«Աշխարհը հերքում է մեր գոյությունը». Աբխազիայի երիտասարդների կյանքը ԵՄ պատժամիջոցներից հետո
ԵՄ-ն չի ճանաչում աբխազական անձնագիրը
Հոկտեմբերին լրացավ մեկ տարին, ինչ Եվրամիությունը որոշեց չճանաչել և, համապատասխանաբար, վիզաներ չդնել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում տրված ռուսական անձնագրերում, այդ տարածքները ԵՄ-ն համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված։
Սա նշանակում է, որ Սև ծովի ափին գտնվող այս փոքր հանրապետության բնակչությունը, պետություն, որը ճանաչվել է միայն Ռուսաստանի և ՄԱԿ-ի անդամ չորս այլ երկրների կողմից, զրկված է Եվրամիության երկրներ մեկնելու իրավունքից։
JAMnews-ը զրուցել է փորձագետների և երիտասարդների հետ այն մասին, թե ինչպես ապրել փակ սահմանների պայմաններում, և ինչու է Աբխազիայի համար կարևոր, որ աշխարհը բաց լինի։
Վալերիա Արշբան 24 տարեկան է, ավարտել է Աբխազիայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը։
Լերան ուզում է դիվանագետ դառնալ, որպեսզի հասնի Աբխազիայի միջազգային ճանաչմանը, խոսի իր երկրի պատմության մասին և պաշտպանի նրա շահերը տարբեր հարթակներում։
Լերան երկքաղաքացիություն ունի՝ Աբխազիայի և Ռուսաստանի։ Նա ՌԴ քաղաքացիություն և արտասահմանյան անձնագիր է ստացել Ռուսաստանում Աբխազիայի դեսպանատանը։ Այդ փաստաթղթով նա շատ երկրներ է մեկնել՝ և՛ սովորելու, և՛ աշխատանքի:
Նա պատմում է, որ 2022 թվականի փետրվարից հետո տեղաշարժի առումով ամեն ինչ ավելի է բարդացել աբխազների համար։
«Սա անարդար որոշում է, ես ու ընկերներս հոդվածներ, բաց նամակներ գրեցինք, ուզում էինք ինչ-որ կերպ մեր խոսքը տեղ հասցնել: Աշխարհում ամեն ինչ կարող է պատահել, պատմությունը դինամիկ է: Բայց մարդու հնարավորություններն ու իրավունքները՝ անկախ ազգությունից ու քաղաքացիությունից, չպետք է սահմանափակվեն։ Ըստ էության, աշխարհը հերքում է իմ գոյությունը, քանի որ կոնֆլիկտ ունի Ռուսաստանի հետ»,- ասում է Վալերիան։
Երբ Եվրամիությունն արգելեց վիզաների տրամադրումը Աբխազիայում տրվող անձնագրերի համար, Լերան ստիպված եղավ նոր անձնագիր ստանալ՝ արդեն ՌԴ տարածքում։
«Այս ամենը շատ է դժվարացրել իմ կյանքը։ Դա բարդ բյուրոկրատական ընթացակարգ էր։ Իմ բախտը բերել է, ոչ բոլորն ունեն Ռուսաստանում անձնագիր ստանալու հնարավորություն»,- ասում է Լերան։
Ի՞նչ փաստաթղթեր ունեն Աբխազիայում
Աբխազիայում քաղաքացիները երկու տեսակի փաստաթուղթ ունեն։
Աբխազիայի բնակչության մոտ 60 տոկոսն ունի երկքաղաքացիություն։ Շատերը ռուսական անձնագիր են ստացել մինչև 2008 թվականը։ Այդ ժամանակ Աբխազիայում երկքաղաքացիություն կարելի էր ստանալ պարզեցված ընթացակարգով։ Չճանաչված հանրապետության քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելը Ռուսաստանի Դաշնությունը հիմնավորում էր՝ ասելով, թե նրանք քաղաքացիություն չունեցող անձինք են։ Սակայն այն բանից հետո, երբ 2008 թվականին Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Սուխումի հետ, պարզեցված համակարգը վերացավ։
2022 թվականին ուզում էին վերականգնել պարզեցված համակարգը. 2022 թվականի սեպտեմբերի վերջին Ռուսաստանը նույնիսկ երկքաղաքացիության հարցերի կարգավորման մասին պայմանագիր ստորագրեց Աբխազիայի հետ։ Բայց այդ համաձայնագրի ստորագրման հետ գրեթե միաժամանակ Եվրամիությունը հայտարարեց, որ հրաժարվում է ճանաչել Աբխազիայում տրված ռուսական անձնագրերը (դրանք «իրական» ռուսական անձնագրերից տարբերվում են սերիայի թվերով): Ըստ այդմ՝ նման անձնագրով Շենգենյան վիզա ստանալն անհնար է։
