ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկ ՀՀ-ում․ Եվրոպայի դիրքորոշումը դեռ հայտնի չէ
ԵՄ անդամակցության գործընթացի մասին ՀՀ-ում
Հայաստանն առաջին պաշտոնական և ֆորմալ քայլն է կատարել դեպի Եվրամիություն։ Երկրի խորհրդարանն առաջին ըներցմամբ ընդունել է օրինագիծ, որը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունը՝ արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով ՀՀ-ն դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր հայտարարում է Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»։ Այս գործընթացի հաջորդ տրամաբանական փուլը պետք է լինի ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։ Եվ կա տպավորություն, որ քաղաքացիների մեծամասնությունը պատրաստ է կողմ քվեարկել։
Բոլոր մանրամասները. ի՞նչ ճանապարհ է անցել նախաձեռնությունը, ի՞նչ են ակնկալում դրանից հասարակությունում, ի՞նչ սպասելիքներ ունեն արևմտամետ ուժերն ու իշխանությունները, ի՞նչն է անհանգստացնում ընդդիմությանը։
- ՀՀ-ն տարածաշրջանի առաջատարն է ժողովրդավարության հարցում՝ չնայած հետընթացին. զեկույց
- «Հայ գերիների ճակատագիրը կարող է մնալ Բաքվի քմահաճույքների տիրույթում»․ կարծիք Երևանից
- «Որոշ երկրներ շահագրգռված չեն՝ Հայաստանը նորից ՌԴ հետնաբակ դառնա»․ քննարկումներ Երևանում
ԵՄ անդամակցության օրինագիծը՝ քաղաքացիական նախաձեռնություն
Այն, որ Երևանում և մյուս բնակավայրերում ընթանում է Եվրամիությանն անդամակցության համար ստորագրահավաքը, կարելի էր կռահել մայրուղիներին փակցված վահանակներից։ Նախաձեռնությանն աջակցելու կոչով նաև հոլովակներ էին ցուցադրում նաև հեռուստատեսային ալինքերը։ Գաղափարի հեղինակները Հայաստանի երեք արևմտամետ կուսակցություններն են՝ «Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և «Հայաստանի եվրոպական կուսակցություն», ինչպես նաև «Ազատ քաղաքացի» ՀԿ-ն։

Նախ նրանք Հայաստանի ԿԸՀ-ում գրանցել էին քաղաքացիական նախաձեռնություն և կազմակերպել լսումներ երկրի խորհրդարանում։
Ըստ սահմանադրության, եթե 60 օրվա ընթացքում կազմակերպիչներին հաջողվում է հավաքել 50 հազար ձայն, ապա նախաձեռնությունը ներառվում է խորհրդարանի օրակարգում։ Եվ պատգամավորներն արդեն պարտավոր են քննարկել Ազգային ժողով ներկայացված օրինագիծը ու որոշում կայացնել։
Նախաձեռնող կողմը հատկացված օրերի ընթացքում հավաքեց ստոգրությունների անհրաժեշտ քանակը։ Արդյունքում, նախաձեռնության մասին ակտիվորեն սկսեցին խոսել ոչ միայն երկրում, այլև դրա սահմաններից դուրս։
«Մենք դիտարկում ենք Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ոչ միայն քաղաքակրթական ուղղվածության և աշխարհաքաղաքական միությանն անդամակցելու տեսանկյունից, այլև երկրի անվտանգության և տնտեսական տեսանկյունից։ Մենք տեսնում ենք, որ անվտանգության տեսանկյունից Հայաստանը ավելի սերտ հարաբերությունների մեջ է մտնում Եվրամիության անդամ երկրների հետ, ինչպես նաև գլոբալ Արևմուտքի հետ, որի դարպասները մեզ համար հենց Եվրամիությունն է բացում»,— խորհրդարանում քվեարկությունից առաջ հայտարարեց նախաձեռնության հեղինակներից մեկը՝ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։
Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը
Չնայած նրան, որ նախաձեռնությունը առաջ քաշեցին արևմտամետ քաղաքական գործիչները, Հայաստանի վերլուծաբանների մի մասը կարծում է, որ դրա ոչ ֆորմալ հեղինակը իշխող կուսակցությունն է։ Նրանք մնացին այդ կարծիքին, թեև գաղափարի քննարկումների առաջին փուլում իշխող թիմը չէր աջակցում դրան և կասկած էր հայտնում՝ արդյո՞ք նպատակահարմար է սկսել այս գործընթացը։
