Դարբնության տոնն Աբխազիայում
Աբխազական օրացույցում հունվարի 14-ը պաշտոնապես ոչ աշխատանքային օր է: Իսկ տոնը կոչվում է ոչ թե Հին նոր տարի, ինչպես այլ երկրներում, այլ Աժիրնիուխա՝ Դարբնության տոն:
Մեր ցեղում կան քրիստոնյաներ, մուսուլմաններ ու աթեիստներ, սակայն դա մեզ բացարձակ չի խանգարում միասին Դարբնության տոնը նշել սեփական օջախում:
Ամեն տարի՝ հունվարի 13-ին (և այս տարի բացառություն չէր), առավոտյան բոլոր տնեցիներին մեքենաս նստեցնելուց հետո գնում եմ Խուապ գյուղ: Այնտեղ՝ լեռան ստորոտին, տուն կա, որտեղ հայրս է ծնվել, իսկ այժմ ապրում է զարմիկս՝ Ասլանը: Ճանապարհի համար շատ արագ եմ պատրաստվում և ցեղական օջախ առաջինն եմ հասնում: Մի ժամվա ընթացքում կհասնեն նաև մնացածը, մենք մի քիչ կհանգստանանք ու կսկսենք պատրաստվել տոնակատարությանը:
Ցավոք, այս անգամ եղանակի առումով բախտներս չբերեց: Առավոտից անձրևում էր, սակայն սովորաբար այս օրը Խուապում ձյուն է լինում: Այս տարի Աբխազիայում ձյունը տեղաց Ամանորի գիշերը և, ցավոք, մինչև Հին նոր տարի չմնաց: Մի խոսքով, նախապատրաստական աշխատանքների մեծ մասը ստիպված եղանք անձրևի տակ անել:
Դարբնության տոնը նշելու միասնական ստանդարտ գոյություն չունի: Ամեն ընտանիք իր ավանդույթներն ունի: Չնայած, նրանք բոլորը հիմնվում են մի բանի վրա՝ ցեղական տանը Աժիրի՝ սուրբ դարբնոցի լինել-չլինելու: Իմ ընտանիքն ունի նման դարբնոց, հետևաբար, տոնակատարությունը իրականացվում է ինչպես հարկն է:
Այդ օրը մենք պարտադիր ցուլ ենք զոհաբերում, ինչպես նաև աքաղաղներ՝ այնքան, որքան կին կա ընտանիքում: Մինչ տղամարդիկ զբաղվում են միսը մշակելով և մեծ թասում մամալիգա պատրաստելով, կանայք պանրով և ընկույզով կարկանդակներ են թխում, աղջիկները մաքրություն են անում և սեղան գցում:
Ընդ որում, ընդունված չէ ասել՝ ով ինչով պետք է զբաղվի. յուրաքանչյուր ոք գիտի իր գործը: Ես նույնպես: Ինձնից մամալիգա կամ միս պատրաստելու գործում շատ օգուտ չկա (այդ հարցում պրոֆեսիոնալներ կան), այդ պատճառով էլ ես իմ ողջ էներգիան ծախսում եմ մոմեր պատրաստելու վրա: Ինձ մի քանի ժամ է պետք, որպեսզի Աժիրի համար մեկ մեծ և տասնյակ փոքր մոմեր պատրաստեմ՝ ընտանիքում կանանց և աղջիկների թվով: Հա, քիչ էր մնում մոռանայի, մոմերից բացի ընկուզենու ճյուղ պետք է սրեմ: Դա շատ կարևոր դետալ է, այդ մասին մի փոքր ուշ կպատմեմ:
Երբ արդեն բոլոր պատրաստությունները տեսել ենք և մթնշաղն ընկել է, սկսվում է տոնակատարության գլխավոր արարողությունը՝ ընտանիքի տղամարդկանց այցը դարբնոց: Այն այգում է: Տղամարդկանցից բացի աղոթատեղիում բացառության կարգով ներկա են լինում նաև աղջիկները: Տանտեր Ասլանն արդեն երկու տարի է մեր ընտանեկան քուրմն է: Հենց նա կարող է դիմել Բարձրյալին մեր ազգը օրհնելու խնդրանքով: Բացի այդ, Ասլանն ընտանիքի, ժողովրդի ու աշխարհի բոլոր բնակիչների համար խաղաղություն ու բարօրություն է խնդրում, իսկ փոխարենը ընտանեկան քուրմի իրավունքով նա ողջ ցեղի անունից պարտավորվում է ճիշտ ապրել՝ խղճի համաձայն:
Ասլանի ձախ ձեռքում իմ սրած ընկուզենու ճյուղն է լինելու, որի վրա հատուկ արարողակարգով մի քանի կարկանդակ, զոհաբերված ցլի սիրտն ու լյարդն է անկացվելու, իսկ աջ ձեռքում՝ գինու բաժակ: Գլխավոր կենացն ասելուց հետո Ասլանն ըմպում է գինուց և փոխանցում մյուսներին: Բոլոր հավաքվածները մի կում գինի են խմում այդ գավաթից այնպես, որ ամենափոքրին՝ մեր զարմիկ Հարրիի թոռ Դանաթին էլ գինի հասնի:
Հաջորդ կենացներն ավելի առօրեական պայմաններում են ասվում, և կենաց ասողը մինչև վերջ խմում է: Դա կարող է հայրենիքի, ժողովրդի, մեծերի, երեխաների կենացը լինել: Տոնի՝ դարբնոցում անցկացվող հատվածը մեկ ժամից ավել չի տևում: Սովորաբար, դարբնոցը լքելիս ընդունված է օդ կրակել, իսկ վերջերս նաև՝ հրավառություն անել: Սակայն այս անգամ ստիպված էինք առանց դրա անցկացնել տոնը: Այդ օրը գյուղում թաղում էր, այդ պատճառով էլ որոշեցինք զերծ մնալ աղմուկից:
Տուն վերադառնալով՝ արարողակարգը չի ավարտվում, այն շարունակվում է տանը, որտեղ Ասլանը պետք է կրկնի կենացն ընտանիքի կանանց համար:
Նրանք բոլորն աղջիկների հետ շարք են կազմում և վառվող մոմերով կանգնում աքաղաղների մսով ու կարկանդակներով սեղանի շուրջ: Ամեն անհատական կենացից հետո այդ մոմերն ամրացվում են տան պատին, որտեղ և այրվում են մինչև վերջ: Իսկ դրանից հետո միայն սկսվում է խնջույքը: Մեր ընտանիքում նահապետական ավանդույթները պահպանվել են, այդ պատճառով էլ կանայք ու տղամարդիկ առանձին են տոնում, տղամարդիկ՝ մի սրահում, կանայք՝ մյուս: Իրերի նման դասավորությունից դեռևս ոչ ոք չի բողոքել: Մի խոսքով խնջույքը երկար տևեց և ուրախ անցավ: