ԵՄ դիտորդները Հայաստանում կմնան ևս 2 տարի․ ի՞նչ զարգացումների սպասել
ԵՄ դիտորդները ՀՀ-ում կմնան մինչև 2027 թ․-ը
Եվրամիության դիտորդները Հայաստանում պարեկություն կիրականացնեն ևս 2 տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Նախօրեին Բրյուսելում այդ որոշմանը հավանություն են տվել ԵՄ անդամ երկրների դեսպանները։ Այսօր առաքելության մանդատի երկարաձգման որոշումը հաստատել է նաև ԵՄ խորհուրդը։
Պարզ չէ՝ ինչպես կազդի կայացված որոշումը ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի կնքման վրա։ Փաստաթղթի դեռևս չհամաձայնեցված դրույթներից մեկը վերաբերում է «սահմանին օտար ուժերի բացակայությանը»։ Այդ ձևակերպման տակ ադրբեջանական կողմը նկատի ունի հենց Եվրամիության դիտորդներին։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է՝ մինչև վերջին պահը ձգձգելն ու փետրվարից օրեր առաջ առաքելությունը երկարաձգելը կապված է նրա հետ, որ կար հավանականություն՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ ձեռք կբերեն և դրանց շրջանակում պարզ կլինի՝ ինչ անել առաքելության հետ։
«Որոշումը հաստատվեց, ինչը ենթադրելու տեղիք է տալիս, որ խաղաղության պայմանագրի հարցում առաջընթաց չկա, և փաստացի սահմանին երրորդ երկրների ներկայության վերաբերյալ համաձայնությունը ձախողվել է։ Սա նշանակում է՝ գոնե այս փուլում պայմանագրի ստորագրումը ձախողվել է»,- JAMnews-ի հետ զրույցում նկատել է նա։
- «Կփորձենք բալանսավորել հարաբերությունները Եվրամիության և ՌԴ հետ»․ Փաշինյան
- ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցության գործընթաց կմեկնարկի․ կառավարությունը կողմ է «Եվրաքվեին»
- «ԵՄ-ն Հայաստանից երաշխիք է ուզում, որը չկարողացավ տալ Վրաստանը»․ կարծիք
Դիտորդները 2022 թ․-ի վերջից ՀՀ-ում են, նաև Բաքվի և Մոսկվայի քննադատության առանցքում
2022 թ․-ի հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո դիտորդները ՀՀ էին եկել երկու ամսով, այնուհետև նրանց տեղակայման ժամկետը երկարաձգվեց, կազմը՝ ընդլայնվեց։ 2023 թ.-ի փետրվարին Հայաստան ժամանեցին 100 քաղաքացիական դիտորդներ, ամիսներ անց նրանց թիվը կրկնապատկվեց։
Առաքելությունն այս ընթացքում Հայաստանում ձևավորել է մի քանի գրասենյակներ՝ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում և Իջևանում: Գրասենյակային աշխատանքներից բացի դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում սահմանամերձ շրջաններում:
Բաքուն քննադատում է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, նշում, որ այն սահմանին է տեղակայվել առանց իր համաձայնության։ Հայտարարում է, թե դիտորդները «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի նախապատրաստման համար»:
2025 թ․-ի տարեսկզբին դիտորդներին սպառնացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ իրականացված պարեկությանը․
«Չեմ ուզում ցույց տալ, թե ինչ արագությամբ կփախչեն այնտեղից, եթե ինչ-որ մեկը պատահաբար մտնի Ադրբեջանի տարածք։ Մենք նրանց ասել ենք՝ դադարեցնել հեռադիտակների ցուցադրությունը։ Սակայն վերջերս եվրոպական երկրի նախագահը [նկատի ունի Անջեյ Դուդային] դրսևորել է անպարկեշտ պահվածք՝ հեռադիտակով Ադրբեջանին հետևելով։
Մի՞թե չէր տեսել մեկ շաբաթ առաջ, երբ այստեղ էր՝ Բաքվում։ Եթե ցանկանում էր նայել, ես նրան կուղարկեի Ղարաբաղ՝ սարերին նայելու։ Դա նշանակում է վերաբերմունք։ Թշնամուն եք նայում հեռադիտակով»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
Պարբերաբար տեսանյութեր է հրապարակում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը՝ ցուցադրելով «լրտեսների» տեղաշարժը։
Հատկանշական է, որ տեղեկատվական դաշտում Բաքվին երկրորդում է նաև պաշտոնական Մոսկվան՝ պնդելով, որ առաքելությունը «հետախուզական տվյալներ է հավաքագրում՝ ընդդեմ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի»։
Ռուսաստանի արտգործնախարարը մինչև անգամ հայտարարել է, թե գործ ունենք «ՆԱՏՕ-ի առաքելության» հետ։ Դա տեղի է ունեցել, մասնավորապես՝ առաքելության կազմում կանադացի դիտորդների ներգրավումից հետո։
