Դեղամիջոցներն անհետացել են
Սոցկայքերը նոյեմբերին ողողված էին զայրալից մեկնաբանություններով. դեղամիջոցների համարյա կեսը, որն անհրաժեշտ է ադրբեջանցիներին բուժման համար, դեղատներից անհետացել է:
«Սա ի՞նչ երկիր է: Երկու ժամ է՝ քաղաքի բոլոր դեղատները ման եմ եկել՝ Նիկսոն ու Դեկլաբերլ եմ փնտրում, ոչ մի տեղ չկա: Բառացիորեն 20 դեղատուն եմ մտել: Բացատրությունը սա է. պետությունն իջեցրել է այդ դեղամիջոցների գները, այժմ դրանք բերելը եկամտաբեր չէ և վերջ: Իսկ մարդի՞կ, հիվանդնե՞րը, ի՞նչ անեն նրանք, ինչ-որ մեկը մտածե՞լ է»:
«Մի շաբաթ առաջ մի ծերունի պայքարում էր պոլիկլինիկայի գլխավոր բժշկի հետ, ասում էր, որ նրանց բժիշկները դեղեր են դուրս գրել, որոնք դեղատներում չկան:
Ինչու եմ հիշել այս դեպքը, որովհետև նա գոռում էր ողջ հիվանդանոցով մեկ. «Ի՞նչ անեմ ես հիմա, այդ դեղամիջոցները չկան, ինքս սատկեմ, թե՞ գնամ բժշկին սպանեմ»:
Եվ ես իրոք վախեցա. հուսահատ հիվանդ թոշակառուն ամեն ինչի ընդունակ է: Ես նրանց չեմ մեղադրում, սակայն այս իրավիճակում մի բան պետք է անել»:
Բանն այն է, որ Ադրբեջանի Սակագնային խորհուրդն այժմ զբաղված է երկրի տարածքում վաճառվող դեղամիջոցների գները հաստատելով: Մենք արդեն ունենք 3010 տեսակի դեղամիջոցի ցուցակ, մնացածների գները պլանավորվում է հաստատել մինչև 2015թ. վերջը: Նոր ցուցակում շատ դեղամիջոցների գներ կրկնակի, նույնիսկ եռակի իջեցվել են:
Այդ գներով դեղատներին ձեռնտու չէ վաճառել դեղամիջոցները, և դրանք վաճառքից անհետացել են, ուղղակի էլ չեն բերում: Սոցկայքերի օգտատերերն ու ֆորումների այցլուները չքացած դեղամիջոցների թվում նշում են այն հաբերը, որոնք կենսական նշանակություն ունեն քրոնիկ հիվանդների համար: Այժմ դրանք գնելու համար պետք է մեկնել հարևան երկրներ:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ալի Մասիմլին trend.az-ի հետ զրույցում նշել է, որ դեղամիջոցների գների իջեցումը դրական ազդեցություն կունենա տնտեսության բոլոր ոլորտների ու քաղաքացիների ընտանեկան բյուջեի վրա: «Հայտնի է, որ տարեցներն իրենց աշխատավարձի, իսկ եթե չեն աշխատում՝ թոշակի մեծ մասը ծախսում են դեղեր գնելու վրա: Դեղամիջոցների գների պետական կարգավորումը կբերի անհրաժեշտ դեղամիջոցների մեծ մասի գների զգալի նվազման, ինչը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի բնակչության չունևոր հատվածի ընտանեկան բյուջեի վրա»:
Բնակչությունն, ըստ disput.az-ում տեղի ունեցած քննարկումների, մեղ ասած, հիացած չէ այդ մեթոդներով: «Պետությունը որոշել է իջեցնել գները, որպեսզի ցույց տա, թե մտածում է քաղաքացիների մասին: Բայց ‘մոռացել է’ հաշվի առնել, որ որոշակի չափանիշներ կան, որոնք պետք է պահպանել դեղեր պատրաստելիս, և դրանց հետևում են ոչ բոլոր արտադրողները: Ընդհանրապես պարտադիր չէ բաժանել դեղամիջոցներ արտադրող երկրները առաջին, երկրորդ և երրորդ կարգի և հետևաբար գներն ու մնացած ամեն ինչը որոշել ըստ երկրի մակարդակի, չգիտես էլ՝ ծիծաղել, թե լացել: Վաճառքի շատ առաջատարներ հեռանում են շուկայից, մնացածը հազիվ են պահպանում դիրքերը: Դիստրիբյուտորները պահանջում են արտադրողներից նախնական գնի ու պետության նշանակած գնի տարբերությունը փոխհատուցել: Գերմանիայում, Ֆրանսիայում, Սլովենիայում, Ուկրաինայում, Հունգարիայում ինչ-որ տեղ աշխատող գործարանը զարմացած է՝ ի՞նչու պետք է ես փոխհատուցեմ ‘բանականության խաղերը’ (կամ դրա բացակայությունը) Ադրբեջանում: Եվ այդ պատճառով էլ շատ արտադրողներ դադարեցնում են իրենց գործունեությունն այստեղ»: