«Վրաստանն ամբողջությամբ կատարել է 12 հանձնարարականներից 3-ը»․Եվրահանձնաժողովի միջանկյալ զեկույց
Եվրահանձնաժողովի միջանկյալ զեկույցի համաձայն՝ Վրաստանն ամբողջությամբ կատարել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար տրված 12 հանձնարարականներից 3-ը։
Զեկույցը ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներին է ներկայացվել հունիսի 22-ին Ստոկհոլմում կայացած հանդիպման ժամանակ։ Նախորդ օրը՝ հունիսի 21-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովը զեկույցը ներկայացրել էր ԵՄ դեսպաններին։
Զեկույցում առաջընթացը դասակարգվում է ըստ չորս աստիճանների՝ «ամբողջությամբ», «մասամբ», «սահմանափակ» և «առաջընթաց չկա»:
Վրաստանի կողմից ամբողջությամբ կատարված ԵՄ 3 հանձնարարականներն են՝
- գենդերային հավասարության ամրապնդման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի շուրջ ջանքերի համախմբում,
- տեղական դատարանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հաշվի առնում,
- նոր հանրային պաշտպանի (օմբուդսմեն) պաշտոնում անկախ անձի նշանակում և օմբուդսմենի գրասենյակի ինստիտուցիոնալ անկախության ապահովում։
Յոթ առաջարկություններ մասամբ են իրականացվել։ Դրանք են՝
- քաղաքական ապաբևեռացում,
- դատաիրավական բարեփոխումներ,
- պետական կառույցների անկախություն և արդյունավետ հաշվետվողականություն,
- կոռուպցիայի դեմ պայքար,
- կազմակերպված հանցավորության դեմ պայքար,
- խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուժեղացում,
- քաղաքացիական հասարակության ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացում։
«Սահմանափակ առաջընթաց» է արձանագրվել «ապաօլիգարխացման» կետով, «մեդիա բազմակարծության» հարցում որևէ առաջընթաց չի գրանցվել։
- Վրաստանի կառավարությունը երկրի նախագահին թույլ չի տալիս մեկնել Բրյուսել
- Վրաստանի դատական համակարգը՝ պատժամիջոցների տակ․ ի՞նչը կփրկի
Վրաստանի հետ մեկտեղ գնահատվել է նաև Մոլդովայի և Ուկրաինայի առաջընթացը։ Մոլդովան պետք է իրականացներ ինը հանձնարարականներ, որոնցից ամբողջությամբ կատարել է երեքը (ժողովրդավարական բարեփոխումներ, քաղաքացիական հասարակության հետ երկխոսություն և մարդու իրավունքների պաշտպանություն): Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա նա դեռևս ամբողջությամբ կատարել է յոթ հանձնարարականներից երկուսը (դատական բարեփոխումներ և ԶԼՄ օրենսդրություն):
Ուկրաինան պետք է կատարի նաև Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները՝ կապված ապաօլիգարխացման և ազգային փոքրամասնությունների մասին օրենսդրության հետ և նախաձեռնի Սահմանադրական դատարանում ընտրությունների ընթացակարգը։
Միջանկյալ բանավոր զեկույցը կարևոր ազդանշան է երկրների համար և մատնանշում է, թե երկիրը որ ոլորտներին պետք է հատուկ ուշադրություն դարձնի նախքան Եվրահանձնաժողովը կներկայացնի իր ընդլայնման և առաջարկությունների փաթեթը հոկտեմբերին:
Մեկնաբանություններ
Վրաստանը «որոշակի առաջընթաց է գրանցել» հանձնարարականների իրականացման առումով, բայց «դեռևս որոշ աշխատանք ունի անելու»։ Այս մասին Եվրահանձնաժողովի միջանկյալ զեկույցին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Ջեսիկա Ռոսվալը։
Նրա կարծիքով՝ ԵՄ-ն պետք է Վրաստանին ուղերձ հղի՝ երկիրը բարեփոխումների կարիք ունի.
«Իհարկե, որոշակի առաջընթաց է գրանցվել, բայց Վրաստանը դեռ որոշ աշխատանք ունի անելու, և մենք պետք է ընդհանուր ազդակ ուղարկենք Վրաստան այն մասին, որ այն բարեփոխումների կարիք ունի»:
Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եթե ինչ-որ մեկն ուզում է անդամակցել ԵՄ-ին, «հիմա է ամենահարմար պահը, որսացեք այն, օգտվեք» հնարավորությունից։
Նա նաև ընդգծել է, որ եվրոպական կառույց մտնելու համար անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել.
«Ինձ բախտ վիճակվեց անցյալ շաբաթ Բրյուսելում հանդիպել վարչապետի [Ղարիբաշվիլիի] հետ, և դա ուղերձ էր՝ գիտեք՝ ինչ է պետք անել, ուրեմն արեք դա։ Արեք, քանի որ սա բացառիկ հնարավորություն է, բոլորը պետք է լիովին օգտվեն դրանից: Մենք պատրաստ ենք օգնել ձեզ հասնել այդ նպատակին, բայց բոլորը պետք է համապատասխանեն չափանիշներին։ Ուստի, իմ առաջարկն է [վրացական] կառավարությանը՝ արագացնել աշխատանքը բոլոր ուղղություններով, որպեսզի կարողանանք Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի վերաբերյալ զեկույցն ունենալ հոկտեմբերին»:
- Ստրասբուրգի դատարանն արձանագրել է Վրաստանի խախտումները կնասպանության գործում
- Վրաստանը 36-րդ տեղում է «Սթիվ Հանկեի տառապանքի ինդեքսում»
2022 թվականի հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը եզրակացություն էր պատրաստել Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Արդյունքում Ուկրաինան և Մոլդովան ստացել էին ԵՄ թեկնածուի կարգավիճակ և պետք է կատարեին որոշ պարտավորություններ, իսկ Վրաստանը նախ պետք է կատարի 12 կետանոց պայմանները, ինչից հետո միայն կարգավիճակի շանս կունենա։