Աբխազիայի զբոսաշրջության նախարարության աշխատակիցը՝ Քրիստինե Լակերբայան աշխատանքից հեռացվել է այն բանի համար, որ որպես սահմանափակ բյուջե ունեցող զբոսաշրջիկների ծախս օրինակ է բերել արագ պատրաստվող «Դոշիրակ» լապշան:
Այս «ճակատագրական» խոսքերը նա արտաբերել է կլոր սեղ-քննարկման ժամանակ, որը նվիրված է եղել ռուսական զբոսաշրջային ընկերությունների կողմից Աբխազիա տուր-փաթեթների գնիջեցմանը: Բառացի արտահայտությունը հնչել է այսպես.
«Այն զբոսաշրջիկը, որը գալիս է 300 ռուբլով [3,81 դոլար], ես ձեզ վստահեցնում եմ՝ ոչինչ չի գնի: Նա հերթ կանգնի հյուրանոցում մեկ բաժակ հյութի, ջրի համար, բայց փողոցում ոչինչ չի գնի: Նրանք գալիս են, «Դոշիրակներ» են գնում, իսկ մենք ուզում ենք, որ նրանք գնեն հուշանվերներ, մեր գյուղտնտեսական արտադրանքը»:
Ռուսական մամուլը անմիջապես տարածել է տեսանյութը, որտեղ Լակերբայան այս մասին է խոսում, սկանդալ է բռնկվել, և ոչ միայն ինքը պաշտոնյան, այլև ողջ Աբխազիան է ենթարկվել բոյկոտի:
«Ես, ինչպես աբխազների ճնշող մեծամասնությունը, շատ հիասթափված եմ զբոսաշրջության նախարարության պաշտոնյայի կողմից մեր հյուրերի վերաբերյալ արված հայտարարությունից»,- միջադեպը մեկնաբանել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան:
Գունբայի խոսքով՝ Աբխազիայի ժողովուրդը միշտ առանձնացել է իր հյուրընկալությամբ, և նման իրավիճակը վնասում է հանրապետության իմիջին: Երկրի շահույթի զգալի մասը ապահովում են հենց ռուսաստանցի զբոսաշրջիկները:
Զբոսաշրջության նախարար Աստամուր Լոգուան սկզբում ժխտում էր, որ իր աշխատակիցը խոսել է սահմանափակ բյուջե ունեցող ռուսաստանցի զբոսաշրջիկների՝ Աբխազիա ժամանելու անցանկալիության մասին, և պնդում էր, որ նրա խոսքերը ներկայացվել են համատեքստից կտրված:
Սակայն մի քանի օր անց նախագահի հետ հանդիպման ժամանակ նախարարը հայտնել է, որ Քրիստինե Լակերբայան ազատվել է զբաղեցրած պաշտոնից: