«Երազանքի քաղաք». գետտո Բաթումում
«ԲԱԹՈՒՄԵԼԵԲԻ» ԹԵՐԹ, ՀԱՏՈՒԿ JAMNEWS-Ի ՀԱՄԱՐ
Հարյուրավոր ընտանիքներ բարձրադիր Աջարիայից տեղափոխվել են ծովափնյա Բաթում քաղաք 2012թ-ի աշնանը՝ բառացիորեն Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակից հետո: Նրանք հիմնվել են քաղաքի ծայրամասում՝ նախկին ռուսական ռազմաբազայի տարածքում, ստվարաթղթից սեփական ձեռքերով կառուցած հյուղակներում:
Սարերից եկածները քիչ բան էին իրենց հետ բերել. այստեղ բնակություն են հաստատել հիմնականում սահմանափակ կարողություններով մարդիկ, որոնք կորցրել են իրենց կերակրողին, աբխազական և 2008թ-ի օգոստոսյան պատերազմի վետերաններ: Այսինքն՝ ամենակարիքավորները:
«Երազանքի քաղաք». այսպես է կոչվում այն թաղամասը, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, 1500 ընտանիք է ապրում: Ըստ ոչ պաշտոնականի՝ կրկնակի ավել: Հինգ տարի առաջ այն հայտնվել է դատարկ վայրում բառացիորեն մի քանի գիշերվա ընթացքում: Եվ դրա հայտնվելն անմիջականորեն կապված է «Վրացական երազանք» ներկայիս իշխող կուսակցության հետ:
Ինչպես է հայտնվել «Երազանքի քաղաքը»
2012թ-ին այն ժամանակվա ընդդիմության՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները շռայլորեն խոստումների էին բաժանում:
Նրանք խոստացել էին լուծել Աջարիայի ամենասուր խնդիրներից մեկն՝ օգնել էկոլոգիական միգրանտներին, որոնք զրկվել են բնակարաններից Վերին Աջարիայում տեղի ունեցած սողանքների հետևանքով, ինչպես նաև՝ հաղթահարել աղքատություննը:
Երբ ընդդիմադիրներն իշխանության եկան, սարերից դաշտավայր իջավ էկոմիգրանտների առաջին ալիքը: Նրանք կայծակնային արագությամբ հյուղակներ սարքեցին Բաթումի ծայրամասում այն հույսով, որ այդպես ավելի լավ իշխանություններին կհիշեցնեն իրենց խնդիրների մասին:
«Երազանքի քաղաքն» աճել է Բաթումի ծայրամասում 25 հեկտար մակերեսի վրա: 20 հեկտարից մի փոքր ավել է նախկին ռուսական ռազմաբազայի տարածքը, այն այժմ Աջարիայի ինքնավարության սեփականությունն է, մնացածը մասնավոր ընկերության սեփականությունն է:
«Ստվարաթղթե քաղաք». այսպես տեղական մամուլը սկզբում սկսեց կոչել բառացիորեն 5 օրում Բաթում-Ախալցիխե ճանապարհի երկայնքով ստեղծված ավանքը:
Կառույցներն այստեղ իրոք ստվարաթղթից էին: Դրանցում բնակություն հաստատեց փախստականների առաջին ալիլքը: Հյուղակների «տանիքներից» կաթում էր, շուրջը ցեխ էր, ջուր չկար, մութ էր ու ցուրտ: Սակայն, չնայած անտանելի պայմաններին, ավանի բնակչությունն անշեղորեն աճում էր, քանի որ մարդիկ հավատում էին, որ «երազանքի» խոստումները շուտով կիրականացվեն: «Երազանքի քաղաք» անվանումն առաջացավ ավելի ուշ՝ արդեն որպես հեգնանք:
Մարդկանց երկրորդ հոսքը դեպի «Երազանքի քաղաք» սկսվեց, երբ Աջարիայի էկոմիգրանտները, որոնք ապրում էին Վրաստանի այլ շրջաններում, հանկարծ հայտնաբերեցին, որ պետք է սեփական միջոցներով գնեն այն տները, որոնցում պետությունը նրանց վերաբնակեցրել է: Այդպես եղավ, օրինակ, արևելյան Վրաստանի Ծալկա շրջանում, որտեղ աջարցիները տեղավորվեցին Վրաստանը լքած հույների տներում: 2013թ-ին տանտերերը սկսեցին վերադառնալ և վճար պահանջել իրենց ունեցվածքի դիմաց: Շատ էկոմիգրանտներ, որոնք նախկինում զրկվել էին բնակարանից տարերային աղետների պատճառով, ստիպված էին վերադառնալ Աջարիա՝ «Երազանքի քաղաք»:
Առանց ջրի և կոյուղու
