Երաժշտություն առանց սահմանների
Հայաստանի Տավուշի մարզպետի նախկին խորհրդական 67-ամյա Լյուբիկ Չիբուխչյանի գրասեղանին՝ շրջանակի մեջ, մի կնոջ լուսանկար է։ Լուսանկարում Ադրբեջանում ճանաչված երգչուհի Էլնարա Աբդուլաևան է։
Չիբուխչյանի խոսքերով այս լուսանկարը իրեն բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնեցրել՝ շատերին իր դեմ տրամադրել:
Իջևան քաղաքում բնակվող Լյուբիկը բազմաթիվ գրքերի հեղինակ է, ունի Մշակույթի վաստակավոր գործչի կոչում, տարբեր այլ մրցանակներ, որոնցից նա հատկապես արժևորում է Նանսենի անվան ոսկե մեդալը։
Լյուբիկի գրքերից մեկը նվիրված է ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային։ Հայաստանում այդ գիրքը և՛ քննադատում են, և՛ ողջունում։
«Ես պարզեցի, որ այդ երգչուհու «Ա բլբուլ» երգը հակահայկական երգ էր, — ասում է Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային ճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը, — Այդտեղ ցույց է տալիս, թե ինչպես է սոխակը վանդակի մեջ թռչկոտում, գերյալ է, ըստ երգի՝ այդ սոխակն Արցախն է: Ինչպե՞ս կարելի է գիրք ձոնել մի երգչուհու, ով Լյուբիկին դուր եկած «Ա բլբուլ» տեսահոլովակում զետեղել է վանդակի մեջ սոխակ՝ որպես ադրբեջանցիների համար կորսված Արցախի խորհրդանիշ»:
Այնուամենայնիվ, Լյուբիկի մտերիմներից Գրետա Գուլակյանը, ում որդին զոհվել է հայ-ադրբեջանական պատերազմում, հիշում է, որ ուրախությամբ է ընդունել «Էլնարա» գրքի մասին լուրը։
«Ես հասկացա, որ ճիշտ է։ Նա առաջին մարդն է, որ համարձակվել է նման քայլ կատարել: Գրքում շատ մաքրություն ու ազնվություն կա: Լյուբիկը միշտ ուզել է, որ խաղաղություն լինի, ձգտել է, որ ոչ մի մայր չլացի: Նրանք էլ են մայր, նրանք էլ չպետք է լացեն»:
Իսկ ինչպե՞ս Լյուբիկ Չիբուխչյանի մոտ առաջացավ գաղափար՝ գիրք ձոնել ադրբեջանական մուղամներ կատարող երգչուհուն։ Ինքը՝ Լյուբիկն, ասում է, որ Աբդուլաևայի ձայնը պատահաբար է լսել, և այն գերել է իրեն անմիջապես։
«Թուրքերեն հասկանում եմ, պատահական ադրբեջանական ալիք միացրեցի՝ տեսնեմ, թե ինչ են խոսում մեր մասին, տեսա մի աղջիկ շատ լավ ձայնով երգում է, անունը՝ Էլնարա Աբդուլաևա»,- պատմում է Լյուբիկը՝ հավելելով, որ դրանից հետո փնտրել է երգչուհու երգերը, լսել և այնքան է հավանել, որ նրա մասին գիրք է գրել։
«Ես կոչ եմ անում ադրբեջանցի մտավորականներին մեզ հետ միասին, մտածել, թե ինչպես կարելի է լուծել այս ազգային կոնֆլիկտը, բարեկամանանք՝ ինչպես հին ժամանակներում, պատերազմ չլինի: Ես սիրո, ժողովրդավարության, հանդուրժողականության, բարեկամության, միասնության կոչ էի անում»:
Գիրքը հրատարակելուց հետո Լյուբիկը հարևան Վրաստան է ուղարկում այն հայաստանցի լրագրողների հետ, որտեղ նրանք պետք է հանդիպեին ադրբեջանից ժամանած գործընկերներին․ վերջիններս էլ գիրքը խոստանում են փոխանցել Էլնարային:
