«Կզսպի Բաքվի ապակայունացնող քայլերը»․ ԵՄ առաքելությունն ընդլայնվում է
ԵՄ առաքելության դաշտային գրասենյակներ
Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ նախատեսում են առաջիկա ամիսներին հիմնել երեք լրացուցիչ դաշտային գրասենյակներ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում:
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասում է՝ սա այն ուղղությունն է, որտեղ «Ադրբեջանն ապօրինաբար ներկա է»։ Ըստ նրա՝ նշված կետերում մշտադիտարկումը հնարավորություն կտա, որ Բաքուն ապակառուցողական, ապակայունացնող քայլերի չդիմի։
Ի՞նչ է հայտարարել առաքելության ղեկավարը, մեկնաբանություն
Ավելի քան 300 պարեկություն՝ 4 ամսում
Եվրամիության դիտորդների կատարած աշխատանքն է՝ սկսած փետրվարի 20-ից։ Երկու տարով Հայաստանում տեղակայված առաքելության անդամների իրականացրած պարեկության ընդհանուր երկարությունը կազմել է 3800 կիլոմետր։
Մարկուս Ռիտերի գնահատմամբ՝ առաքելությունը ծավալվել է «աննախադեպ արագությամբ»։ Նա հայտնել է, որ մինչ այս դաշտային գրասենյակներ, կամ օպերատիվ կենտրոններ էին գործում Գորիս, Ջերմուկ և Մարտունի քաղաքներում։
«Մեր նպատակն է նպաստել է անվտանգային իրավիճակի կայունացմանը սահմանամերձ շրջաններում: Հայաստանի տարբեր պաշտոնյաների վկայությամբ մեր աշխատանքը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը: Սակայն այն շարունակում է մնալ անկայուն»,- ընդգծել է նա։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ լրացուցիչ դաշտային գրասենյակների անհրաժեշտության մասին պատկերացում կազմելու համար պետք է դիմել քարտեզի օգնությանն ու ուսումնասիրել տեղանքը։
«Եղեգնաձորի շրջանում ուժերի հավելյալ կուտակումներն ու Ադրբեջանի ակտիվացումը նպատակ ունեն Տիգրանաշեն-Եղեգնաձոր կապուղին կտրել, այս փոքր հատվածում ճեղքում իրականացնել և պոկել Սյունիքը»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է նա։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ միջազգային դերակատարները փորձում են դա թույլ չտալ, սակայն ծանրակշիռ դեր ունի նաև հայկական զինուժի մարտունակության բարձրացումը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ դիտորդական առաքելությունը հնարավորություն է տալիս, որ Բաքուն չկարողանա «բարոյական հիմքեր» ստեղծել ռազմական ագրեսիայի համար։
Ասում է՝ «բարոյական հիմք» կհանդիսանա այն, եթե ադրբեջանական կողմին հաջողվի «շինծու պատրվակներ բերել» և հայտարարել, թե հայկական կողմն է նախահարձակ եղել։ Վերջինը, ըստ նրա, անհնար է հիմնավորել առաքելության ներկայության պայմաններում։ Սիմոնյանը վստահեցնում է՝ այդ ներկայությունը միայն մշտադիտարկում իրականացնելով չէ, որ դրսևորվում է․
«Առաքելության շտաբը հաշվի է առնում, քննության է ենթարկում հայկական կողմի տրամադրած փաստական ապացույցները, այնուհետև դրանք զեկույցների տեսքով ներկայացնում ԵՄ-ին, ԵՄ անդամ երկրներին և շահառու կողմերին»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ հիմք են ընդունում նաև պաշտպանական գերատեսչության կողմից սահմանի երկայնքով տեղադրված տեսախցիկների արձանագրումները։ Օրինակ է բերում ապրիլ ամսին Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ռազմական բախումներն ու ընդգծում, որ «Ադրբեջանը չկարողացավ սադրանքը փաթեթավորել՝ իբրև հայկական կողմի ագրեսիա, քանի որ նկարահանված էր, փաստական նյութ կար»։
Ամիսներ առաջ ԵՄ առաքելության ղեկավարը հանդես էր եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ ասելով, թե Ադրբեջանին տեղյակ են պահում՝ երբ և որտեղ են մոնիթորինգ իրականացնելու։ Սիմոնյանը կարծում է՝ դա «Ադրբեջանի՝ սադրանքների չդիմելու» համար է արվում։
«Ոչ թե նախապես զգուշացնում են, թե՝ գալիս ենք, ոչ մի բան չիրականացնեք, այլ՝ մենք ենք լինելու, ի գիտություն ընդունեք։ Այդ տեղաշարժերը տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին կամ շփման գոտում, դրա համար էլ տեղեկացնում են, որ կրակ չբացեն»,- նկատում է նա։
Եվրամիության առաքելության գործունեությունը դրական է գնահատում։ Ասում է՝ իրենց առջև դրված խնդիրը, այն է՝ լայնածավալ պատերազմի հնարավորությունների բացառումը, իրականացնում են։ Գուրգեն Սիմոնյանը մատնանշում է այն հանգամանքը, որ 2021 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից ի վեր, մասնավորապես՝ դիտորդների տեղակայումից հետո «որևէ խոշորամասշտաբ ռազմական ագրեսիայի ականատես չենք եղել»։
Շեշտում է՝ առաքելության գործունեությանը, ինչպես նաև եվրոպական հարթակում ընթացող հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը պետք է դիտարկել Արևմուտքի որդեգրած քաղաքականության շրջանակներում։
«Իսկ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ առաջնորդությամբ շահագրգռված չէ տարածաշրջանում որևէ ռազմական ընդհարմամբ, էսկալացիայով»,- ամփոփում է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԵՄ առաքելության դաշտային գրասենյակներ