2015թ-ին «Երազանքի քաղաք» այցելեց Եվրախորհրդի՝ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը: Վրաստանում իրավիճակի մասին հաշվետվությունում եվրահանձնակատարը «Երազանքի քաղաքին» մի ամբողջ էջ էր հատկացրել: Նա նշել էր, որ մոտ 900 ընտանիքների բնակության պայմաններն ավանում ծանր են. նրանք չունեն ջրատար, կոյուղի: Ընտանիքներն առողջապահության ծառայություններից օգտվելու և սոցիալական օգնություն ստանալու հնարավորություն չունեն: Եվրահանձնակատարն իշխանություններին հորդորել է իրական քայլեր ձեռնարկել այդ մարդկանց տարրական պահանջմունքները բավարարելու և կյանքի համար արժանավայել պայմաններ ստեղծելու համար:
Եվրահաննձնակատարի այցն արդյունք տվեց. «Երազանքի քաղաքին» էլեկտրականություն, իսկ ընտանիքների մեծ մասին, որոնք աղքատության շեմին էին, անվճար ճաշարան այցելելու իրավունք տվեցին:
Այսօր՝ հինգ տարի անց, ստվարաթղթից հյուղակներ շատ քիչ են մնացել: Հիմա այստեղ ամենուր բետոնե բլոկներով տների շինարարություն է ընթանում: Առանց որևէ պլանի կառուցած ավանում չկան ոչ փողոցներ, ոչ կենտրոնացված կոյուղի, ոչ խանութ, ոչ բուժկետ:
Դաթո Մժավանաձեն 2008թ-ի պատերազմի վետերան է և «Երազանքի քաղաքի» շինարարներից մեկը
Ջրատար այստեղ նույնպես չկա: Սկզբում բնակիչները ջուրը հեռվից էին բերում: Հետո ելք գտան: «Տրակտոր ենք բերում, հողը փորում երեք մետր խորությամբ, ջրհոր սարքում: Ջրհորից ջուրը պոմպերով տներ ենք ուղղում: Մի ջրհորից մի քանի ընտանիք է օգտվում», — պատմում է տեղի բնակիչ Գոչա Շահինիձեն:
Գոչան ու կինը սահմանափակ կարողություններով մարդիկ են: Նրանք իրենց համար արդեն փոքր տուն են կառուցել և այժմ փորձում են բարեկարգել զուգարանը: Նրանք երեք երեխա ունեն: 13 և 14 տարեկան աղջիկները՝ Գիուլին ու Մեգին, երաժշտական դպրոցում էին սովորում, սակայն ընտանիքն այլևս չկարողացավ վճարել ամսական 60 լարի (24 դոլար) նրանց ուսման համար, և երաժշտությունը ստիպված թողեցին: Աղջիկները գիտեն, թե ինչ վիճակում են իրենց ծնողները, և փորձում են համակերպվել նրա հետ, որ երաժշտության հետ կապված իրենց երազանքները հազիվ թե կատարվեն:
50-ամյա Զեյնաբն այրի է, 4 աղջիկ ունի: Անչափահաս դուստրերի հետ նա տարիներով Թուրքիա է մեկնել թեյի պլանտացիայում աշխատելու: Այդպես նա կարողացել է 10 հազար լարի (մոտ 4 հազար դոլար) հավաքել և տուն կառուցել: Նոր տանը հյուրասենյակ և ննջասենյակներ կան, սակայն հատակն ու պատերը՝ դատարկ ցեմենտ է: Փոխարենը կա զուգարան և բաղնիք, իսկ այստեղ դա հազվադեպ բան է: Հարևանները դեռևս գալիս են Զեյնաբի տուն՝ տեսնելու այդ «հարմարավետությունը»:
Զեյնաբի աղջիկները մեծացել են: Ավագն ամուսնացել է մի տղայի հետ, որը նույնպես «Երազանքի քաղաքում» է ապրում: Նախասրահը, զուգարանն ու բաղնիքը Զեյնաբը հասցրել է վերանորոգել ապագա փեսայի ընտանիքին հյուրընկալելուց առաջ: Նա ասում է, որ նոր բարեկամներն իրենք էլ ավելի լավ չեն ապրում, սակայն չէր ցանկանա ընդունել նրանց չվերանորոգված տանը:
«Երազանքի քաղաքում» պրիմիտիվ կոյուղու սեփական մոդելը կա. երեք մետր խորությամբ փոս են փորում, այդտեղ լցնում կոյուղաջրերը: «Կոյուղին» անհրաժեշտ է լավ ծածկել վերևից, որպես վարակներ չտարածվեն: Այդպիսի փոսեր փորելը բնավ ոչ բոլորին է հասանելի:
Թամար Կոկոբինաձեն՝ 7 երխայի մայրը, «Երազանքի քաղաքի» բնակիչը
Ավանի բնակիչները պնդում են, որ դրա տարածքում ապրում է մինչև 450 դպրոցական, 300 նախադպրոցական և 250 ավելի փոքր տարիքի երեխա: Սակայն դրանք մոտավոր թվեր են, քանի որ պաշտոնական հաշվառում այստեղ ոչ ոք չի վարում:
Անգլերենի դասեր
40-ամյա Մարինա Բերիձեն ավանի առաջին բնակիչներից է: Նա 4 երեխա ունի: Տեղի բնակիչները հաճախ են բողոքի ակցիաներ անցկացնում, որպեսզի իրենց վրա հրավիրեն իշխանությունների ուշադրությունը: Մարինան, որպես կանոն, նրանց գլխավոր կազմակերպիչն է: Վերջերս Մարինան ոչ կառավարական կազմակերպություն է հիմնել.
