«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Եվրամիության ներկայացուցիչներն առաջին անգամ քննարկել են Եվրոպական արտաքին կապերի ծառայության (EEAS) առաջարկը, այն է՝ պատժամիջոցներ սահմանել Վրաստանի երկու իշխանամետ հեռուստաալիքների՝ Imedi-ի և POSTV-ի նկատմամբ։ Բրյուսելը այս հեռուստաալիքներին մեղադրում է ռուսական քարոզչություն տարածելու մեջ։
Ենթադրվում է, որ պատժամիջոցները կներառեն այս հեռուստաալիքների ակտիվների սառեցում, ԵՄ տարածքում հեռարձակման լիցենզիաների կասեցում, ինչպես նաև հեռուստաալիքների սեփականատերերի համար վիզայի սահմանափակումներ։
Պատժամիջոցները կկարգավորվեն ԵՄ-ի կողմից սահմանված ռեժիմով, որն ուժի մեջ է մտել անցյալ տարի Ռուսաստանի հիբրիդային գործունեության դեմ պայքարի համար։
«Imedi հեռուստաալիքը համարվում է Վրաստանի ամենահայտնի հեռուստաալիքներից մեկը և պատկանում է բիզնեսմեն Իրակլի Ռուխաձեին, ով արդեն հայտնվել է Լիտվայի և Ուկրաինայի պատժամիջոցների տակ։ Transparency International-ը նախկինում ներկայացրել է ապացույցներ, որ հեռուստաալիքի ֆինանսավորմանը մասնակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին»,- ասված է «Ազատություն» ռադիոկայանի հրապարակման մեջ։
Ռադիոկայանը պատմում է, որ 2025 թվականի հունվարին Եվրոպական արտաքին կապերի ծառայությունը (EEAS) փորձել է պատժամիջոցներ սահմանել նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորների և Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Մասնավորապես՝ դա տեղի է ունեցել 2024 թ․-ի խորհրդարանական ընտրություններից և բողոքի ցույցերի ճնշումից հետո, սակայն նախաձեռնությունը արգելափակվել է Հունգարիայի և Սլովակիայի կողմից։
«Այս անգամ այս երկու երկրները Բելգիայի, Իտալիայի և Հունաստանի հետ միասին կրկին թերահավատորեն են տրամադրված։ Նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնում պատժամիջոցների հետ՝ պատճառաբանելով դա խոսքի ազատության սահմանափակմամբ և երկակի ստանդարտների սպառնալիքով։
Բալթյան երկրները, Լեհաստանը, Նիդերլանդներն ու Չեխիան աջակցում են պատժամիջոցներին։ Դեռևս սեպտեմբերին Չեխիան ազգային պատժամիջոցներ էր սահմանել Վրաստանի Ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի, երեք դատավորների և մեկ դատախազի նկատմամբ։
ԵՄ-ի իրավաբանական ծառայությունը նշել է, որ EEAS-ի ներկայացրած ապացույցները դեռ չեն հաստատում Imedi-ի, POSTV-ի և ռուսական իշխանությունների միջև կապը, ուստի Բրյուսելը կշարունակի աշխատանքը լրացուցիչ նյութեր [ապացույցներ] հավաքագրելու ուղղությամբ»,— նշվում է հոդվածում։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ֆինլանդիան, Գերմանիան, Սլովենիան և Շվեդիան արդեն հայտնել են պատրաստակամություն՝ աջակցելու պատժամիջոցներին, իսկ Բուլղարիան, Ֆրանսիան և Ռումինիան նախատեսում են նախքան որոշում կայացնելը լրացուցիչ ուսումնասիրել հարցը։