«ԵՄ-ն անփոփոխ է թողել առաքելության մանդատը»․ ի՞նչ է հաղորդվել
«Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի փոխանցմամբ՝ միությունն անփոփոխ է թողել դիտորդական առաքելության մանդատը, այն է՝
- նպաստել Հայաստանի սահմանամերձ և հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը,
- նվազեցնել այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը և դրանով նպաստել գետնի վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ-ում տեղակայված դիտորդների թիվը կմնա նույնը՝ 165 միջազգային և 44 հայաստանցի աշխատակիցներ։
Դիտորդները պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, այդ թվում՝ Նախիջևանի հատվածում։ Սակայն առկա ռեսուրսներով նրանք ի վիճակի չեն նկատել սահմանի երկայնքով տեղի ունեցող ցանկացած միջադեպ։
«Պարեկները ձգտում են այցելել այն վայրեր, որտեղ տեղի են ունեցել միջադեպեր, այնուհետև զեկուցել այդ մասին Եվրամիության կենտրոնակայան՝ հիմք ընդունելով բաց աղբյուրներից ու վստահելի ականատեսներից ստացված տեղեկությունները»,- հայտարարել են առաքելությունից։
Չնայած ադրբեջանական կողմի քննադատություններին՝ հայտնի է, որ առաքելությունը նախքան պարեկության դուրս գալը նախապես իր տեղաշարժի մասին տեղեկացնում է Բաքվին։
Առաքելության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դա արվում է «անվտանգության նկատառումներից ելնելով և դիտորդության սահուն իրականացման համար»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ԵՄ դիտորդների ներկայության հարցը կարևոր գործոն է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տրամաբանության մեջ։ Շեշտում է՝ առաքելության երկարաձգումը ավելի չի հեռացրել խաղաղության պայմանագիր ստորագրելու հեռանկարը, բայց չի էլ մոտեցրել այն․
«Ադրբեջանում գուցե հույս ունեին, որ ժամկետը կավարտվի և գուցե ՀՀ-ն այլևս համարձակություն չունենա շարունակել առաքելություն տեղակայման գործընթացը, բայց Հայաստանն այդ համարձակությունն ունեցավ»։
Ղևոնդյանի դիտարկմամբ՝ Բաքվի համար ընդունելի չէ միայն սահմանազատված հատվածերից դիտորդներին դուրս բերելու Երևանի առաջարկը։ Ասում է՝ հակառակ դեպքում կողմերին կհաջողվեր որևէ համաձայնության հասնել այս հարցում։
«Եթե որևէ առաջարկի շուրջ համաձայնություն լիներ, ապա հաստատումը [առաքելության երկարաձգումը] վերապահումներով կամ մոտեցումների փոփոխություններով կլիներ։ Քանի որ դրանցից որևէ մեկը չկա, ենթադրվում է՝ Բաքուն բոլոր տարբերակները մերժել է»,- պարզաբանել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է նման կարգավորում սահմանել միայն սահմանազատված հատվածների համար, որտեղ «օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ԵՄ դիտորդները կշարունակեն նվազեցնել սահմանային էսկալացիաների հավանականությունը՝ այնպես, ինչպես նախորդ երկու տարիներին։
Շեշտոմ է՝ զուգահեռ ՀՀ-ն պետք է իրականացնի իր տնային աշխատանքը, որը ներառում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա, նոր գործընկերների ձեռքբերում, ԶՈՒ բարեփոխումներ, տնտեսական կարողությունների ավելացում և այլն։
Ըստ նրա՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը կարձագանքեն որոշմանը։ Ղևոնդյանը Բաքվից «հերթական գազազած հայտարարությունն» է սպասում, Մոսկվայից՝ «լրտեսներին» ուղղված նոր քննադատություն։
Ընդգծում է՝ ադրբեջանական կողմի համար կարևոր է ոչ թե դիտորդների տեղաշարժը, որից նա տեղյակ է, այլ այն, որ «միջազգային հանրությունն ընդունի, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանային հեգեմոն պետություն», որի հետ պետք է համաձայնեցնել Հայաստանի, ինչու ոչ, նաև Վրաստանի հետ իրականացվող ցանկացած գործողություն։
«Երբ Եվրամիությունը ՀՀ հետ պայմանավորվածություն է ձեռք բերում դիտորդների տեղակայման վերաբերյալ, որն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, և դա Բաքվի հետ համաձայնության արդյունք չէ, Ադրբեջանը նյարդայնանում է, հասկանում է, որ իրեն չեն ընդունում որպես հեգեմոն պետություն»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԵՄ դիտորդները ՀՀ-ում կմնան մինչև 2027 թ․-ը