«Մենք լուսավորության կենտրոն ենք կառուցել, որտեղ երեխաներն անգլերեն և տեխնիկական առարկաներ կուսումնասիրեն: Անգլերենն անվճար դասավանդում է Հոլանդիայից եկած մի կամավոր, բացի այդ «Հիլթոն» հյուրանոցը մեզ խոստացել է անվճար ուսուցիչներ տրամադրել: Մենք 10 նստարան ունենք, և երևի միանգամից 20 երեխայից ոչ ավել կարող ենք ընդունել: Սակայն մենք մի քանի հերթ կկազմենք, կսկսենք ցածր դասարաններից»:
Կենտրոնում բաղնիքի համար տեղ է հատկացված, որտեղ կարող են լողանալ միայն երեխաները: Այստեղ հենց տեղ կա զուգարանի, լվացքի մեքենայի և չորանոցի համար, որոնցից կարող են օգտվել առանձնապես կարիքավոր ընտանիքները:
Աղոթատեղի
Տեղացիներն ասում են, որ այստեղ ապրողների մեծ մասը մուսուլմաններ են: Նրանք մզկիթ չունեն, սակայն տեղացիներն այդ կարիքի մասին երբեք առանձնապես չեն խոսել: Այժմ այստեղ փոքր աղոթատեղի են կառուցում: Շինարարության նախաձեռնողը 27-ամյա Թազոն է: Նա կնոջ հետ այստեղ է տեղափոխվել 3 տարի առաջ:
Նրա պատմությունն Աջարիայից եկած էկոմիգրանտի տիպիկ պատմություն է. մանուկ հասակում ընտանիքի հետ նա հայտնվել է սկզբում Մառնեուլիում, հետո Կվարելիում, Ծալկայում, որտեղ տեղավորվել են տեղացի հույնի լքված տանը: Որոշ ժամանակ անց տանտերը վերադարձել է և պահանջել կամ 14 հազար եվրո վճարել, կամ ազատել տունը: Այդպես Թազոն ծնողների և եղբայրների հետ միասին հայտնվել է «Երազանքի քաղաքում»: Ասում է, որ իր բախտը բերել է. նա սոորել է իսլամական հոգևոր դպրոցում և այժմ որպես իմամ է աշխատում հարևան գյուղում: Աշախտավարձն ամսական 300 լարի է (120 դոլար): Նրա հայրն ու եղբայրներն այժմ Թուրքիայում են, թեյ են հավաքում:
«Ես երեխաներին կրոնական դոգմատիկա եմ սովորեցնում: 24 աշակերտ ունեմ, դասաժամերը շաբաթական երեք անգամ են: Ես ինքս եմ կրոնական ուսումնառությունս Բաթումում ստացել, այնուհետև ավարտել եմ թուրքական Բուրսայի ինստիտուտը», — պատմում է Թազոն:
«Երազանքի քաղաքում» նա տուն է կառուցել: Նրա տունն աղոթատեղիից մեկ պատ է անջատում:
«Ես ձեզ կխաբեի, եթե ասեի, թե իմ փողերով եմ աղոթատեղի կառուցում: Նման հնարավորություն չունի ոչ մի հոգևոր անձ: Ինձ օգնել են իմ ուսուցիչները Թուրքիայից: Ես նրանց պատմել եմ, թե ինչպիսի պայմաններում ենք ապրում, և նրանք ինձ փող են տվել»:
Վտարյալները
Ավանում մանկապարտեզ չկա: Մանանա Բերիձեն ասում է, որ այստեղ շատ են հղիները, և պետք է մտածել մանկապարտեզի մասին:
«Յուրաքանչյուր երկրորդ կին հղի է: Մեզ նայում են ու ասում. այս դժբախտների ինչի՞ն են երեխաները, ինչո՞ւ են նրանք փքված ման գալիս», — փորձում է կատակել Մարինան:
Այստեղ ասում են, որ իրենց դժբախտությունների հանդեպ անտարբեր են ոչ միայն իշխանություններն, այլ նաև սովորական մարդիկ:
