Դեռևս անտուն
Ապրիլին գնդակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի բնակիչներն ուշադրության կենտրոնում էին: Ինչպես են նրանք ապրում հիմա, երբ թեման աստիճանաբար դուրս է մնում օրակարգից:
Սարիջալի
Աղդամի շրջանի Սարիջալի գյուղում՝ կանաչի մեջ թաղված բակում է գտնում մեկ ընտանիքի 3 կացարան՝ երկու տուն և մեկ վրան, որոնք այս պահին չեն կարողանում լուծել Լալաևների ընտանիքի բնակարանային խնդիրը:
Լալաևների տան վրա 1993թ-ին՝ ղարաբաղյան կոնֆլիկտի ռազմական փուլի ժամանակ, արկ է ընկել և տունը բոլորովին անպիտան է դարձել: Ավելի հեշտ էր նորը կառուցել, քան վերականգնել այն: Լալաևներն այդպես էլ արել են:
Այդ երկրորդ տունը նույնպես ավերվել է արկի պատճառով 2016թ-ի ապրիլի 2-ին: Այժմ ընտանիքը պատսպարվում է 5 քառ. մ մակերեսով վրանում. դա նրանց երրորդ բնակվելու վայրն է: Նրանք այստեղ են բերել իրենց կենցաղային իրերը և առաջին անհրաժեշտության առարկաները: Վրանը հենց հողի վրա են խփել, և հիմա ընտանիքը հարմարվում է խոնավությանը, ցրտին և տարրական պայմանների բացակայությանը:
Ռայիսա Լալաևան իր ամուսնու՝ Իլգար Լալաևի հետ նոր է վերադարձել դաշտից: Նրանց մշակահողը սահմանից 10 մետր հեռավորության վրա է: «Հենց նոր լոլիկի տնկիների հողն էինք փխրեցնում այն տարածքում, որը հայկական դիրքի դիմաց է գտնվում: Ոչ մի վախ չկա, կրակոցների ձայներին արդն սովորել ենք»:, — ասում է Ռայիսան:
Բարեբախտաբար այդ արկն ընկել է այն ժամանակ, երբ երեխաները բավականին հեռու էին: Ռայիսա Լալաևան ասում է, որ նրանք դեռ տուն չէին վերադարձել: «Ուզում եմ, որ երեխաներս ինձ հետ լինեն, որ ամեն ինչ ավարտվի, հողերը վերադարձվեն, իսկ մենք հանգիստ ապրենք»:, — ավելացնում է նա:
Սարիջալի և Շուքրանլի գյուղապետարանի ներկայացուցիչ Գաբիլ Աբիշևն ասում է, որ գնդացրային գնդակոծությության հետևանքով սահմանամերձ գյուղերում բոլոր վարուցանքի աշխատանքները մեկ ամսով հետաձգվեցին:
Ազադ Գարագոյունլու
Ազադ Գարագոյունլու գյուղի երկու հարևան տների վրա ապրիլի 3-ին արկ է ընկել: Երկու տներն էլ ուժեղ վնասվել են:
Աղդամցի բռնի տեղահանված Քիֆայաթ Մամեդովան արդեն երկրորդ անգամ է նման բանի բախվում: Նա երկու անգամ կորցրել է իր տունը. առաջին անգամ՝ Աղդամում, երբ նա ստիպված էր լքել շրջանը, երկրորդ անգամ՝ հիմա՝ 23 տարի անց: Ավերվել է նաև նրա հարևան Միրզա Ռագիմովի տունը:
Բնակիչներն ասում են, որ ավերված տներն արդեն վերականգնվել են: Ազադ Գարագոյունլու գյուղի բնակիչ Միրզա Ռագիմովի խոսքով, տան ճակատային հատվածն արդեն պատրաստ է, այժմ ներքին հարդարման աշխատանքներ են ընթանում:
Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդի տրամադրած ֆինանսական միջոցներով սահմանամերձ գյուղերից շատերում վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Այսպես, ապրիլի սկզբի պատերազմի հետևանքները չեզոքացնելու համար նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Աղդամի և Տերտերի շրջաններին երեքական միլիոն մանաթ տրամադրելու մասին:
- Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է “օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք:
- 2016թ. հակամարտության գոտում սրացումը տևել է ապրիլի 2-ից 5-ը: Ապրիլի 5-ին կողմերը կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն փոխհրաձգությունը շարունակվում է փոքր մասշտաբներով: Ադրբեջանն ու Հայաստանն իրար մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու համար:
- Հակամարտության կողմերի պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությունն իրարամերժ է և թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե ով է սկսել ռազմական գործողությունները, ով՝ պատասխանել: Միջազգային աղբյուրները դեռևս նույնպես չեն կարողանում պատասխանել այդ հարցին:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարակվել է 27.05.2016