ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներն մայիսի 18-ին հայտարարություն են հրապարակել, որում ասվում է, որ Ադրբեջանն առաջինն է հարված հասցրել ղարաբաղյան հակամարտության գոտում մայիսի 15-ին:
«Մի քանի արժանահավատ աղբյուրներից հավաքած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 15-ին հրթիռ են բաց թողել, որը հատել է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գիծը՝ հարված հասցնելով զինտեխնիկային:
Մայիսի 16-ի երեկոյան և մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան կրակ են արձակել տարբեր տրամաչափի ականանետներից:
Երկու կողմերի գործողություններն էլ հրադադարի ռեժիմի զգալի խախտումներ են ներկայացնում և անհանգստություն առաջացնում», — ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում:
Ինչպես և նախորդ անգամները, միջնորդները քննադատել են ղարաբաղյան հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները և կոչ արել կողմերին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելման համար:
Հայաստանիարձագանքը
Հայաստանում չափազանց կարևոր են համարում, որ Մինսկի խումբն առաջին անգամ հստակ հայտարարություն է արել և մատնացույց արել նրան, ով առաջինն է հարված հասցրել:
«Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին», — ասել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին Կիպրոսում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ։
«Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», — շեշտել է Նալբանդյանը:
«Հակամարտության գոտու շփման գծից ստացվող տեղեկատվության անաչառությունն առանցքային նշանակություն ունի կարգավորման գործընթացի համար… Ադրբեջանական կողմն, ըստ ամենայնի, չի ցանկանում ԵԱՀԿ Մինսկի խմբին հնարավորություն տալ միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Սակայն դա միակ միջոցն է կրճատելու սահմանին տեղի ունեցող արյունոտ միջադեպերի թիվը»:
Ադրբեջանիարձագանքը
«Ադրբեջաննի զինված ուժերը գործում են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում և ապահովում են ողջ երկրի պաշտպանությունը», — այսպես է մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
«Ափսոսանք և զարմանք է առաջացնում այն փաստը, որ առանց ամոթի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշում են, որ մայիսի 16-ին և 17-ին Հայաստանի զինված ուժերը “պատասխան կրակ են բացել”: Հարց է առաջանում. ի՞նչ են անում հայ զինծառայողներն ադրբեջանական հողերում:
Մինչ այս պահն այդ միջազգային կառույցն ու դրա համանախագահները Մինսկի խմբում չեն հայտարարել Հայաստանի կամ նրա հովանավորների կողմից Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու փաստի մասին: Կարելի է ենթադրել, որ համանախագահները նման հայտարարություն են արել որպեսզի աջակցեն կամ դուր գան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությունը Լաչինի օկուպացիայի հերթական տարելիցին կարելի է նաև համարել հակամարտության արդար կարգավորման հանդեպ անտարբեր վերաբերմունքի ցուցանիշ», — հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