«Իշխանությունները մարդկանց համոզել են, որ մենք պարզապես խաբեբաներ ենք, որոնք ուրիշի ունեցվածքն են յուրացրել, փորձում ենք հասարակության հաշվին ապրել: Հետևաբար, հասարակությունում մեր հանդեպ ոչ մի կարեկցանք չկա», — ասում է «քաղաքի» բնակիչներից մեկը:
«Քաղաքն» ու «Երազանքը»
Աջարիայի կառավարությունում (որը հիմնականում «Վրացական երազանք» իշխող կուսակցության անդամներից է բաղկացած) ասում են, որ իրականում «Երազանքի քաղաքում» ապրողների միայն փոքր մասն է էկոմիգրանտ: Խոսքը գնում է մոտ 30 ընտանիքի մասին, որոնց կառավարությունը ներառել է 25 հազար լարի (մոտ 10 հազար դոլար) արժողության ծրագրում:
«Դրանք այն ընտանիքներն են, որոնք մասնակցում են էկոմիգրանտների համար ծրագրին՝ ստեղծված հերթի համաձայն: Մենք նրանց համար բնակարան ձեռք կբերենք», — ասում է Աջարիայի առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Ռևազ Ջինչարաձեն: Նա ղեկավարում է ավտոնոմիայի կառավարությանը կից էկոմիգրանտների սոցիալ-իրավական դրության հետազոտման հանձնաժողովը:
Արդեն մի քանի տարի է կառավարությունում խոսում են, որ գոյություն ունի պլան, թե ինչ անել «Երազանքի քաղաքի» հետ, սակայն, թե ինչում է այն կայանում, ոչ ոք պատասխան չունի:
«Այժմ նախընտրական փուլ է (հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու) և այդ մասին խոսել մենք նպատակահարմար չենք համարում: Սակայն մենք կանենք ամեն ինչ օրենքի շրջանակում, որպեսզի ոչ մի ընտանիք առանց ուշադրության չմնա: Մենք չենք խոսում այն ընտանիքների մասին, որոնք իրենց բնակարանն ունեն, սակայն նրանք ուզում են ինչ-որ բաներ ստանալ պետությունից: Մենք խոսում ենք իրոք անօթևան ընտանիքների մասին: Մենք պատրաստվում ենք այդ ուղղությամբ աշխատել ոչ կառավարական հատվածի հետ միասին, իսկ մեր պլանները մենք քաղաքացիներին կներկայացնենք ընտրություններից հետո», — ասում է փոխնախարարը:
Սակայն Ջինչարաձեն ասում է նաև, որ «այնտեղ բնակվողների 70 տոսը պետության կարիքը չունի»:
Մարինա Բերիձեն ասում է, որ այդպիսի հայտարարությունները կոչված են բնակիչների շրջանում պառակտում մտցնել: «Սակայն «Երազանքի քաղաքի» բնակիչները չեն պատրաստվում կառավարության հետ առանձին-առանձին խոսել», — ասում է Մարինան:
Նրա խոսքով՝ «Երազանքի քաղաքի» բնակիչներն իշխանություններին խնդրում են այդ վայրում բազմահարկ շենքեր կառուցել: Նրանք համարում են, որ պետությունը պետք է ներդրող գտնի, որը շենքեր կկառուցի, բնակարանների մի մասը կվաճառի, մյուսն էլ անհատույց կփոխանցի տեղի բնակիչներին:
Իսկ մինչ այդ «քաղաքի» բնակիչները սեփական ձեռքերով կառուցած տներում են ապրում և հացի փող վաստակում հիմնականում Թուրքիայում աշխատանքի շնորհիվ՝ ամռանը թեյ և պնդուկ հավաքելով, իսկ ձմռանը՝ տներ մաքրելով և երեխաներին ու ծերերին խնամելով: