Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ
Եվրախորհրդարանի զեկույցը Ադրբեջանի վերաբերյալ
Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է «Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունները» խորագրով զեկույցը, որը պատրաստել է խորվաթ պատգամավոր, Ադրբեջանի հարցերով զեկուցող Ժելյանա Զովկոն։ Փաստաթղթում Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակման մեջ ներգրավված պաշտոնյաների նկատմամբ։
- «Ադրբեջանը մեծացրել է ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ»․ Freedom House
- «Ադրբեջանի երկրորդ ձախողումը»․ հայ իրավաբանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին
- «Թող գան տեսնեն՝ ինչ հակակրանք են վայելում»․ ՀՀ-ում անցանկալի անձանց մասին
Մարտի 15-ին Եվրախորհրդարանը՝ Եվրամիության օրենսդիր մարմինը, ձայների մեծամասնությամբ ընդունել է «Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունները» խորագրով զեկույցը։ Փաստաթուղթը պատրաստել է Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի հարցերով զեկուցող, խորվաթ պատգամավոր Ժելյանա Զովկոն։
Լսումների ժամանակ ելույթ ունեցած եվրոպացի պատգամավորները քննադատել են Ադրբեջանի կառավարությանը՝ միջազգային պարտավորությունները չկատարելու, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների խախտումների աճի համար։
Քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել 50 պատգամավոր, «դեմ»՝ 6։ Չորս պատգամավորներ ձեռնպահ են մնացել։
Զեկույցում մանրամասն ներկայացված են երկրում մարդու իրավունքների, ԶԼՄ-ների, քաղբանտարկյալների, ԼԳԲՏԻՔ անձանց, կանանց նկատմամբ բռնության խնդիրները, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաև էներգառեսուրսների Արևմուտք փոխադրման հարցերը։
«Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ ուժեղացրել է էներգետիկ ոլորտում ԵՄ-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Բայց ԵՄ-ն չի կարող աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումների վրա»,- ասված է զեկույցում։
Փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանին վերացնել խոսքի և լրատվամիջոցների ազատության սահմանափակումները, պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները, ինչպես նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Ղարաբաղյան հակամարտություն
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երբեմն արյունալի բախումներ են տեղի ունենում՝ չնայած 44-օրյա պատերազմից հետո ստորագրված հրադադարի համաձայնագրին։
Եվրախորհրդարանը եզրափակիչ փաստաթղթում նշում է, որ Ադրբեջանը «օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները», ինչպես նաև «2022 թվականի վերջից միջամտել է Լաչինի միջանցքով քաղաքացիական տրանսպորտի շարժին, ինչը բացասաբար է ազդել այս շրջանը սննդով ու դեղորայքով ապահովելու վրա»։
Ընդգծվում է նաև, որ Ադրբեջանի պաշտոնյաների հավաստիացումների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղ սնունդ և դեղորայք մատակարարելու համար խոչընդոտներ չկան։
Ռազմագերիներ
Եվրախորհրդարանի զեկույցում նշվում է, որ 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած բախումներից հետո հնչել են պնդումներ «հայ ռազմագերիների նկատմամբ ֆիզիկական բռնության և նվաստացուցիչ գործողությունների մասին»։
«Զգացվում է, որ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահները չեն ցանկանում կամ չեն կարողանում կանխել ադրբեջանական կողմի հնարավոր հարձակումները։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հանցավոր օկուպացիոն պատերազմի մեկնարկից ի վեր տարածաշրջանում խաղաղապահների ներկայությունը կարծես թե ավելի քիչ զգացվեց»,- ընդգծվում է փաստաթղթում։
Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը տարածաշրջանի վրա
Եվրախորհրդարանը մատնանշում է այն հանգամանքը, որ ուկրաինական պատերազմը բարդացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։
Փաստաթուղթը երկու կողմերից պահանջում է ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները.
«Հնարավոր է հասնել երկու երկրների զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների կողմից խաղաղ գոյակցության, փոքրամասնությունների անվտանգության և իրավունքների հարգման երաշխիքներին։ Որովհետև երկու երկրների միջև զինված հակամարտություններն աղետալի հարված են հասցնում տարածաշրջանի մշակութային, կրոնական և պատմական ժառանգությանը»:
Մարդու իրավունքների իրավիճակը
Եվրախորհրդարանի զեկույցում նշվում է, որ դեռևս շատ բացասական են Ադրբեջանի ցուցանիշները մարդու հիմնարար իրավունքների և դրանց նկատմամբ հարգանքի հետ կապված։
Նախքան ԵՄ երկրների հետ քաղաքական և էներգետիկ գործընկերության խորացումը անհրաժեշտ է լուծել բոլոր նմանատիպ խնդիրները.