Աբխազների մնացած 40 տոկոսը միայն աբխազական անձնագիր ունի, որով, բացի Ռուսաստանի Դաշնությունից, ոչ մի տեղ չեն կարող գնալ։ Այդ անձնագիրը միջազգայնորեն ճանաչված չէ։ ԵՄ-ն չի ճանաչում աբխազական անձնագիրը։
Աբխազիայի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փորձագետ Աստան Հաշիգը վստահ է, որ ԵՄ-ի որոշումն ակնհայտորեն խախտում է հանրապետության բնակիչների իրավունքները։
«Աբխազիայում տրված ռուսական միջազգային անձնագրերի չճանաչումը սահմանափակում է աբխազների իրավունքները՝ նույնիսկ ԵՄ տարածքում բժշկական օգնություն ստանալու համար։ Այո, կարելի է բուժման համար այլ տեղ գնալ: Բայց ստացվում է՝ մարդուն զրկում են ընտրության հնարավորությունից։ Իսկ դա իրավունքների էական խախտում է»,- ասում է նա։
Ինքը՝ Աստանը, 25 տարեկան է, սովորել է Մոսկվայում, բայց համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք։
«Իմ հասակակիցներից շատերն օգտվել են ռուսական անձնագրերից՝ երկրից դուրս կրթություն ստանալու համար՝ լիներ դա բարձրագույն, լրացուցիչ կրթություն կամ ինչ-որ դասընթաց: Նման ծրագրերին այժմ վերջ է դրված»,- ասում է Աստան Հաշիգը:
Միլանա Լոմիան երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել, միայն աբխազական։ 28 տարեկան հասակում Ֆազիլ Իսկանդերի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհին Աբխազիայից և Ռուսաստանից բացի ոչ մի տեղ չի եղել։
Երիտասարդ դերասանուհին պատմում է, որ իր «ելքն արգելող» աբխազական անձնագրի պատճառով բաց է թողել ուսման և աշխատանքի հետ կապված բազմաթիվ հնարավորություններ։
Միլանան ասում է, որ թեև Ռուսաստանը ճանաչում է աբխազական անձնագիրը, բայց նույնիսկ Ռուսաստանում դրանով աշխատանք գտնելը հեշտ չէ։
«Ռուսաստանի քաղաքացիության բացակայությունը բարդացնում է կյանքը տարբեր գործոններով։ Օրինակ՝ չես կարող պարզապես գնալ և նկարահանվել ֆիլմում: Աշխատանքի թույլտվություն և փաստաթղթերի սարսափելի փաթեթ է պետք: Սա ինձ համար մասնագիտության խիստ սահմանափակում է։ Այսինքն, եթե նույնիսկ հիմա ինչ-որ դեր առաջարկեն, նկարահանումների գնալը մի ամբողջ խնդրահարույց գործընթաց է»,- պատմում է նա։
Միլանան հիշում է իր կարիերայի մի դրվագ, երբ հնարավորություն է ունեցել նկարահանվել ռուսական սերիալում։
«Դանիլա Կոզլովսկին նկարահանում էր իր «Կարամորա» (Карамора) հեռուստասերիալը, և երբ դերասաններ էր փնտրում, տեսել էր մի տեսանյութ, որտեղ ես Բրոդսկի եմ կարդում։ Ինձ գտան, փորձնական ձայնագրվեցի, հավանեցին։ Իսկ հետո ամեն ինչ դանդաղեցրին փաստաթղթերի հետ կապված խնդիրները։ Իսկ հետո պարզվեց, որ նկարահանումներն ընթանում էին Վրաստանի տարածքում։ Այդտեղ էլ ամեն ինչ ավարտվեց»,- ասում է Միլանան:
Ռուսաստանը՝ որպես միակ ելք
Կրթության ոլորտի փորձագետ Ռուստամն ասում է, որ Աբխազիայում բավականին սուր զգացին Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները, քանի որ երկար տարիներ աբխազների համար դեպի աշխարհ միակ ելքը Ռուսաստանն էր։