Իրենց դիրքորոշումը պարզաբանելով՝ հիշեցնում էին, որ Հայաստանի կառավարությունն արդեն մի քանի տարի է՝ հայտարարում է Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու պատրաստակամության մասին։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը Եվրախորհրդարանի ամբիոնից խոսել է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ ԵՄ-ին, որքան դա հնարավոր կհամարեն Բրյուսելում։
Հասարակության մեջ տրամադրությունները նույնպես փոփոխության էին ենթարկվում վերջին տարիներին։ Ռուսաստանից՝ որպես դաշնակիցից, հիասթափությունը սկսվեց 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից հետո։ Այն ավելի խորացավ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից և ավելի քան 100 հազար հայերի արտագաղթից հետո։ Ռուսական խաղաղապահների անգործության մասին, որոնք պարտավորված էին կանխել այս ամենը, Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է Պուտինի հետ հանդիպումների ընթացքում։
Բայց վերջին կաթիլը դարձավ ադրբեջանական Զինված ուժերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, որին ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և դրա հավանու տակ գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքը ոչ մի կերպ չարձագանքեցին։ Փաստացի դաշնակիցները մերժեցին հայկական իշխանությունների խնդրանքը ռազմական օգնություն տրամադրել։ Դրանից հետո երկիրը սառեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։
Դրանից հետո բազմաթիվ կարևորագույն որոշումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շրջանակներում ընդունվեցին եվրոպական հարթակներում, ոչ թե Մոսկվայում։
Եվրոպայի հետ համագործակցության խորացման կարևոր գործոն հանդիսացավ նաև ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որն արդեն մի քանի տարի վերահսկում է հայ-ադրբեջանական սահմանը։ Հայաստանի բնակիչների մեծամասնությունը համոզված է, որ հենց եվրոպական դիտորդների շնորհիվ է սահմանին կայունություն հաստատվել։ Այս զագցողությունն ամրապնդում է նաև Ադրբեջանի տևական պահանջը, որ Հայաստանը հրաժարվի առաքելության ծառայություններից։ Բաքվում այն ձևակերպում են՝ «սահմանին երրորդ ուժերից հրաժարում» և Ռուսաստանի հետ միասին մեղադրում են առաքելությանը լրտեսության մեջ։

Քանի որ այժմ Հայաստանի բնակչության համար առավել կարևոր խնդիրը անվտանգությունն է, որը պահպանվում է եվրոպական գործընկերների շնորհիվ, զարմանալի չէր, որ մարդիկ աջակցեցին ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի նախաձեռնությանը։
Միևնույն ժամանակ, իշխող թիմի սկզբնական արձագանքը վստահություն չէր ներշնչում, որ պատգամավորները հավանություն կտան օրինագծին։ Օրինագծի ճակատագիրը պարզ դարձավ, երբ այն անսպասելիորեն քննարկվեց և հավանության արժանացավ կառավարության կողմից։ Դրանից հետո արդեն պարզ էր, որ իշխող մեծամասնությունը կընդունի այն։
Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն անվտանգության տեսանկյունից շատ կարևոր բաղադրիչ է։ Բացատրեց՝ օրենքի ընդունումը չի նշանակում, որ ՀՀ-ն դարձել է անդամ կամ ԵՄ անդամության թեկնածու։ Միևնույն ժամանակ շեշտեց, որ այսպիսով կառավարությունը ժողովրդին տրամադրել է ընտրության լայն հնարավորություն, այդ թվում՝ բովանդակային քննարկումների հանար։ Ըստ վարչապետի՝ Հայաստանը լուրջ ռիսկերի առջև է հայտնվել։ Եվ ի պատասխան դրանց բալանսավորված արտաքին քաղաքականություն է վարում, որպեսզի ապահովի հավասարակշռություն և կայունություն։