«Ադրբեջանի իշխանությունները գործում են հակառակ Ադրբեջանի սահմանադրության, ըստ որի՝ պետք է ապահովվի ցույցերի և հավաքների ազատությունը։ Լրջորեն և մեթոդաբանությամբ սահմանափակելով ազատությունները՝ Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են պայմաններ, որոնցում հավաքները փաստացի արգելված են։ Անկախ ակտիվիզմի, քննադատական լրագրության և ընդդիմության քաղաքական գործունեության տարածքը խիստ սահմանափակված է։ Կան օրենքներ և կանոններ, որոնք սահմանափակում են ակտիվիստների, իրավապաշտպանների, լրագրողների և անկախ խմբերի գործունեությունը, տեղի են ունենում քաղաքական ձերբակալություններ»:
Անկախ դատական համակարգ
Փաստաթղթում նշվում է, որ երկիրը դեռևս չունի անկախ դատական համակարգ։ Լայնորեն տարածված է նաև միջամտությունը փաստաբանների աշխատանքին և անկախությանը։
Ոստիկանները ձերբակալվածներին ստիպում են բանտում խոստովանական ցուցմունք տալ։ Մի խոսքով, տարածված է բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքը. «Ձերբակալվածների նկատմամբ կիրառվում են ընտանիքների և փաստաբանների հետ հանդիպելու սահմանափակումներ։ Նրանք զրկվում են բուժօգնությունից»։
ԶԼՄ-ներ, հետապնդումներ, Pegasus լրտեսական ծրագիր
Եվրախորհրդարանի զեկույցը վերաբերում է նաև անկախ լրատվամիջոցների հետ կապված իրավիճակին, լրագրողների հետապնդումներին։
Ընդգծվում է, որ Ադրբեջանի իշխանությունները համակարգված կերպով ճնշում են գործադրում անկախ լրատվամիջոցների վրա և սահմանափակում են խոսքի ազատությունը։ Կառավարության քաղաքական հակառակորդները, իրավապաշտպաններն ու լրագրողները ագրեսիվ խոսքի և քաղաքական դրդապատճառներով բռնության թիրախ են դառնում․
«Նրանց բերման են ենթարկում առանց որևէ հիմնավորման։ Գործերը չեն հետաքննվում այնպես, ինչպես հարկն է։ 2021 թվականի հուլիսին հաղորդվել էր լրագրողներին հետապնդելու համար Pegasus լրտեսական ծրագրի օգտագործման մասին»։
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքները
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրության պակաս ունեցող երկիր է.
«Ադրբեջանում օգտագործվում է ատելության խոսք, շարունակվում են հանցագործությունները ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ թշնամանքի հիմքով։ Եվ սա չնայած այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ն 2022 թվականին ընդունել է Հարավային Կովկասում ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների ոտնահարման վերաբերյալ բանաձև։ Խախտումները կանխելու համար օրենսդրական ակտերում կոչեր են արվել իշխանություններին։
Կանանց նկատմամբ բռնություն
Եվրախորհրդարանի փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանը պատշաճ կերպով չի կատարում կանանց նկատմամբ բռնությունը կանխելու, նման փաստերը հետաքննելու և մեղավորներին պատժելու իր պարտավորությունը, արդյունավետ քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ։
«Գենդերային հիմքով բռնությունը երկրում լայնորեն տարածված է»,- ասված է զեկույցում։
Կոռուպցիա
Եվրախորհրդարանը հայտարարում է, որ Ադրբեջանում լայնորեն տարածված է նաև կոռուպցիան։
Փաստաթուղթը հիշեցնում է ԵԽԽՎ որոշ նախկին պատգամավորների՝ հօգուտ Ադրբեջանի իրականացրած գործունեության մասին կոռուպցիոն բնույթի փաստերը, որոնք հրապարակվել էին 2018 թվականի ապրիլի 15-ին։
Ադրբեջանի տեղը էներգետիկ շուկայում
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը ռազմավարական դիրք է զբաղեցնում Հարավային Կովկասի գլոբալ էներգետիկ շուկայում։ Վերջին տարիներին այն ԵՄ համար դարձել է ռազմավարական էներգետիկ ռեսուրսների արտահանող.
«Հաշվի առնելով Եվրամիությանը էներգիայի մատակարարման դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանը տարեցտարի ավելի կարևոր տեղ է զբաղեցնում այդ դերում»։
Ընդգծվում է, որ Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանի հետ ավելի լայն ինտեգրմանը Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության նախաձեռնության միջոցով։ ԵՄ-ն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է, և ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչպես նաև Ադրբեջանի տնտեսության ճյուղավորմանը, թվայնացմանը:
Նշվում է նաև, որ չնայած այս ամենին՝ ԵՄ-ն չպետք է աչք փակի մարդու իրավունքների խախտումների, սահմանին պարբերաբար կրկնվող հրադադարի խախտումների, ձերբակալությունների, Ադրբեջանում լրատվամիջոցների սահմանափակումների վրա։
Պատժամիջոցներ կիրառելու կոչ
Ընդունված փաստաթղթում Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման մեջ ներգրավված պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, որոնք թույլ են տալիս նման միջոցներ ձեռնարկել.
«Ադրբեջանը չպետք է իրեն գրաքննություն թույլ տա, ինտերնետի ազատության մասին օրենքները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին»։
Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը սերտ երկխոսության գնալ քաղաքացիական հասարակության հետ, իրականացնել բարեփոխումներ, որոնք կապահովեն ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն։
Փաստաթուղթը քննադատում է լրագրողների, քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների հետապնդումները երկրի ներսում և արտերկրում, քրեական օրենսգրքի օգտագործումը վրեժխնդրության նպատակով։
Զեկույցում Ադրբեջանի կառավարությանը կոչ է արվում ապահովել մարդկանց հավաքների ազատության իրավունքը։
Ափսոսանքով նշվում է, որ Ադրբեջանը չի հետևում ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային։ Բացի այդ, Ադրբեջանում ընդունվում են օրենքներ, որոնք սահմանափակում են քաղաքական կուսակցությունների և լրատվամիջոցների գործունեությունը։