«Պետք է հասկանալ, որ մենք միշտ էլ սահմանափակումներ ենք ունեցել։ Ըստ էության, մենք այս տարիների ընթացքում պատժամիջոցների տակ ենք ապրել՝ աշխարհը չի ճանաչում աբխազական անձնագրերը։ Եվ պետք է հասկանալ, որ Ռուսաստանն է մեզ տվել բոլոր տեսակի հնարավորությունները՝ ինչպես իր երկրի ներսում, այնպես էլ դրսում։ Եթե ինչ-որ տեղ էր պետք գնալ, ապա մուտքի արտոնագրերի համար դիմել ենք ռուսական անձնագրերով և վիզաների կենտրոններով։ Իհարկե, 2022 թվականից հետո իրավիճակը շատ է փոխվել, և Ռուսաստանի դեմ բոլոր սահմանափակումները դարձել են Աբխազիայի նկատմամբ սահմանափակումներ։ Օրինակ՝ շատ կրթական ծրագրեր փակվեցին աբխազ երիտասարդների համար, քանի որ Ռուսաստանը դուրս էր մնացել դրանցից»,- ասում է փորձագետը։
Աստան Հաշիգը կարծում է, որ ի սկզբանե Աբխազիայի բնակիչների իրավունքների հիմնական խախտումն այն է, որ չի խոսվում աբխազական անձնագրերը ճամփորդական ճանաչելու մասին։ Նրա կարծիքով՝ որքան շատ է Արևմուտքը սահմանափակում Աբխազիայի բնակիչներին պատժամիջոցներով, այնքան նրանք ավելի ուժեղ կախվածության մեջ են ընկնում Ռուսաստանից։
«Համաշխարհային հանրությունն, ըստ էության, գտնվում է տեղեկատվական վակուումի մեջ, որտեղ միակ խոսափողը վրացական քարոզչությունն է։ Ինձ թվում է, որ ներկա պայմաններում մենք նույնիսկ չենք կարող մտածել այն մասին, որ մեր փաստաթղթերը կճանաչվեն։ Ավելի շուտ կվերացվեն Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները»,- կարծում է իրավաբանը։
Լերա Արշբան խոստովանում է, որ իր համար՝ որպես դիվանագետի, փակ սահմանները կրկնակի ողբերգական են։ Նրան խիստ անհանգստացնում է մասնագիտությամբ աշխատելու անկարողությունը։ Ասում է՝ ներկայիս Աբխազիայի ԱԳՆ-ում ծառայությունը չի համապատասխանում իր շահերին ու ակնկալիքներին, ուստի նախընտրում է մնալ մասնավոր հատվածում։
«Այսօր ես պետական ծառայությունում չեմ աշխատում։ Այնտեղ այսօր նպատակը այլ պետությունների հետ Աբխազիայի արտաքին քաղաքական հարաբերությունների բարելավումը չէ։ Կամ գոնե ողջ աշխարհով մեկ Աբխազիայի մասին նյութեր հեռարձակելը: Այնպիսի առաջադրանքներ, որոնց մասին ես երազում եմ, այնտեղ չկան: Այսօր պետական ծառայությունը պարզապես բյուրոկրատիա է և առօրյա»,- ասում է նա։
«Դրան գումարած հիմա կան առաջնահերթություններ, որոնք ինձ հարազատ չեն,- ավելացնում է նա ու հավելում՝ եթե ուզում ես աշխատել ԱԳՆ-ում, ապա պետք է աշխատես կոնկրետ անձի հեղինակության և Աբխազիան ընդմիշտ Ռուսաստանին միացնելու վրա»:
Հիմնական վախը՝ պատերազմ
Մեր բոլոր զրուցակիցները խոստովանում են, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հիմնական վախը համարում են ոչ թե պատժամիջոցները, սահմանափակումները կամ մեկուսացումը, այլ պատերազմը։
Աբխազիայում տարածված կարծիք կա, որ արևելյան հարևան Վրաստանը դիտարկում է Աբխազիայում «երկրորդ ճակատ» բացելու գաղափարը, և որ որոշ արևմտյան քաղաքական գործիչներ վաղուց են կոչ անում գնալ այդ քայլին։ Նման սպառնալիքի մասին անընդհատ զգուշացնում է նաև Ռուսաստանը։
Երիտասարդները մտածում են՝ ի՞նչ տարբերություն, թե ուր կարող ես գնալ կամ չես կարող, եթե վաղը տունդ նորից կարող են գնդակոծել ու քանդել։
«Ո՞ւմ համար է հաճելի անընդհատ լսել, թե քո երկրում պատերազմ կարող է սկսվել: Սրանք մի քանի մշտական ենթադրություններ և տեսություններ են: Բնականաբար, այդ պահին լցված ես ապրումներով ու հույզերով»,- ասում է Լերա Արշբան։