Եվրադատարանն արձանագրել է Ադրբեջանում տեղեկության ստացման իրավունքի խախտում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ արձանագրել է Ադրբեջանում տեղեկություն ստանալու իրավունքի խախտում։ Ադրբեջանի կառավարությանը հերթական անգամ պարտավորեցրել են փոխհատուցում վճարել հայցվորին։ Տուժած է ճանաչվել լրագրողը, որը փորձել է իմանալ շրջակա միջավայրին և տեղի բնակչությանը ռադիոլոկացիոն կայանի հասցրած վնասի ուսումնասիրման պետական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները։
- Ադրբեջանում արգելափակված կայքերը պահանջում են իրենց իրավունքների վերականգնում
- Թուրքիան՝ «արտաքին թշնամի» որոնելիս․ կարծիք
- «Աշխարհը կիմանա ճշմարտությունը»։ Եվրոպական դատարանը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել Լիտվինենկոյի սպանության համար
2021 թ-ի դեկտեմբերի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր որոշումներն Ադրբեջանից ստացված երկու դիմումների վերաբերյալ։ Այդպիսով Եվրադատարանն առաջին անգամ ճանաչել է Ադրբեջանում տեղեկություն ստանալու իրավունքի խախտում։ Երկու գործով էլ հայցվորը լրագրող Ռովշան Հաջիևն (Հաջիբեյլի) է։
«Ռովշան Հաջիևն ընդդեմ Ադրբեջանի»
«Ազադլիգ» (ազատություն) թերթի խմբագիր Ռովշան Հաջիբեյլին Եվրոպական դատարան էր դիմել՝ համարելով, որ խախտվել է պետական կառույցներից տեղեկություններ ստանալու իր իրավունքը։ Իր հայցադիմումում հայցվորը նշել էր, որ պետական կազմակերպություններն իրեն տեղեկություններ չեն տրամադրել Ադրբեջանի Գաբալայի շրջանում տեղակայված ռադիոլոկացիոն կայանի՝ շրջակա միջավայրի համար վնասակարության մասին։
Հայցվորը ՄԻԵԴ էր դիմել Եվրոպական կոնվենցիայի 10-րդ (արտահայտման ազատություն) և 6-րդ (արդար դատաքննության իրավունք) հոդվածների հիման վրա և բողոքել տեղեկության փակ լինելուց, որը կարևոր է հասարակության համար, ինչպես նաև ապօրինի դատական վճիռներից։ Դիմումները ՄԻԵԴ ներկայացվել էին 2012 և 2013 թթ-ին։
ՄԻԵԴ-ը վճռել է, որ երկու դեպքում էլ տեղեկություն ստանալու իրավունքի խախտում կա, որն ամրագրված է արտահայտման ազատությունը երաշխավորող կոնվենցիայի 10-րդ հոդվածում։
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ ադրբեջանական կառավարությունը պարտավոր է հայցվորին վճարել 1 500 եվրո [մոտ $1 695]։
Ի՞նչ տեղեկություն չի տրամադրվել լրագրողին
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը գործել է Ադրբեջանի տարածքում 1985 թ-ից, պատկանել է խորհրդային բանակին և ունեցել է վեց հազար կիլոմետր հեռավորության վրա նախազգուշացնելու հատկություն։ ԽՍՀՄ փլուզումից հետո կայանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն գործել է ռուսական բանակի ղեկավարության ներքո՝ վարձակալության մասին պայմանագրի հիմքով։ 2012 թ-ին կայանը փակվել է, և դրա ողջ գույքը տարվել է Ռուսաստան։
2001 և 2003 թթ-ին Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել շրջակա միջավայրի և տեղի բնակչության առողջության վրա ազդեցության գնահատման մասին։ Շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա կայանի ազդեցության վերահսկման ռուս-ադրբեջանական համատեղ հանձնաժողով է ստեղծվել։ Ադրբեջանի առողջապահության նախարարը հանձնաժողովի նախագահ է նշանակվել։
Գաբալայի և հարակից շրջանների բնակչության առողջության վրա կայանի ազդեցության վերաբերյալ անկախ հետաքննության արդյունքում լուրջ խնդիրներ են բացահայտվել, պնդում է Ռովշան Հաջիբեյլին։ 2010 թ-ին հայցվորը դիմել է առողջապահության նախարարություն՝ իմանալու համար, թե արդյոք հանձնաժողովը դեռ գործում է, և խնդրել է տրամադրել կայանի ազդեցության մասին հաշվետվությունների պատճենները։ Առողջապահության նախարարությունը նրա հարցմանը պատասխանել է, բայց հայտարարել է, որ հանձնաժողովի նախապատրաստած հաշվետվությունն ուղարկվել է երկրի կառավարություն։
Այն բանից հետո, երբ Հաջիբեյլին չի կարողացել ստանալ պահանջված փաստաթղթերը, նա դիմել է տեղի դատարան։ Լրագրողը պահանջել է դատական վճիռ կայացնել, որը նախարարությանը կպարտավորեցնի իր հարցմանն ըստ էության պատասխանել։ Բաքվի Նասիմիի շրջանային դատարանը մերժել է հայցվորի դիմումը և հայտարարել, որ նախարարությունն այդ փաստաթղթերը չունի։ Վերադաս դատական ատյաններն ուժի մեջ են թողել շրջանային դատարանի որոշումը։
Հաջիբեյլին նույնպիսի հարցմամբ դիմել էր նաև կառավարություն, սակայն այն ընդհանրապես չէր պատասխանել նրա հարցմանը։
Տեղի դատարանները չէին բավարարել նաև կառավարություն ուղղված անպատասխան հարցման վերաբերյալ լրագրողի հայցը։ Իսկ կառավարությունը նույնիսկ իր ներկայացուցչին չէր ուղարկել՝ դատական նիստերին մասնակցելու, հաղորդում է «Եվրոպական դատարանի բանբերը»։