Ընդդիմության մոտեցումը
Եթե Հայաստանի իշխանությունները Եվրամիության հետ մերձեցման համատեքստում խոսում են երկրի անվտանգության ամրապնդման մասին, ապա խորհրդարանական ընդդիմությունը տեսնում է միայն ռիսկերի խորացում: Ընդդիմադիրների կարծիքով, առաջին հերթին, անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչ է սպասվում երկրին, եթե վերջնականապես փլուզվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Օրինագիծը Հայաստանը ներքաշում է աշխարհաքաղաքական հակամարտության մեջ: Իսկ դա կհանգեցնի նրա կենսունակության ուղղակի սպառնալիքի: Ընդ որում, հայտնի չէ, թե որքան կտևի այս գործընթացը, և չի՞ լինի արդյոք այնպես, որ ինչ-որ պահի ԵՄ-ն այլևս գոյություն չի ունենա»,- ասեկ է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Հայաստան» խմբակցությունը, որի առաջնորդը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ընդհանրապես չի մասնակցել ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քվեարկությանը:
Եվրաինտեգրման գործընթացին դեմ է նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որի ոչ պաշտոնական ղեկավարը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է: Հենց նա 2013 թվականին մեկ գիշերվա ընթացքում որոշում կայացրեց հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից՝ հօգուտ Ռուսաստանի առաջնորդությամբ Եվրասիական մաքսային միությանը միանալու:
Երկու նախկին նախագահներն էլ իրենց պաշտոնավարման տարիներին վարել են ռուսամետ քաղաքականություն և այժմ չեն փոխել իրենց դիրքորոշումը:
Ի՞նչ են մտածում Հայաստանի եվրաինտեգրման մասին Ռուսաստանում
Եթե սկզբնական շրջանում Ռուսաստանը զուսպ էր արձագանքում Հայաստանի իշխանությունների հայտարարություններին եվրաինտեգրման մասին, ապա օրենսդրական նախաձեռնությունն արդեն ակնհայտ դժգոհություն առաջացրեց։ Նախ հայտարարությամբ հանդես եկավ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը համարվում է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների գլխավոր համակարգողը.
«Մեզ համար, իհարկե, սա ազդանշան է, որ Եվրամիությանը միանալու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է: Սա բացարձակապես ակնհայտ է ցանկացած մարդու համար, որը գոնե մի փոքր ծանոթ է այս երկու ինտեգրացիոն միավորումների կառուցվածքին: Եվ այն մարդիկ, որոնք հիմա, ես գիտեմ, պնդում են, թե իբր հնարավոր կլինի գտնել ինչ-որ լուծում, նրանք, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին»:
Ավելի ուշ Օվերչուկի խոսքերը հաստատեց նաև Ռուսաստանի գլխավոր դիվանագետ Սերգեյ Լավրովը.
«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը անհամատեղելի է Երևանի՝ Եվրամիությանը անդամակցելու ցանկության հետ, քանի որ այս միջազգային միավորումները գործում են տարբեր սկզբունքներով»:
Ինչպես պնդում են հայ վերլուծաբանները, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից, ապա Երևանին անկասկած սպասում են որոշակի սահմանափակումներ, ճնշումներ և տնտեսական պատժամիջոցներ:
Հետդարձի ճանապարհ չկա
Մինչ երկրի իշխանությունները շարունակում են հավասարակշռության քաղաքականությունը և կտրուկ քայլեր չեն ձեռնարկում, եվրոպամետ քաղաքական ուժերը ժողովրդականություն են ձեռք բերում: Բացի այդ, նրանք հայտարարում են ընտրված ուղու անշրջելիության մասին: «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեղրաբյանը կարծում է, որ դա ժողովրդի կամքի արտահայտությունն է.
