալ-նայելն է վտանգավոր, կարող է փլվել, — ասում է տիկին Թամարան: — Այսպես էլ ողջ գիշեր թասերով վազվզում եմ, լացում եմ ու վազվզում: Անընդհատ սպասում եմ, թե երբ են այս խրճիթը քանդելու»:
Խաբեբաները
Էմիլիա Ռագիմովան 72 տարեկան է, մանկական պոլիկլինիկայում 40 տարի բաժնի վարիչ է աշխատել: 2011թ-ի հրամանի համաձայն, 65 տարեկանից բարձր բյուջետային աշխատակիցներին ստիպողաբար թոշակի ուղարկեցին: Տիկին Էմիլիան այն ժամանակ 67 տարեկան էր, այնպես որ ստիպված էր հեռանալ:
«Այն ժամանակ թոշակս 165 մանաթ (98 դոլար) էր ստացվում: Չնայած որ ինձ մի քանի անգամ զգուշացրել էին, որ հնարավոր է ավելի շատ դարձնել այն՝ վճարելով համապատասխան անձանց: Իմ որոշ ծանոթներ այդպես էլ արեցին: Այժմ 220 մանաթ (130 դոլար) եմ ստանում:
220 մանաթը ոչ միայն քիչ է, դա վիրավորական է մի մարդու համար, որը 40 տարի որպես բժիշկ է աշխատել: Ընդ որում, դատախազների կենսաթոշակն, օրինակ, մի քանի անգամ ավելի շատ է, որովհետև նրանք իբր «պետական ծառայող» են:
Կենսաթոշակի հաշվարկի համակարգն Ադրբեջանում մի քանի անգամ փոխվել է, այդ պատճառով էլ դժվար է ինչ-որ տրամաբանություն տեսնել նրանում, թե ով որքան կենսաթոշակ է ստանում: Կենսաթոշակները (դրանց բազային հատվածը) նույնպես մի քանի անգամ բարձրացրել են, բայց երբեք դա զգալի չի եղել, ծերերի մեծ մասի համար դա ընդամենը մի քանի մանաթ հավելավճար է եղել:
Գումարի վրա ազդում է այն, թե մարդը երբ է թոշակի անցնում. 2006թ-ին համակարգը հերթական անգամ փոփոխեցին, և կենսաթոշակային ֆոնդերի գումարները սկսեցին փոխանցվել «քարտերին», այսինքն՝ յուրաքանչյուր պաշտոնապես ձևակերպված աշխատակցի հատուկ հաշվեհամարին. դա այսպես կոչված կուտակային համակարգն է: Թոշակի անցնելիս հաշվին հավաքված գումարը բաժանվում է 144-ի (համարվում է որ դա թոշակառուի միջին ժամկետն է) և ավելացվում է բազային մասին:
Նրանց գումարն, ովքեր թոշակի են անցել մինչև 2006թ-ը, նույնն է մնացել, որը հաշվարկված է հին մեթոդով: Ինչ-որ մի փուլում կենսաթոշակի համար հիմք էր ծառայում վերջին 2 աշխատանքային տարվա աշխատավարձը: Իսկ դրանից առաջ հետևյալ սխեման էր գործում. «բազա, գումարած ստաժ, բազմապատկած որոշակի ցուցիչով»:
Գյուլնարա Էֆենդիևա, հաշվապահ. «Ես կենսաթոշկային ֆոնդում հարցրել եմ, թե ինչպես են կենսաթոշակը հաշվարկում: Ինձ պատասխանեցին. «Դա բարդ է, չես հասկանա, այնտեղ տարբեր ցուցիչներ կան»:
Հաշվարկային համակարգի այդ ոչ ակնհայտությունը հատկապես անկախության առաջին տարիներին կենսաթոշակային ֆոնդի աշխատակիցներին թույլ էր տալիս մարդկանց առաջարկել ինչ-որ գումար ավելացնել թոշակին կաշառքի դիմաց: Տանտիրուհուց, որին օրենքով նվազագույն կենսաթոշակ է հասնում, կարելի էր լսել. «Հետո ինչ, որ դու 40 տարի աշխատել ես, 50 դոլար տամ, ինձ էլ այդքան թոշակ կնշանակեն»:
Չնայած, տիկին Գյուլնարայի խոսքով, կաշառք վերցնողները հավանաբար պարզապես ձևացնում էին, թե ինչ-որ ապօրինի բան են անում՝ օգտվելով նրանից, որ մարդիկ չգիտեին, թե որքան թոշակ է իրենց հասնում իրականում:
Այժմ սոցապահովագրության պետական ֆոնդի կայքում «կենսաթոշակային հաշվիչ» կա, և բոլոր նրանց համար, ովքեր թոշակի են անցնում հիմա՝ 2006թ-ից հետո, դա մեծ օգնություն է: Նրանց թոշակներն էլ ավելի բարձր են շնորհիվ այս նոր համակարգի:
