Եվրահանձնակատարը՝ Վրաստանի հանդեպ պատժամիջոցների մասին
Եվրամիությունը կարող է չեղարկել առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար, սակայն դրանից կտուժի վրացի ժողովուրդը: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքով` Բրյուսելը դիտարկում է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի սառեցման հնարավորությունը և առևտրային համաձայնագրի (DCFTA) վերանայումը՝ որպես պատասխան միջոցներ երկրում ժողովրդավարության հետընթացի համար:
«Կան բազմաթիվ տարբերակներ [պատասխան միջոցների], սակայն այս իրավիճակում մենք շատ զգույշ ենք որոշումներ կայացնելիս: Օրինակ` մենք կարող էինք չեղարկել առանց վիզայի ռեժիմի ազատականացումը, բայց դա առաջին հերթին կվնասեր մարդկանց:
Մենք Վրաստանի հետ ունենք նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր (DCFTA), որը կարող է վերանայվել: Բացի այդ, Վրաստանը դեռևս պահպանում է Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակը։ Մենք կարող ենք սառեցնել այն այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Թուրքիայի պարագայում:
Այսպիսով, դրանք են գոյություն ունեցող տարբերակները: Ինձ դուր չի գալիս, երբ կառավարությունները հաշվի չեն նստում ժողովրդի հետ: Վրացի ժողովուրդն ունի եվրոպական ճանապարհով գնալու մեծ ցանկություն, ուստի մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ:
Ես չեմ կարող հաշտվել Վրաստանի կորստի հետ, նույնիսկ եթե այդ երկրի կառավարությունը մեկը մյուսի հետևից ընդունում է օրենքներ, որոնք ակնհայտորեն հակասում են եվրոպական արժեքներին:
Մենք փորձել ենք պատժամիջոցներ կիրառել, սակայն դա անհնար է եղել, քանի որ չի հաջողվել այդ հարցի շուրջ միաձայն համաձայնության հասնել անդամ պետությունների միջև: Որոշ անդամ պետություններ անհատական պատժամիջոցներ են սահմանել կոնկրետ անձանց նկատմամբ: Այսպես է գործում այդ մեխանիզմը»:
«Վրացական երազանքի» պաշտոնյաների և աջակիցների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել Բալթյան երկրները (Լիտվա, Լատվիա և Էստոնիա), ինչպես նաև Լեհաստանը, Չեխիան և Գերմանիան: Եվրոպական միության սահմաններից դուրս ֆինանսական պատժամիջոցներ են կիրառել Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը: