«Դեռ պատկերացում չկա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմների մասին»․ Հայաստանի վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրախորհդի Խորհրդարանական վերահողովի գարնանային նստաշրջանին։ Այլ հարցերի թվում նա անդրադարձել է նաև հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին։
Ղարաբաղյան հակամարտության մասին
Նիկոլ Փաշինյանը հաղորդել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ընթացքում երկու երկրների առաջնորդները շփվում են բավականին անկեղծ և բաց․
«Հայաստանի կառավարությունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին… Իհարկե, չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի»։
Նա ասել է նաև, որ Հայաստանի ղեկավարության գլխավոր նպատակը խաղաղության հասնելու բանաձև առաջարկելն է։ Սակայն այս նպատակին դեռ չի հաջողվել հասնել․
«Ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք Ղարաբաղի հարցի կարգավորման նրբությունների, մեխանիզմների մասին»:
Հայաստանի վարչապետը կրկնել է իր թեզն այն մասին, որ բանակցային գործընթացը կարող է լիարժեք լինել միայն այն դեպքում, երբ դրան մասնակցի Լեռնային Ղարաբաղը․
«Հարցերից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը կարգավորման խաղաղ գործընթացին։ Լեռնային Ղարաբաղը բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցային սեղանի շուրջ: Այսօր մեր խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսությունը չընդհատվի»։
Հարևանների հետ հարաբերություններ
Փաշինյանը մեկնաբանել է նաև հարևան երկրների հետ հարաբերություններն ու ընդգծել, որ պաշտոնական Երևանը հարաբերություններ է կառուցում խաղաղության շրջանակում․
«Մենք ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, բայց ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները լավ են և նույնիսկ շատ լավ են: Ես նկատի ունեմ հատկապես Վրաստանը և Իրանը։ Մենք փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները:
Ցավոք Ադրբեջանի և Թուրքիայի հետ մենք հարաբերություններ չունենք դիվանագիտական: Ադրբեջանի պարագան, բոլորիս համար պարզ է: Թուրքիայի պարագան մի փոքր այլ է։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների հետ»։
Եվրոպական երկրների բարձրաստիճան անձանց հետ հանդիպումները ցույց են տվել, որ գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների կարևորությունն, ասել է Նիկոլ Փաշինյանը․
«Նրանք համաձայն են Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու և լավ հարաբերություններ զարգացնելու մեր տեսլականի հետ»։
Վարչապետը հույս ունի, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծում կստանա․
«Երկխոսությունը միակ ճանապարհն է, որով 21-րդ դարում, քաղաքակրթության այսօրվա իրավիճակում հարիր է, որ մենք մտածենք խնդիրների լուծման մասին»։
ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ այդ հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում։
Նա նշել է, որ երկրում հեղափոխությունն ուղղված էր ներքին խնդիրների լուծմանը։ Եվ այն իրականացվել է Հայաստանի ժողովրդի կամքով՝ առանց արևէ արտաքին ուժերի, այլ երկրների միջամտության․
«Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրել է հանուն իր ազատ և երջանիկ ապագայի»։