«Դեպի տուն՝ Եվրոպա». վերջին տարիների ամենամարդաշատ հանրահավաքը Վրաստանում. Լուսանկար/տեսանյութ
Հանրահավաք՝ ի աջակցություն եվրոպական կուրսի
Հունիսի 20-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ անցկացվել է վերջին տարիների ամենախոշոր հանրահավաքը՝ ի աջակցություն Վրաստանի եվրոպական կուրսի։
Հանրահավաքին հավաքված հազարավոր մարդկանց նպատակն էր ցույց տալ վրաց ժողովրդի հավատարմությունը Եվրոպային և եվրոպական արժեքներին։
Այս գործողությունը նախորդել է Վրաստանի համար կարևոր որոշմանը, որը Եվրամիությունը պետք է ընդունի հունիսի 24-ին։ Այդ օրը կորոշվի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։
Գլխավորը՝
● Լրագրողներն ու քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ մասնակցել են Թբիլիսիի հանրահավաքներին կամ լուսաբանել դրանք, ասում են, որ Ռուսթավելի պողոտայում երբեք այդքան մարդ չէին տեսել։ Ցույցին ներկա է եղել առնվազն 120 հազար մարդ, հայտնում է Netgazeti անկախ կայքը։ Առավելագույն գնահատականը 160000 մարդ է։
● Հանրահավաքի կարգախոսն էր՝ «Դեպի տուն՝ Եվրոպա»: Նպատակն էր աջակցել երկրի եվրոպական կուրսին։ Հունիսի 24-ին Վրաստանը սպասում է Եվրամիության կարևոր որոշմանը թեկնածուի կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ Նախնական պատասխանը հայտնի է՝ Վրաստանի շանսերը նվազագույն են։ Եվրահանձնաժողովը առաջարկել է կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին։ Վրաստանին, ամենայն հավանականությամբ, կտրվի երկար ցուցակն այն պայմանների, որոնք պետք է կատարվեն նախքան թեկնածուի կարգավիճակ ստանալը: Հասարակությունը կարծում է, որ Եվրահանձնաժողովի այս առաջարկը հրահրվել է իշխանության հակաարևմտյան հռետորաբանությամբ, ուկրաինական պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշմամբ։ Նախագահ Զուրաբիշվիլին նույնպես մեղադրում է կառավարությանը.
● Հանրահավաքը կազմակերպված չէր քաղաքական որևէ կուսակցության կողմից։ Քաղաքական գործիչները խոսափողի մոտ չէին, թեև հանրահավաքին մասնակցում էին գրեթե բոլոր արևմտամետ քաղաքական կուսակցությունների առաջնորդները։
● Հանրահավաքը կազմակերպել էր «Ամոթ» քաղաքացիական շարժումը։ Այս շարժումը ստեղծվել է ուղիղ երեք տարի առաջ՝ 2019 թվականի հունիսի 20-ին, այսպես կոչված՝ Գավրիլովի գիշերվանից հետո, երբ վրացական իշխանությունները ուժով ցրեցին խաղաղ ցուցարարներին։ Այս շարժման մասնակիցների միջին տարիքը 25-30 է։ Նրանք քննադատում են կառավարությանը, թեև որևէ կուսակցության անդամ չեն: 2019 թվականին «Ամոթ» շարժումը մշտական ակցիաներ է անցկացրել գրեթե ամբողջ տարի։ Ի վերջո, այս բողոքը (ինչպես նաև ընդդիմության և եվրոպացի գործընկերների զուգահեռ ակտիվությունը) ստիպեց իշխանությանը ընդունել խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգ։
● Հանրահավաքի ընթացքում հայտարարվել է «Վրաց ժողովրդի մանիֆեստը», որը, ըստ հավաքի կազմակերպիչների, նշանակում է երկրի կյանքում նոր փուլի և նոր պայքարի սկիզբ։
━ Հունիսի 24-ին Թբիլիսիում նոր լայնածավալ հանրահավաք կանցկացվի այն բանից հետո, երբ Եվրամիությունը կհայտարարի Վրաստանի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումը։
━Կստեղծվի «Դեպի տուն՝ Եվրոպա» հասարակական նոր շարժում:
━ Կստեղծվի Ազգային խորհուրդ, որը կդառնա նոր շարժման ղեկավար մարմինը։ Խորհրդի կազմում կլինեն քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, ուսանողներ, հասարակական, մշակութային և արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
━ Խորհրդի շրջանակներում խմբերը կմշակեն համաձայնեցված պահանջներ, որոնք կներկայացվեն կառավարությանը՝ իրականացման համար:
━ Եթե այս պահանջները չկատարվեն, նոր համաժողովրդական շարժումը անհնազանդություն կսկսի ամբողջ երկրում:
“Վրաստանի բոլոր շրջաններն ու քաղաքները ոտքի կկանգնեն, որպեսզի ոչ բռնի դիմադրության ալիքը ցրի բոլոր նրանց, ովքեր արգելափակում են մեր երկրի մուտքը Եվրոպա:.”
