«Եթե պատերազմի այլընտրանքը խաղաղությունը լիներ, ես այն կընտրեի»
Լոնդոնի Չելսի թաղամասով զբոսանքը Լեյլային բերում է հայկական եկեղեցի, և աղջիկը որոշում է լուսանկարել այն ֆեյսբուքյան փակ խմբի իր նոր ծանոթների համար, որտեղ ադրբեջանցիներն ու հայերը քննարկում են «գինին, կինոն և դոմինոն»՝ աշխատելով խուսափել սուր թեմաներից և կոնֆլիկտներից։ 33-ամյա ադրբեջանցի Լեյլան արդեն երկու տարի է Մեծ Բրիտանիայում է ապրում։ Թեև 2020 թ-ի Արցախյան պատերազմը տեղի էր ունենում Լոնդոնից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, ապրումների սրության վրա դա չէր ազդել։
«Ինձ անգամ թվում էր, որ հեռավորության վրա ես այն ավելի սուր եմ զգում, քան եթե Բաքվում լինեի։ Ուրիշ ոչնչի մասին չէի կարողանում մտածել։ Եվ սա այն դեպքում, երբ պատերազմն անձամբ իմ ընտանիքին կամ իմ ծանոթներին չէր դիպչել։ Լոնդոնում ես մենակ եմ ապրում, և կարանտինի պայմաններում ցրվելու տարբերակներն այնքան էլ շատ չէին։ Առաջին մի քանի շաբաթը չէի կարողանում նորմալ աշխատել, որովհետև անընդհատ հեռախոսի մեջ էի․ նորություններ, մեսինջերներ, Տելեգրամ և այսպես շարունակ։ Բանը հասել էր նրան, որ հոգեթերապևտի մոտ սեանսների գրանցվեցի, որովհետև շատ տագնապալի էր վիճակս։
Ես խառը զգացողություններ ունեի։ Մի կողմից՝ սարսափում էի՝ հասկանալով, որ պատերազմը չարիք է, ավելի վատ բան մարդկությունը չի հորինել։ Մասնագիտությունիցս ելնելով [բիզնես-նախագծերի վերլուծաբան – խմբ․]՝ գիտեմ, որ ցանկացած նախագծի գնահատման համար չափազանց կարևոր է ճիշտ հասկանալ այլընտրանքային սցենարը։ Այսպիսով՝ եթե պատերազմի այլընտրանքը խաղաղությունը լիներ, առանց մտածելու այն կընտրեի։ Սակայն բանակցություններն արդեն երկար տարիներ փակուղի էին մտել, և ես տեսնում էի, որ այլընտրանքն այդ դեպքում դանդաղընթաց «հրադադարն է», որը տասնամյակներ էր ձգվում և բերում էր մահվան, ատելության և էլ ավելի մեծ օտարացման։ Վստահ չեմ, որ դա պատերազմից շատ ավելի լավ էր։
Ես Մեծ Բրիտանիայում ապրող ադրբեջանցիների ֆեյսբուքյան խմբի անդամ եմ, և դրա մասնակիցները, որպես մասնավոր նախաձեռնություն, փող էին հավաքում՝ զոհվածների ընտանիքներին և հաշմանդամներին օգնելու։ Նրանք հիմա էլ են դա անում՝ ամսական բաժանորդագրման նման մի բան կազմակերպելով։
Վատն այն էր, որ ես ոչ մի բարոյական աջակցություն չէի ստանում իմ օտարերկրյա ընկերներից և գործընկերներից։ Չէ, ես չէի սպասում, որ նրանք կողմերից մեկին են պաշտպանելու։ Ավելին, կարծում եմ, որ նման բարդ հակամարտությունների դեպքում խելացի մարդը կողքից ավելի լավ է՝ նման բան չանի։ Բաքվում իմ հարազատներին ուղղված աջակցության և անհանգստության խոսք լսել եմ միայն մի քանի հոգուց։ Եվս մի քանի հոգի արձագանքել էր, երբ ես սոցցանցերում բաց տեքստով գրել էի, որ լավ չեմ զգում։
Ես տագնապում էի տարբեր հույզերից։ Արտասվեցի, երբ Մատաղիսում բարձրացրին Ադրբեջանի դրոշը, անհամբեր սպասում էի, երբ են նախարարները դուրս գալու տասժամյա բանակցություններից, լալիս էի, երբ ռմբակոծում էին Գյանջան և Բարդան, չէի հավատում աչքերիս և ականջներիս, երբ վերցրին Շուշին, ուրախանում էի, երբ խաղաղության համաձայնագիր էին ստորագրում։
Պետք է նաև նշել, որ ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ղարաբաղի նկատմամբ։ Պապս արմատներով Լաչինից էր, իսկ ընտանիքիս մի մասն Աղդամից բռնի տեղահանվածներ են, պատերազմից առաջ նրանք այնտեղ գեղեցիկ այգիով տուն ունեին, որից այժմ ոչինչ չի մնացել։ Ես, իհարկե, ուզում եմ Աղդամ այցելել, թեև հասկանում եմ, որ դա բնավ շուտ չի լինելու։
Այնպես է ստացվել, որ ես կյանքում հայերի չեմ հանդիպել, անգամ համացանցում նրանց հետ չեմ շփվել։ Բայց ընդունեցի մի խմբի մասնակցելու նախկին գործընկերոջս հրավերը, որը ստեղծվել է հայերի և ադրբեջանցիների միջև շփում հաստատելու համար։ Այդ խումբը կարծրատիպեր կոտրելու հնարավորություն է տալիս։ Ինձ բացարձակ բնորոշ չէ ազգայնականությունը կամ ատելությունը մի ողջ ազգի նկատմամբ, բայց 2020 թ-ի սեպտեմբեր-նոյեմբերի տեղեկատվական պատերազմի ժամանակ, երբ սոցցանցերում ամեն տեղից հորդում էր հայհոյանքը, փոխադարձ մեղադրանքները, իսկ համացանցում հանդիպող հայերը հիմնականում համոզված ազգայնականներ էին, ուզես-չուզես սկսում ես ընդհանրացնել և մտածել, որ նրանք բոլորն են այդպիսին։ Իսկ այս խումբը հիանալի հնարավորություն է՝ տեսնելու, որ ոչ բոլորն են այդպիսին։
Խումբը թույլ է տալիս քաղաքակիրթ ձևով շփվել մարդկանց հետ՝ չնայած որոշ հարցերում արմատապես տարբերվող հայացքների։ Եվ դադարել դիվայնացնել և ապամարդկայնացնել հայերին, սովորել նրանց մեջ տեսնել սովորական մարդկանց, որոնք ունեն նույնպիսի զգացմունքներ և մտահոգություններ։ Կարծում եմ, որ հիմա, երբ պատերազմն ավարտվել է, բոլորիս երկար ու բարդ գործընթաց է սպասվում։ Եվ այն պետք է տեղի ունենա ոչ միայն պաշտոնական մակարդակում։ Մենք՝ հասարակ քաղաքացիներս, նույնպես կարող ենք փոքր քայլեր անել խաղաղության ուղղությամբ»։
Եկեղեցու լուսանկարի տակ հայերն ու ադրբեջանցիները կատակում են միայն իրենց հասկանալի ալբանական եկեղեցիների և ի սկզբանե հայկական հողերի մասին՝ հեգնելով տարածված կարծրատիպերը, որոնք երկու երկրների կառավարություններն ու հասարակություններն օգտագործում են տեղեկատվական պատերազմում։ Եվ սա եթե ոչ լավատեսության, ապա գոնե հույսի առիթ է տալիս։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։