«Եթե Հայաստանը չընտրի, կընտրեն նրա փոխարեն»․ կարծիք
Հայաստանը՝ հիբրիդային պատերազմի մեջ
«Պատերազմը չի ավարտվել, Հայաստանը հիբրիդային պատերազմի մեջ է երեք երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ»,- կարծում է քաղաքագետ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։
Ըտս նրա՝ սեպտեմբերյան ռազմական վերջին էսկալացիայի պատճառներից մեկը Բաքվից հաճախակի հնչող «Զանգեզուրի միջանցքի» պահանջն էր։ Ասում է՝ միջանցքային տրամաբանություն է առաջ քաշում ոչ միայն Ադրբեջանը, այլև Ռուսաստանը։
Խոսքը Հայաստանի տարածքով ճանապարհի մասին է, որը կկապի Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանւ հետ։ Հայկական կողմը բազմիցս պատասխանել է Ադրբեջանի այս պահանջին, որ պատրրաստ է տրամադրել ճանապարհ՝ ինչպես պարտավորվել է ըստ 2020 թվականի նոյյեմբերին ստորագրած եռակողմ հայտարարության։ Սական Հայաստանի իշխանությունը կտրականապես դեմ է «միջանցք» ձևակերպմանը, որը չկա այս փաստաթղթում և որը ենթադրում է սուվերենության կորուստ այդ տարածքի նկատմամբ։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է կարողանա ընտրություն կատարել իր առաջնահերթությունների միջև, այլապես կընտրեն իր փոխարեն։ Ոչինչ չընտրելն, ըստ նրա, երկիրը տանելու է ամենամեծ կորուստներին՝ նույնիսկ պետականության։
JAMnews-ն առանձնացրել է Քոչինյանի հարցազրույցի առավել ուշագրավ դրվագները։
«Հիբրիդային պատերազմ՝ տաք փուլերով»
Քոչինյանի համոզմամբ՝ պատերազմը չի ավարտվել։ Ասում է՝ սա Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է, որը «մերթընդմերթ անցնում է տաք պատերազմի ֆորմայի»։
«Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ ոչ թե երկու, այլ երեք պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ։ Բոլոր խնդիրները, որոնց այսօրվա դրությամբ բախվում է Հայաստանը, և պահանջների տարբեր կետերը այս երեք ուժային կենտրոններից են»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետը։
Մինչ այս պաշտոնապես հրապարակված տվյալներով՝ ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 135 զինվորական։ Հայաստանի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 19-ին հրապարակած տվյալներով զոհերի և անհետ կորածների ընդհանուր թիվը 207 է։ Զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, գերեվարվել՝ 20-ը:
Ի՞նչ է պահանջում Ռուսաստանը
Հայ վերլուծաբաններից շատերի կարծիքով՝ էսկալացիայի պատճառն այն է, որ Բաքուն դիվանագիտական ճանապարհով չի կարողանում ստանալ «Զանգեզուրի միջանցքը», փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։
Արեգ Քոչինյանի գնահատմամբ՝ միջանցքային տրամաբանությունը նաև Ռուսաստանի պահանջն է։
Ասում է՝ միջանցքի կայացմամբ ռուսները ոչ միայն հնարավորություն կունենան վերահսկել Ադրբեջան-Նախիջևան, Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը, այլև Հայաստանի սահմանը։
«Եվ եթե ապագայում, օրինակ, իրանական պետությունը բացվում է Արևմուտքի առջև, դա շատ լուրջ արգումենտ է վերահսկելու հայ-իրանական սահմանը և թույլ չտալու ինչ-ինչ տնտեսական կամ էներգետիկ կամ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում։ Այսինքն՝ սա լատենտ հաբ է, որի բացման պարագայում ռուսները ուզում են այնտեղ լինել և ունենալ դրա վերահսկողությունը»,- շեշտել է քաղաքագետը։
«Ղարաբաղի հարցում Բաքուն չունի Ռուսաստանի աջակցությունը»
Արեգ Քոչինյանը կարծիք է հայտնել, որ ի տարբերություն «Զանգեզուրի միջանցքի»՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ռուսական կողմը չի աջակցում Ադրբեջանին։ Պատճառն, ըստ նրա, ակնհայտ է՝ ռուսական խաղաղապահ զորախումբը Ադրբեջանի վրա ճնշման գործիք է, որից Մոսկվան չի ուզում զրկվել,
«Ռուսաստանին ձեռք չի տալիս խաղաղության պայմանագիրն ու կոնֆլիկտի հանգուցալուծումը։ Ռուսաստանին պետք է ստատուս քվո, Հայաստանի և Ադրբեջանի մեջ անվերջ պատերազմ և խաղաղության գործընթաց՝ հանուն գործընթացի, ոչ թե հանուն վերջնակետի»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ հնարավոր խաղաղությունը Մոսկվայի հետ կապելն ինքնախաբեություն է, քանի որ խաղաղության պայմանագրի կնքումը Ռուսաստանի նպատակների մեջ չի մտնում։
Ինչո՞ւ է Արևմուտքը Հարավային Կովկասում խաղաղություն ուզում
Քաղաքագետի խոսքով՝ Արևմուտքը տարածաշրջանում խաղաղություն է ուզում երկու նպատակով՝
- ռուսական ազդեցությունը թուլացնելու համար,
- թուրքական հնարավոր էքսպանսիան թուլացնելու համար։
«Այդ խաղաղության կոդեքսը, այսինքն՝ դրա իրագործման պլանը Արևմուտքին առանձնապես հետաքրքիր չէ։ Արցախը ո՞ւմը կլինի, Արցախը ի՞նչ կարգավիճակ կունենա, դրա դիմաց ով ինչ կվճարի։ Ընդհանուր առմամբ հետաքրքիր է, որպեսզի ճարտարապետական առումով տարածաշրջանում լինի խաղաղություն»,- շեշտել է Քոչինյանը։
«Որ ոչ մի բան չընտրեն, կկորցնենք ամեն ինչ»
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահի խոսքով՝ թիվ մեկ առաջնահերթություն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նկատում է՝ եթե կարիք լինի ընտրել առաջնահերթությունների միջև, Երևանը պետք է ի վիճակի լինել կատարել այդ ընտրությունը, հակառակ դեպքում՝ կընտրեն նրա փոխարեն։
«Ու չի բացառվում, որ ոչ մի բան էլ չընտրեն, մենք միաժամանակ կորցնենք ամեն ինչ՝ պետականությունը կորցնենք՝ մտնելով Միութենական պետություն [Ռուսաստանի հետ], տարածքային ամբողջականությունը կորցնենք՝ միջանցքը տալով»,- ընդգծել է Քոչինյանը։
Նրա կարծիքով՝ լավ տարբերակ չկա, պարզապես պետք է ընտրել, թե դրանցից որն է նվազագույն չափով վատացնում իրավիճակը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի․ ցանկացած զիջում, որը հնարավոր էր երեկ, այսօր այլևս հնարավոր չէ։
Հայաստանը՝ հիբրիդային պատերազմի մեջ