Դիանա Պետրիաշվիլի, Թբիլիսի
Տպավորություն է ստեղծվում, որ գոյություն ունի տարիքային որոշակի սահմանագիծ, որին հասնելիս մարդիկ սկսում են հիշել «ոսկե ժամանակները»:
Չգիտեմ՝ այլ տեղերում ինչպես է, բայց աշխարհի այս ծայրում «ոսկե ժամանակներ» համարվում են խորհրդային տարիները: Ինչ վերաբերում է նոստալգիայի մեջ ընկնելու տարիքին, ապա դա 40-ն է և ավելի բարձր:
Նախկինում, երբ մեր ծնողներն էին 40 տարեկան, դրանում ոչ մի տարօրինակ բան չկար, էլ ո՞վ պետք է նոստալգիայի մեջ ընկներ, եթե ոչ նրանք:
Սակայն այժմ քառասուն տարեկան են վերակառուցման սերնդի ներկայացուցիչներն, ովքեր դեպի Մոսկվա տոմսը 37 ռուբլով գնելու հնարավորություն արդեն չեն ունեցել, այդ պատճառով էլ խորհրդային շրջանի հանդեպ նրանց համակրանքը մի փոքր հուսահատեցնող է:
Ներկայիս քառասունամյաները տեղ-տեղ են գովում ԽՍՀՄ-ը, այնսինքն՝ «օբյեկտիվ պլյուսներ» են գտնում՝ չժխտելով գուլագների գոյությունն ու չփորձփլով դրանք արդարացնել:
Նրանց կարծիքով, «ամենաօբյեկտիվ» և ակնհայտ խորհրդային պլյուսներից մեկը կրթական համակարգն էր:
Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր մինչ այժմ խորհրդային դպրոցներն ու մանկապարտեզներն աշխարհում լավագույնն են համարում: Եվ ես ամեն անգամ ապշում եմ դա լսելիս:
Կրթությունը, որն այդ համակարգը տալիս էի իր քաղաքացիներին, ըստ էության, կողմնակի արդյունք էր: Այն կարծես արտանետում կամ աղբ լիներ, որն անփութորեն նետում էին մարդկանց ոտքերի տակ՝ վերցրու, միգուցե պետք գա:
Իսկ համակարգի իրական նպատակը քաղաքացու «մշակումն» էր, մինչև հարկ եղած սահմանաչափը: Համակարգը միտված էր բոլորին՝ այդ թվում նաև փոքրերին, հնազանդ զինվորիկներ սարքելուն, որոնք հավատարիմ են մեկ իդեալի և անհանդուրժող՝ մյուսների հանդեպ:
Մսուրային տարիքից նրանց խնդիրը Լենին պապիկին սիրելն ու ամերիկացիներին ատելն էր, միաժամանակ այդ արժեքավոր ունակություններին զուգահեռ դուք սովորում էիք հաշվել մինչև 20-ը և ճանաչել սեփական այբուբենի տառերը:
Համակարգի համար բացարձակ կարևոր չէր, որ այն մահացու հարված էր հասցնում, վնասվածքներ պատճառում, խեղում և սպանում. քաղաքացիները շատ էին և ոչ ոք կորուստները չէր հաշվում:
Իմ ծանոթ հոգեբաններից մեկը մի օր կիսվեց իր կարծիքով ամենաանընդունելի փորձարկման մասին տեղեկությունով, որին ենթարկվել էր նրա հիվանդը՝ խորհրդային մանկապարտեզի սանը:
Դաստիարակներն այդ մանկապարտեզում «լռության խաղ» էին կազմակերպում. երեխաներին ստիպում էին նստել և ժամերով ոչ մի բառ չարտասանել:
Այդ ժամանակ ես պատմեցի իմ մանկապարտեզի փորձի մասին. մեզ արգելում էին զուգարան գնալ: Օրվա ինչ-որ ժամի այն փակում էին և դրանից հետո պետք էր պարզապես դիմանալ կամ թաց տաբատով ման գալ:
Ես հիշեցի նաև մի ծանոթի, ում բոլորի աչքի առաջ ստիպել էին հանվել, որովհետև հանդգնել էր դպրոց գնալ սև կապրոնե զուգագուլպաներով: Նրան կանգնեցրել էին ամբողջ դպրոցի առջև և ստիպել հանել այդ զուգագուլպաները…
Երևի բոլորն են հիշում ձախլիկների ստիպողաբար «վերադաստիարակումը»: Իմ դասարանցիներից մեկի ձախ ձեռքը կապում էին բացառապես բարի մտադրությունից դրդված, քանի որ անհհրաժեշտ էր, որ նա սովորեր գրել աջ ձեռքով, ինչպես բոլոր խորհրդային դպրոցականները:
Դասարանի հայտնի բաժանումն «ուժեղների» և «թույլերի» նույնպես բոլորն են հիշում: Մեզ մոտ այն տեղի ունեցավ առաջին դասարանի առաջին շաբաթվա ընթացքում, և մի անգամ խորհրդային ուսուցչի կպցրած «թույլ» պիտակավորումն աշակերտները կրում էին միչև կյանքի վերջ: Սակայն վաստակավոր խորհրդային ուսուցիչը դրանով չսահմանափակվեց և աշակերտներից մեկին «մտավոր հետամնաց» անվանեց միայն նրա համար, որ նա լոգոպեդի կարիք ուներ: Արժե՞ նշել, որ այդ պիտակը նրան ուղեկցում էր երկար տարիներ:
Էլ չեմ խոսում ֆիզիկական բռնության մասին, որը նորմա էր. երեխաներին ծեծում էին ցուցափայտերով, քանոններով և պարզապես բռունցքներով, քաշում էին մազերն ու ականջները և դա համարվում էր դաստիարակչական գործընթացի լեգիտիմ մաս:
Առաջին դասարանցիների համար դպրոցական ռմբապաստարաններ էքսկուրսիաներ էին կազմակերպում՝ ցույց տալով, թե որտեղ կամ ինչպես նրանք պետք է պատսպարվեն ատոմային հարձակման ժամանակ: 6 տարեկան երեխաներին մանրամասն պատմում էին բոլոր հնարավոր ողբերգությունների մասին, որոնք կարող են տեղի ունենալ եթե վատ Պենտագոնն ինչ-որ բաներ սկսի անել:
Մերօրյա նույնիսկ ոչ կատարյալ հասարակությունում այդ բոլոր փորձությունները, պատիժներն ու մանկավարժական մոտեցումները արդարացիորեն կտտանքներ կհամարվեին:
Ավելացնեմ, որ թվարկված օրինակներում ոչ մի գրամ հորինվածք չկա, դրանք բոլորը փաստեր են, և ես ուրախ կլինեի ներկայացնել այդ մանկապարտեզների ու դպրոցների համարներն, ինչպես նաև տնօրենների, ուսուցիչների և դաստիարակների անունները:
Պարզապես հիանալի կլիներ եթե այդ փառահեղ հումանիստներին պատասխանատվության ենթարկեին թաց տաբատների, պոկած մազերի և խեղված կյանքերի համար:
Ռազմական հանցագործությունների համար դատում են չէ՞:
Հրապարակվել է 16.05.2016