ԵՄ-ն սառեցրել է Վրաստանին հատկացվող 30 միլիոն եվրոյի օգնությունը, այլ քայլեր էլ կլինեն
ԵՄ-ն դադարեցրել է օգնությունը Վրաստանին
Եվրամիությունը սառեցրել է 30 միլիոն եվրոյի օգնության տրամադրումը, որը նախատեսվում էր հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Վրաստանի պաշտպանունակության բարձրացման համար։ Այս մասին հուլիսի 9-ին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
Նա նաեւ ասել է, որ սա «ընդամենը առաջին քայլն է»։ Եթե Վրաստանի իշխանությունները շարունակեն հակաժողովրդավարական որոշումներ կայացնել և կեղծ մեղադրանքներ տարածել արևմտյան երկրների հասցեին, ԵՄ-ն այլ միջոցներ էլ կդիտարկի, լրագրողներին ասել է դեսպանը։
Հայտարարությունն արվել է Թբիլիսիում «ԵՄ ընդլայնումը. աշխարհաքաղաքական անհրաժեշտություն և հաջորդ քայլերը ԵՄ թեկնածու երկրների համար» երկօրյա միջազգային համաժողովի ընթացքում։
Առաջին հերթին, կկրճատվի ԵՄ-ի անմիջական աջակցությունը Վրաստանի կառավարությանը, և ԵՄ-ն կկենտրոնանա քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ամրապնդման վրա։
«Ինչպես մեկ անգամ չէ, որ հաղորդվել է, ԵՄ-ի կողմից Վրաստանի կառավարությանն աջակցելու համար հատկացվել են տասն անգամ ավելի շատ միջոցներ, քան քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին։
ԵՄ-ն երկար տարիներ ֆինանսավորում է Վրաստանի կառավարությանը, և գումարի կեսից ավելին ուղղակի աջակցություն է պետական բյուջեին։ Այժմ կփոխվի ուղղությունը և կմեծացվի աջակցությունը ՀԿ-ներին և լրատվամիջոցներին, որոնք ներկայումս Վրաստանում մեծ ճնշման տակ են՝ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի պատճառով»,- ասել է Պավել Գերչինսկին:
- 36 երկրներ Վրաստանին կոչ են անում չեղարկել «գործակալների մասին» օրենքը
- ԵՄ-ն Վրաստանի դեմ պատժամիջոցների մասին փաստաթուղթ է պատրաստել․ «Ազատություն»
Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը նույնպես դադարեցվել է, ասել է Պավել Գերչինսկին։
Այս որոշումն ընդունել են ԵՄ ղեկավարները հունիսի 27-ին Եվրոպական խորհրդի վերջին նիստում։
«Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները անհասկանալի են Եվրամիության ղեկավարների համար։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ակնհայտորեն նահանջ է ԵՄ-ի կողմից Վրաստանին առաջարկված ինը հանձնարարականներից:
Նաև հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հռչակված նպատակին։ Ցավոք, ներկայումս Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը կասեցված է։ Դա իսկապես տխուր է, դա անչափ ցավալի է»,— ասել է դեսպանը:
- «Վրաստանը ՀՀ համար ունի ռազմաքաղաքական նշանակություն». կարծիք Երևանից
- Ադրբեջանի իշխանամետ ԶԼՄ-ներն աջակցում էին Վրաստանում «ռուսական» օրենքի ընդունմանը. ինչո՞ւ
Պավել Գերչինսկին մտահոգություն է հայտնել, որ Վրաստանը զգալիորեն զիջում է մյուս թեկնածու երկրներին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին․
«Ես անկեղծորեն հուսով եմ, որ 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նորաստեղծ կառավարությունը, ինչպիսին էլ որ այն լինի, կվերսկսի լուրջ աշխատանքը Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ»։
Դեսպանը հիշեցրել է, որ Եվրամիությունը մի քանի ամիս է, ինչ շատ հստակ ազդակներ է ուղարկում վրացական իշխանություններին, որ եթե ընդունվի արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքը, դա կունենա հետևանքներ.
«Օրենքն այնուամենայնիվ ընդունվեց։ Հիմա, ցավոք, եկել է արդյունքների ամփոփման պահը»։
Ավելի վաղ ԱՄՆ հայտարարել էր Վրաստանի հետ գործընկերության վերանայման մեկնարկի մասին։
Հունիսին հայտարարվեց վրացական իշխանությունների դեմ պատժամիջոցների առաջին փաթեթի մասին։ Այն վերաբերում էր վրացի պատգամավորների, անվտանգության աշխատակիցների, իշխող կուսակցության անդամների։
Հուլիսի սկզբին ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգեց 2016 թվականից Վրաստանում անցկացվող «Արժանի գործընկեր» ամերիկա-վրացական համատեղ զորավարժությունները։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական դեպարտամենտի տնօրեն Մայքլ Քարփենթերն ասել է, որ այս որոշումն ընդունվել է երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամբողջական վերանայման շրջանակներում։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ որոշումը պայմանավորված է «Վրաստանի կառավարության կողմից ԱՄՆ-ի և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»: