Դժվար ընտրություն
Ապրիլի 2-ին հայաստանաբնակ ընտրողն առաջին անգամ քվեարկելու է բոլորովին նոր կարգով, ինչը, ըստ մասնագետների, ոչ միայն խրթին է ու դժվարամարս, այլ և բարդեցված:
Հայաստանում ապրիլին նախանշված խորհրդարանական ընտրություններն հավուր պատշաճի և առանց խախտումներ անցկացնելու համար ամիսներ շարունակ հայ օրենսդիրներն Ընտրական օրենսգիրք էին մշակում, որը երկարատև քննարկումներից ու բանակցություններից հետո իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչներն ընդունեցին կոնսեսուսով: Սակայն այժմ ընդդիմադիրներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են՝ ընտրատեղամասում ընտրության օրը մարդիկ խորը շփոթության մեջ են ընկնելու՝ չհասկանալով, թե ո՞ւմ, ինչպե՞ս և ի՞նչ հերթականությամբ քվեարկեն:
Քաղաքացիական հասարակության կարծիքը
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ասում է, որ ընտրողն անընդհատ ուշադրության կենտրոնում պետք է պահի իր ձեռքին հայտնված փաստաթղթերը.
«Ինչպե՞ս պետք է քվեարկի, վախենամ, թե այստեղ ընտրողների մեծ մասը սխալվի: Նախ՝ ընտրողը պետք է հիշի, որ քվեաթերթիկի առաջին էջին որևէ նշում չպետք է կատարի, հակառակ դեպքում իր քվեն անվավեր կճանաչվի: Բայց եթե քվեաթերթիկի առաջին էջում նշան դնելն անվավերություն է ենթարդում, ապա քվեաթերթիկի երկրորդ էջում ցանկացած տեսակի նշում, այդ թվում՝ միանգամից մի քանի թեկնածուի օգտին քվեարկություն, քվեաթերթիկը բնավ էլ անվավեր չի դարձնում: Ուղղակի այս դեպքում քվեն գնում է ոչ թե թեկնածուին, այլ՝ կուսակցությանը:
Ընտրողները կարող են խառնվել քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու ժամանակ՝ չկողմնորոշվելով՝ ծալե՞լ, թե՞ չծալել այն: Գուցե շփոթվեն՝ չիմանալով, թե ինչ անել չօգտագործված քվեաթերթիկների հետ. տո՞ւն տանել՝ որպես հիշատակ, աղբարկղը՞ գցել, թե՞ որպես նախապես կանխորոշված ընտրության ապացույց՝ հանձնել իրենց կաշառք տված մարդուն: Ու եթե այս անգամ հիմնական խաղադրույքը լինելու է ընտրակաշառքը, ապա սա իրոք աշխատող մեթոդ է»:
Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ բոլոր խնդիրները կարող էին ջրի երես դուրս գալ, եթե պիլոտային ծրագրով փորձակվեր այս նոր ընտրակարգը: Ու չնայած՝ իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ պիլոտային ծրագրով նոր ընտրակագը նախապես կկիրառեն, սակայն դա տեղի չունեցավ: Միայն Հայաստանի երկու փոքր համայնքներում՝ Վարդանաշենում ու Սեմյոնովկայում, փորձարկում են անցել անձը հաստատող էլեկտրոնային սարքերը, ինչը չի ենթադրում նոր ընտրակարգով ընտրության փորձարկում:
Իշխանության տեսակետը
Եթե որևէ մեկն ուշադիր ծանոթանա օրենքին, ապա չի ասի, թե սա բարդ գործընթաց է, ուղղակի քանի որ նախկինում մեզ մոտ առանց տեխնիակական սարքերի կիրառման և առանց մատնահետքերի գրանցման են անցել ընտրությունները, մի պահ թվում է, թե բաղկացուցիչ օղակներն ավելացել են և բարդացնում են ընթացքը: Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, ով վստահեցնում է. հանձաժողովի ցանկացած անդամ յուրաքանչյուր ընտրողի բացատրելու է նոր ընտրակարգը և այս պարագայում, դժվար թե, ընտրողները շփոթության մեջ ընկնեն: Իսկ եթե մարդը եկել է ընտրելու, ուրեմն բանիմաց է, կարևորում է ընտրությունը, շփոթության մեջ չի ընկնի.
«Հանձնաժողովի անդամներից բացի ընտրատեղամասում են գտնվելու հատուկ մասնագետներ՝ կցված տեխնիկական սարքերին, ովքեր անձը նույնականացնող տեխնիակական սարքի մեջ են ներմուծելու ընտրողի անձնագրի համապատասխան տեղեկությունը: Ու եթե այդ մարդիկ հանկարծ խախտում թույլ տան (օրինակ, մի անձին երկու անգամ թողնեն քվերակության), ապա վարչական պատասխանատվության կկանչվեն:
Ինչ վերաբերում է պիլոտային ծրագրերով այս ընտրակարգը փորձարկելուն, ապա այն չիրականցվեց, որովհետև այդ սարքավորումների ֆինանսավորման հարցը լուծված չէր: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մութ տեղերը տեխնիկական սարքերի մեջ չեն»:
Պարոն Մկրտչյանը չօգտագործված քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս տանելու մեջ որևէ վտանգ չի տեսնում: Ասում է, որ բոլոր այն չօգտագործված քվեաթերթիկները, որոնք ընտրողի ձեռքին մնան, ըստ էութության, պիտանի չեն՝ որևէ կերպ չեն կարող օգտագործվել:
Ընդդիմության տեսակետը
«Ելք» դաշինքի համապետական և ընտրատարածքային ցուցակի պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը կիսում է այն կարծիքը, որ համակարգը բարդ է ու խրթին: Նա ևս փաստում է. ընտրողն իսկապես խնդիր ունի հասկանալու ամբողջ ընթացակարգը.
«Մարդիկ կան, որ ինձ հետ հանդիպում են զուտ այն բանի համար, որ հասկանան, թե ինչպես է կատարվելու ընտրությունը. արդյո՞ք կարող են ընտրել մեկ թեկնածուի, կարո՞ղ են ընդհարանպես ոչ ոքի չընտրել, ինչպե՞ս է մի քանի փաստաթուղթ իրենց ձեռքին հայտնվելու, ի՞նչ է նշանակում չօգտագործված թերթիկներն աղբարկղ գցել և այլն:
Ես կարծում եմ, որ իրազեկված չլինելն էլ հենց հիմք է հանդիսանալու մեծաքանակ անվավեր քվեաթերթիկներ ունենալու համար: Մարդկանց տարբեր հետաքրքիր միջոցներով՝ ֆլեշ-մոբերով, ակցիաներով, հանդիպումներով, կայքերով, սոցիալական ցանցերով, տեսահոլովակներով և այլ մեթոդներով պետք է տեղեկացվեր, թե ինչ է կատարվելու ընտրության օրը ընտրատեղամասում: Ցանկանում եմ շեշտել, որ եթե լիներ պիլոտային նախադեպ, այո, կբացահայտվեին տեխնիկական բոլոր բացերը ու ժամանակ կլիներ շտկելու դրանք»:
Մանե Թանդիլյանը բնավ համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ եթե ընտրողն արդեն իսկ եկել է ընտրության, հետևաբար, նա այնչափ պատրաստված մարդ է, որ շփոթության մեջ չի ընկնի ընտրատեղամասում: Ու եթե մարդ գնում է իր քաղաքացիական պարտքը կատարելու, ապա դա դեռ չի նշանակում, որ նա ընթացակարգի բոլոր դրույթներին տիրապետում է:
Տեղեկանք
Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններով Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման մոդելից անցում է կատարելու դեպի խորհրդարանական մոդել: Ընտրողները քվերակության օրը պետք է ընտրեն իրենց նախընտրած կուսակցությանը և տվյալ կուսակցության տարածքային ցուցակի որևէ մի թեկնածուի: