Սկանդալ ԵԱՀԿ նախագահի՝ Վրաստան կատարած այցի շուրջ
ԵԱՀԿ նախագահի այցը Վրաստան
Վրաստանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի այցի կապակցությամբ և բողոքի նոտա է ուղարկել ԵԱՀԿ։
ԵԱՀԿ քարտուղարությանն ուղղված նոտայում ԱԳՆ-ն Էլինա Վալտոնենի այցը Թբիլիսիի Ռուսթավելու կենտրոնական պողոտա, որտեղ պարբերաբար ցույցեր են անցկացվում, անվանել է «հակակառավարական ակտիվիստների փոքրիկ խմբի կազմակերպած փողոցային հանրահավաքին միանալ» և Վալտոնենին մեղադրել Վրաստանում ընթացող իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձի մեջ։
Նոտայում նաև ասվում է, որ Վալտոնենի գործողությունները կարող են գնահատվել որպես նախագահի լիազորությունների չարաշահում։
Նախապատմություն
Էլինա Վալտոնենն պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում և 2025 թվականի հոկտեմբերի 14-ին ժամանել է Ռուսթավելու պողոտա, որտեղ հանդիպել է ցուցարարների հետ և տեսաուղերձ տարածել։
«Խաղաղ ցուցարարները հավաքվել են Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի առջև, որպեսզի հայտնեն իրենց բողոքը երկրի բռնաճնշող քաղաքականության դեմ։ Նրանք լիիրավ իրավունք ունեն ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների։ Մենք այստեղ ենք նրանց աջակցելու համար»,- հայտարարել է Վալտոնենը։
Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել էր «Վրացական երազանք» կուսակցությունից արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, քննադատել Վրաստանի իշխող կուսակցության հակաժողովրդավարական քաղաքականությունը։ Սակայն Վրաստանի ԱԳՆ-ն հանդիպման մասին հրապարակած հաղորդագրության մեջ ոչինչ չէր հայտնել Վալտոնենի քննադատության մասին։
Հոկտեմբերի 15-ին «Վրացական երազանքի» կառավարությունը հրապարակել էր հայտարություն, որտեղ նշվում էր, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է Վալտոնենի հետ հանդիպումը վերջինիս՝ «ապօրինի բողոքի ակցիայի մասնակցության հետ կապված», թեև ավելի ուշ պարզվեց, որ հանդիպումը Ֆինլանդիայի ԱԳՆ-ն է չեղարկել։
Հոկտեմբերի 16-ին Էլինա Վալտոնենը հրապարակավ դիմել է Իրակլի Կոբախիձեին՝ առաջարկելով այցելել Ֆինլանդիա, հանդիպել ազատ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և մասնակցել այնտեղ ցանկացած ցույցի։
Վալտոնենը նաև ընդգծել է, որ Վրաստանի ապագան կախված է միայն վրացի ժողովրդից։
Նույն օրը Վրաստանի ՆԳՆ-ն Վալտոնենին տուգանել է 5000 լարիով (մոտ 1800 դոլար)՝ Ռուսթավելու պողոտայում գտնվելու ժամանակ «ճանապարհը ապօրինի կերպով փակելու» համար։
Ի՞նչ է ասված բողոքի նոտայի տեքստում
«ԵԱՀԿ գործող նախագահի ծրագրից դուրս, որը ներառում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպում, այցելություն օկուպացիայի սահմանագիծ և հանդիպում քաղհասարակության մի քանի ներկայացուցիչների հետ, նախագահ Էլինա Վալտոնենը միացել է հակակառավարական ակտիվիստների փոքրիկ խմբի կազմակերպած փողոցային ակցիային։ Ակտիվիստները հոկտեմբերի 14-ին առանց որևէ խոչընդոտի, բայց ապօրինի փակել էին Թբիլիսիի գլխավոր պողոտան։
Նախարար Վալտոնենի՝ իրականությունը չարտացոլող հրապարակային հայտարարությունը Վրաստանում ընթացող իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրությանը մոլորեցնելու գիտակցված փորձ է։
Այս գործողությունները հակասում են ԵԱՀԿ-ի հետ համագործակցության ոգուն և կարող են գնահատվել որպես գործող նախագահի մանդատի չարաշահում, ինչը խաթարում է վստահությունն ու երևակայական չեզոքությունը։
Բացի այդ, այս գործողություններն անհամատեղելի են միջազգային իրավունքի հետ։ Դրանք հակասում են ԵԱՀԿ կանոններին ու ընթացակարգերին, դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային, ինչպես նաև ընդունված սկզբունքներին, այդ թվում՝ ինքնիշխանության հանդեպ հարգանքին և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, որոնք ամրագրված են Հելսինկյան համաձայնագրերում և ՄԱԿ-ի A/RES/20/213 բանաձևում»,- ասված է բողոքի նոտայի տեքստում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԵԱՀԿ նախագահի այցը Վրաստան