«Հավաստի արդյունքներով սոցիալական հարցումները վկայում են, որ այս ամենը միանշանակ համահունչ է հայ հասարակության ակնկալիքներին: Եվ մեր հասարակության մեջ հստակ ձևավորված է համապատասխան պատնեշ: Դա անցյալի և ապագայի միջև պատնեշն է, որտեղ ապագան Եվրոպան է, իսկ անցյալը՝ Ռուսաստանը»:
Այժմ գլխավոր հարցն է՝ երբ կկայանա ԵՄ անդամակցության հանրաքվեն: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միայն այդպես կարող է որոշում կայացվել արտաքին քաղաքական ուղղության պաշտոնական փոփոխության մասին: Բայց այս ուղղությամբ որևէ կոնկրետ քայլեր առայժմ չեն իրականացվում:
Ամենայն հավանականությամբ, մոտակա ժամանակահատվածում այդպիսի քայլեր չեն լինի: ՀՀ-ն մոտենում է նախընտրական շրջափուլին: Խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարի: Եվ հենց դրանց արդյունքները կարող են վճռական ազդեցություն ունենալ Հայաստանի եվրոպական հավակնությունների վրա:
Ռուբեն Մեղրաբյանը վստահ է, որ այն կուսակցությունները, որոնք դեմ են եվրաինտեգրմանը, այս ընտրություններում շանսեր չեն ունենա.
«Վերջին 4 տարիների ընթացքում մարդկանց գիտակցության մեջ տեղի են ունեցել պատմական մասշտաբի փոփոխություններ: Եվ դա մեծ մասամբ պայմանավորված է 2022 թվականի իրադարձություններով, որովհետև մինչ այդ մենք գործ ունեիք իներցիայի հետ: Այդ իներցիան վերացավ 2022 թվականի սեպտեմբերին, երբ չմնաց որևէ պատրանք այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կան ինչ-որ շահեր, նպատակներ, արժեքներ: Պարզ դարձավ, որ մեկը մյուսին հակացուցված է»:
2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ ադրբեջանական ստորաբաժանումների առաջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք: Այնուհետև այդ փորձերը կրկնվեցին: Խոսքը Հայաստանի տարածքի 200 քառ. կմ օկուպացիայի մասին է: Ի պատասխան Հայաստանի իշխանությունների ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքին՝ ՌԴ առաջնորդությամբ գործող ՀԱՊԿ ռազմական բլոկի դաշնակիցները հայտարարեցին, որ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ:
Նիկոլ Փաշինյանն այդ հայտարաությանն այսպես արձագանքեց․ «Ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, քանի որ ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով: Եթե սահման չկա, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն»:

Ի՞նչ է ստացվում վերջնական արդյունքում
Հայաստանի և Եվրոպական միության մերձեցումը փաստացի ունի աշխարհաքաղաքական համատեքստ: Անհնար է հաշվի չառնել հետևանքները, որոնք կարող են առաջանալ, քայլերը, որոնք կձեռնարկի Ռուսաստանը: Միամիտ կլիներ կարծել, թե Մոսկվան առանց դիմադրության թույլ կտա Երևանին հեռանալ՝ հատկապես ուկրաինական իրադարձությունների ֆոնին:
Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից միայն մեծացել է: Եվ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին այն չի նվազել: Առնվազն դրա մասին են վկայում տնտեսական ցուցանիշները:
Մեկ այլ խոչընդոտ, որի մասին նախազգուշացնում են փորձագետները, Թուրքիան է: Հենց այս երկրով է անցնում Հայաստանի համար ամենակարճ ճանապարհը դեպի Եվրոպա: Բայց սահմանը փակ է 1993 թվականից, և թե երբ կբացվի, պարզ չէ:
Այս ամենով հանդերձ, հայ հասարակությունն ավելի ու ավելի է ձգտում դեպի Եվրոպա: Եվ թվում է՝ Երևանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխությունը միայն ժամանակի հարց է:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԵՄ անդամակցության գործընթացի մասին ՀՀ-ում