Գրքում Լյուբիկը մի գրություն էր թողել. «Հարգելի՛, Էլնարա խանում, այս օրերին լավագույն թարգմանիչները փորձել են ռուսերեն և ադրբեջաներեն թարգմանել Ձեր ներբողը, բայց չկարողացան իմ՝ դժվար նկարագրությունները մոտ իմաստով թարգմանել: Եվ ես ստիպված ուղարկում եմ բնօրինակը՝ հուսալով, որ թարգմանությունը Ձեզ մոտ ավելի լավ կստացվի: Չգիտեմ, թե զարմանքից ինչ կձեռնարկեք, բայց իմ սենյակում՝ մեծ շրջանակի մեջ կախված է Ձեր լուսանկարը՝ իբրև մի յուրահատուկ թալիսման, որը կյանքի գնով էլ կպահեմ»:
Լյուբիկը պատմում է, որ Էլնարան՝ գիրքը ստանալուց հետո տեսահաղորդագրություն է հրապարակել․ Գրքի հեղինակը, սակայն այդ հաղորդագրությունը չի տեսել, բայց նրան հաջողվել է կարդալ vesti.az-ում հրապարակված նյութը, որտեղ երգչուհին ասում է․
«Իհարկե՛, շնորհակալ եմ հայ գրողին իմ աշխատանքի հանդեպ ուշադրության համար: Այնուամենայնիվ, այս ստեղծագործությունը չի ստիպել ինձ մոռանալ այն ցավը, այն տառապանքը, որը ես և իմ շրջապատը զգացել ենք Ղարաբաղյան պատերազմների կորուստներ պատճառով: Ղարաբաղը այն ցավն է, որը չի կարող բուժվել մի ստեղծագործությամբ»:
Այս հայտարարությանը Լյուբիկը արձագանքել է. «Եթե ուզում ես Ղարաբաղը նվաճես, վերցրո՛ւ քո քամանչահարին որպես ականանետորդ, վերցրու քո թառահարին որպես գնդացրորդ, արի՛ գնանք միասին Ղարաբաղը խաղաղ նվաճենք»:
Լյուբիկ Չիբուխչյանի համոզված է, որ իր հեղինակած ադրբեջանուհի երգչուհուն նվիրված գիրքը կամուրջներ է ստեղծում հակամարտող կողմերի միջև։
«Այստեղ սերը սեռական նշանակություն էլ չուներ, պարզապես ես համեմատեցի հայ երգչուհիներից մեկի հետ, և հասկացա, որ նա ավելի լավ է երգում: Ի՞նչ է խանգարում, որ մենք Էլնարային հրավիրենք մեզ մոտ համերգի: Եղբայրությունը ինչպե՞ս եք պատկերացնում»:
Ավելին՝ Լյուբիկը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցանկություն է հայտնել իր մեքենայով այցելել Բաքու՝ Էլնարայի համերգին: Նա խնդրել է միայն երաշխավորել իր անվտանգությունը Ադրբեջանի տարածքում. «Ես կցանկանայի ծաղկեփունջ նվիրել, ձեռքը համբուրել և ասել՝ ուրախ եմ, որ մենք էլ ենք ձեր երգերը երգում, ինչպես դուք մերը:»:
Սակայն Լյուբիկը այդպես էլ չի ստացել իր նամակի պատասխանը:
Լյուբիկ Չիբուխչյանը խաղաղասեր մարդ է։ Մեկ այլ գրքում նա եղբայրության կոչ է արել: Դա «Կարմիր ձյուն» գիրքն է, որը նա ուղարկել է Թբիլիսի՝ Ադրբեջանի դեսպանատուն, սակայն կրկին որևէ պատասխան չի ստացել:
Գրքում նկարագրել է տարբեր դրվագներ, և մասնավորապես, թե ինչպես է գտել մի ադրբեջանցու դի Արցախի լճերից մեկում, իր ձեռքերով գերեզման է փորել, վրան էլ խաչ դրել, որպեսզի անցորդները հասկանան, որ գերեզման է:
Լյուբիկը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է միայն երկխոսության միջոցով, երբ երկու երկրների մարզիկները, բանաստեղծները, մտավորականները կսկսեն միմյանց հետ շփվել, այցելել միմյանց երկրներ, և այդպես հաշտվեն։