● Ժամը 20:00-ին Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության օրհներգերով մեկնարկեց վերջին ժամանակների ամենամարդաշատ հանրահավաքներից մեկը:
● Ակցիային միացել են ուսանողները։ Կարելի է ասել, որ երեկվա հանրահավաքը վերջին տարիների առաջին բողոքի ակցիան էր, որին մասնակցում էին տարբեր պետական և մասնավոր բուհերի ուսանողներ։
«Ես վրացի եմ, ուրեմն եվրոպացի եմ»,- վանկարկել է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան, երբ ուսանողները ֆիլհարմոնիայից երթով շարժվում էին դեպի խորհրդարանի շենք։
● Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցողների թվում էին Ուկրաինայի իշխանությունների և Եվրամիության ներկայացուցիչներ։ Եվրախորհրդարանի պատգամավորներ լիտվացի Ռասա Յուկնևիչենը և Անդրիուս Կուբիլիուսը, չեխ Մարկետա Գրեգորովան և լեհ Աննա Ֆոտիգան տեսաուղերձով էին դիմել վրացի ցուցարարներին։
● Քաղաքաբնակների և ակտիվիստների կողմից բերված պաստառների վրա ամենից հաճախ հանդիպողը Բիձինա Իվանիշվիլիի լուսանկարն էր՝ «Ապաօլիգարխացում», «Առաջ» մակագրություններով:
● Քաղաքացիները պահանջում էին դատարանների և ԶԼՄ-ների անկախություն:
● Կոչեր են հնչել նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային ազատ արձակելու վերաբերյալ։ Գվարամիան ձերբակալվել է մայիսին, և Amnesty International ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունը նրա գործն անվանել է քաղաքական շարժառիթ ունեցող:
Վրաստանի և Եվրամիության դրոշների հետ մեկտեղ կային բազմաթիվ ուկրաինական դրոշներ և Ուկրաինային սատարող կարգախոսներ՝
● Լրագրողներն ընդգծել են, որ հանրահավաքին տարբեր տարիքի մարդիկ են հավաքվել:
● Երեկոյան՝ հանրահավաքից քիչ առաջ, գրեթե ողջ քաղաքը կաթվածահար է եղել: Քաղաքաբնակները Facebook-ում բողոքել են, որ խցանումների մեջ են։ Լուսանկարներ են տարածվել մետրոյից, որտեղ նույնպես մարդկանց առանձնահատուկ կուտակում է եղել։
- «Դեպի տուն՝ Եվրոպա» կարգախոսի ներքո ցույցեր են անցկացվել նաև Վրաստանի այլ քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Օզուրգեթիում։
Ակցիա Բաթումիում՝
Ռուսթավելի պողոտայում հավաքվածներին աջակցել են նաև Վրաստանից արտագաղթածները։ Նրանք դրոշներով ու պաստառներով հավաքվել են եվրոպական տարբեր երկրների մայրաքաղաքներում՝ Վրաստանի դեսպանատների մոտ:
Պրահա՝
Լոնդոն՝
Հանրահավաք՝ ի աջակցություն եվրոպական կուրսի