Հաշվիչը հաշվի չի առնում կոչումների, պարգևների և այլնի համար հատկացվող հավելավճարները, այստեղ կարելի է նվազագույն կենսաթոշակը հաշվարկել:
Փրկվեք ինքներդ
Սևդա Էֆենդիևան օֆիս-մենեջեր է աշխատում գովազդային գործակալությունում: Փաստացի նա արդեն 9 տարի աշխատում է, սակայն պաշտոնապես ոչ մի տեղ ձևակերպված չէ. փոքր բիզնեսի տերերը հաճախ ի վիճակի չեն եկամտահարկ ու սոցիալական հարկեր մուծել: Դա բերում է նրան, որ մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցներն ընդհանրապես չեն կարող ծերությունում հույսը դնել պետական աջակցության վրա:
«Տանն ինձ պարզապես պատրաստ են սպանել, որ պաշտոնական ստաժ չունեմ: Իսկ ես մտածում եմ, որ միևնույնն է ինձ երեխաներս են պահելու, ո՞ւմ է պետք այդ 200 մանաթ (120 դոլար) թոշակը: Ավելի լավ է՝ շատ երեխա ունենամ: Կամ էլ ինքս ինձ համար հաշվեհամար բացեմ և լավ կլինի՝ արտասահմանյան բանկում, և ինքս հոգամ իմ ծերությունը»:
Սևդան ասում է, որ թոշակի այդ հույսերը ԽՍՀՄ-ից են գալիս. «Մեր ժողովուրդը սովոր է պետությունից ձրի բան սպասել, և արդյունքում 50 տարի իրենց կործանում են ինչ-որ գրոշների համար: Նախկինում պարզապես այլ տարբերակ չի եղել, իսկ հիմա կա»:
Թվերը
Ըստ պաշտոնական տվյալների՝ միջին կենսաթոշակն Ադրբեջանում կազմում է 177 մանաթ (105 դոլար):
Նվազագույն կենսաթոշակը, որը չաշխատղների նույն կենսաթոշակն է, կազմում է 110 մանաթ (65 դոլար):
Վերին սահմանը՝ այսպես կոչված «նախագահական կենսաթոշակը», որը ստանում են Ադրբեջանի ազգային հերոսները, 1300 մանաթ (770 դոլար) է, այն վերջերս են բարձրացրել (նախկինում 1000 էր):
30-ամյա ստաժով երկրաբանը, որոնցից 14-ը՝ ծանր պայմաններում, 300 մանաթ (178 դոլար) է ստանում:
Բուհի ամբիոնի վարիչը, որի ստաժը 32 տարի է, ստանում է 470 մանաթ (280 դոլար):
Գորգագործական արտադրամասի աշխատակիցը 37 տարվա ստաժով ստանում է 155 մանաթ (90 դոլար):
Քիմիկոսը, կրտսեր գիտաշխատողը, որն ունի 30 տարվա ստաժ՝ 340 մանաթ (200 դոլար):
Ապրուստի համար անհրաժեշտ մինիմումն Ադրբեջանում 2016թ-ին կազմում է 136 մանաթ (80 դոլար): Մանաթի փոխարժեքի անկումը «սպանեց» այդ գումարը. դրանով նախկինում էլ էր հնարավոր միայն մթերք գնել, իսկ այժմ 136 մանաթով կամ 177 մանաթ թոշակով կոմունալ վճարումները կատարելուց հետո հնարավոր է թերևս միայն հաց, սոխ ու կարտոֆիլ գնել:
Համեմատելու համար նշենք, որ դեպի Թբիլիսի գնացքի ամենաէժան տոմսն արժե 50 մանաթ, պետական պոլիկլինիկայում ֆիզիոթերապիայի կուրսը՝ 40 մանաթ, նոր սկսվող կարիեսով ատամ բուժելը՝ 40 մանաթ, մեկ կիլոգրամ միսը՝ 10 մանաթ, ցանկացած զույգ կոշիկը՝ 40 մանաթ: 177 մանաթով 28 օր կարելի է ճաշել ամենաէժան սրճարանում (մի քիչ էլ կմնա կոմունալ ծախսերի համար) կամ 4 շիշ լավ գինի գնել: Ճամփորդություններ, նոր կահույք, գեղեցիկ հագուստ. այս ամենն անհասանելի է թոշակառուներին:
Արժանապատիվ ծերություն կարող է ապահովել միայն «նախագահական կենսաթոշակը»: Անգամ եթե դուք գիտաշխատող եք և կարող եք ձեզ թույլ տալ ամեն օր միս ուտել ձեր 400 մանաթով (237 դոլարով) միևնույնն է, եթե կողքից օգնություն չունենաք, թոքերի ծանր բորբոքումը կամ ոտքի կոտրվածքը ձեզ համար մահ կնշանակեն:
Հրապարակվել է 14.11.2016