«Եվրանեսթը»՝ թեժ մթնոլորտում․ Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում
Հայաստանում ընթանում են «Եվրանեսթի» նիստերը։ Խորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորներ։ Նիստին ներկա են նաև Ադրբեջանը ներկայացնող երկու պատգամավոր՝ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։ Նրանց այցը բողոք էր առաջացրել հայ հասարակությունում։
«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովը հիմնվել է 2003 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ որպես Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մաս։
Վեհաժողովի նիստերն անցկացվում են ռոտացիոն սկզբունքով։ Այս տարի հերթը Երևանինն էր։ Նախօրեին «Եվրանեսթի» փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորված պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, արտգործնախարարի և ԱԽ քարտուղարի հետ։
Վերջին անգամ նիստերը Երևանում են անցկացվել 2015 թ․-ին։ Ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել էր նիստերին մասնակցել։
Երևանյան բողոքի ակցիաների, ադրբեջանցի պատգամավորների ելույթների մասին և ոչ միայն։
Ադրբեջանցի պատգամավորների ելույթները
Նիստի ընթացքում ադրբեջանցի պատգամավորներից Սոլթան Մամեդովը կարծիք է հայտնել, թե պատերազմից հետո բոլոր ռազմագերիները վերադարձվել են Հայաստան։
«Հիմա քննարկում է գնում միջազգային իրավունքի և ժամկետների շրջանում այն մարդկանց վերաբերյալ, որոնք ձերբակալվել են պատերազմից հետո», — նշել է Մամեդովը։
Ադրբեջանցի պատգամավորը կարևորել է Հայաստան-Ադրբեջան երկխոսությունն ու շեշտել, որ երկու երկրների միջև խաղաղության հաստատման համար կարևոր է նաև համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում։
Մամեդովը կրկնել է պատերազմից հետո Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչեցված թեզը, թե՝ «կոնֆլիկտը լուծված է», ու նշել, որ Ադրբեջանը պատրաստ է զբաղվել սահմանազատման հարցերով։
Պատգամավորի խոսքով՝ հայկական կողմից ևս դրական ազդակներ են ստացվել։
Երևան ժամանած մյուս պատգամավորը՝ Թահիր Միրկիշիլին իր խոսքում կարևորել է հարևան երկրների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավունքները՝ ընդգծելով, որ տարածաշրջանի երկրները պետք է հարգեն դրանք։
Միրկիշիլիի դիտարկմամբ՝ պետք է ձեռնարկել քայլեր, որպեսզի ապագայում կոնֆլիկտներ չլինեն, քանի որ դրանք հանգեցնում են մարդկային կորուստների․
«Մենք ռևանշիստական ձգտումներ չունենք և ուժի կիրառում չենք ուզում ապագայում։ Այդ ամենն արդեն անցյալ է, և հիմա պետք է խոսենք ապագայի մասին։ Խաղաղության համաձայնագիրը, օրինակ, լավ շանս կյլիներ ապագա հարաբերությունների ձևավորման հարցում»։
Ադրբեջանցի պատգամավորը Հայաստան-Ադրբեջան համագործակցության հնարավորություններ է տեսնում ինչպես ԵՄ, այնպես էլ նախորդ տարեվերջին ձևավորված «3+3» ֆորմատի շրջանակներում։
Բողոքի ակցիաներ Երևանում
Փետրվարի 21-ին մի խումբ մարդիկ՝ պատերազմի մասնակիցներ, կամավորներ, փակել էին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհն՝ ի նշան բողոքի։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին թույլ չտալ ադրբեջանական պատվիրակության մուտքը Երևան։
«Հավաքվել ենք թուրքերի [ադրբեջանցիների] հետ ընկերություն չանելու համար։ Տղաները կանգնած են դիրքերում, որպեսզի թույլ չտան թուրքերի առաջխաղացումը, իսկ այստեղ ազատ թողնում են, որ նրանք գան ու սուրճ խմեն», — նշել էր մասնակիցներից մեկը։
Ոստիկանությանը հաջողվել էր վերականգնել երթևեկությունը մի քանի անհաջող փորձերից հետո միայն։
Վեհաժողովի անցկացման նախօրեին, սակայն, Հայաստանի մայրաքաղաքում ևս մեկ բողոքի ակցիա կազմակերպվեց։ Մասնակիցները հավաքվել էին քաղաքի կենտրոնում` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց։
Ակտիվիստները պնդում էին, որ ադրբեջանական կողմին անվտանգության երաշխիքներ տալու փոխարեն Հայաստանը կարող էր հրաժարվել Երևանում «Եվրանեսթի» անցկացումից։
Փետրվարի 22-ին տասնյակ քաղաքացիներ նորից փողոց դուրս եկան, այս անգամ նրանք հավաքվել էին նիստերի անցկացման վայրի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց։ Նրանց էր միացել նաև Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի պատգամավորները ստում են, երբ հայտարարում են, թե «Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան»։
«Մենք տասնյակ ռազմագերիներ ունենք դեռևս Ադրբեջանի բանտում, իսկ ադրբեջանցիները հայտարարում են, թե բանտերում այլևս ռազմագերիներ չեն, օրինախախտներ են», — ընդգծել է նախկին պատգամավորն ու տեղեկացրել, որ իրեն ևս ուղարկում են տեսանյութեր, որոնցում «երևում է, թե ինչպես են Բաքվում խոշտանգվում հայ ռազմագերիները»։
Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ հայկական կողմը «Եվրանեսթի» օրակարգում պետք է ներառեր ռազմագերիների, 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած հանցագործությունների, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության հարցերը։
Նախկին պատգամավորն ասում է՝ հաստատված օրակարգում նոր հարց ներառելը դժվար բան է, բայց «հայկական կողմը շանսեր ուներ»։
«Պետք է փորձենք լուծել խնդիրները»․ ՀՀ պատվիրակության ղեկավար
Հայաստանի պատվիրակության ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի համոզմամբ՝ պետք է փորձել լուծել խնդիրները։ Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է ապաշրջափակել կոմունիկացիաները․
«Երկրորդ կարևոր խնդիրը սահմանազատումն ու սահմանագծումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հայելային եղանակով հետ քաշվեն ՀՀ տարածքներից, որից հետո սահմանազատման հարցում սառույցը տեղից կշարժվի։ Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա այն դեռ լուծված չէ»։
Կարապետյանը կարևորել է գերիների վերադարձը Հայաստան, ինչպես նաև միջազգային կառույցների մուտքը պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ։ Կարծում է՝ պետք է լուծել այդ տարածքներում մնացած մշակութային կոթողների պահպանության հարցը։
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ հարցը պետք է դիտարկել ԼՂ հակամարտության հարցից անկախ․
«Ուզում ենք տեսնել Թուրքիայի հետ հարաբերությունների արդյունքները՝ բացել հայ–թուրքական սահմանը», — նշել է Մարիա Կարապետյանն ու հիշեցրել, որ սահմանը փակվել է Թուրքիայի նախաձեռնությամբ։
Ընդդիմությունը երկխոսության ակնկալիք չունի
Նիստի անցկացումից առաջ իշխանականների հետ նախնական քննարկում չի եղել դիրքորոշումների առնչությամբ։ ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որը Հայաստանի պատվիրակության անդամներից մեկն է։
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել է, որ որևէ շփում ադրբեջանցի պատգամավորների հետ տեղի չի ունեցել․
«Ադրբեջանցի պատգամավորների հետ որևէ խոսակցություն չի եղել, բայց Ադրբեջանի հետ խոսելու խնդիր մենք չունենք։ Չենք գնացել պաշտոնական ընթրիքի, քանի որ նրանց հետ հաց կիսելու ցանկություն չունենք»։
Հարցին, թե արդյոք նախատեսվում է Երևան ժամանած պատվիրակությունների այց Ծիծեռնակաբերդ՝ Խաչատրյանը պատասխանել է՝ նշելով, որ նման այց օրակարգում չկա։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ի սկզբանե հայտարարել էին, որ ադրբեջանցի պատգամավորների հետ առանձին երկխոսություն վարել չեն պատրաստվում։