«F-16-երը խոցել հնարավոր էր, բայց ՌԴ-ն հորդորում էր չսադրել»․ Դավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյանի ելույթը Քննիչ հանձնաժողովում
«Թուրքական F-16-երի խոցումը պաշտպանության բանակի ՀՕՊ–ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ Մոսկվան որոշել էր չսադրել իրավիճակը»,– այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Կալանքի տակ գտնվող նախկին պաշտոնյան հանձնաժողովի նիստում խոսել է պատերազմի մեկնարկի ու ընթացքի, զենքի մատակարարումների, նաև Ադրբեջանին Թուրքիայի աջակցության մասին։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու հայկական բանակին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ 2023թ․ հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։
Նրա փոխանցմամբ՝ մինչ ռուսական կողմը հորդորում էր «սառնասրտություն ցուցաբերել», ամեն օր օդ էին բարձրանում գրեթե 4 թուրքական կործանիչներ։ Ասում է՝ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ և ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների հետ, փոխանցել F-16-երի օդային դիագրամներն ու խնդրել «չեզոքացնել այդ երկրի ներգրավումն արցախյան թատերաբեմում»։ Իր վարկածը՝ ինչու դա տեղի չի ունեցել, խոստացավ ներկայացնել փակ նիստի ժամանակ։ Այն տեղի կունենա օգոստոսի 2-ին, և Տոնոյանը կանդրադառնա բոլոր այն հարցերին, որոնք պետական գաղտնիք են պարունակում։
JAMnews-ը ներկայացնում է ՊՆ նախկին նախարարի ամենաուշագրավ հայտարարությունները, որոնք հնչել են բաց նիստի ընթացքում։
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նախ հայտարարել էր, որ Քննիչ հանձնաժողովի նիստին կմասնակցի, եթե դա լինի հրապարակային և վարչապետի հետ երկխոսության ձևով։ Հանձնաժողովը նշել էր, որ իր աշխատանքի ձևաչափը նման բան չի ենթադրում։ Ավելի ուշ, երբ Տոնոյանը համաձայնեց մասնակցել աշխատանքներին առանց վարչապետի, հանձնաժողովը հայտարարություն տարածեց նիստը փակ անցկացնելու մասին։
Հուլիսի 28–ին նախկին նախարարի պաշտպանական խումբը հայտարարություն տարածեց և հիշեցրեց, որ Տոնոյանն ուզում է, որ նիստն անցկացվի հրապարակային։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։ Հանձնաժողովն էլ փաստորեն համաձայնել էր բաց նիստ անցկացնել։
Թուրքիան «ձիու քայլով» Արցախի թատերաբեմում էր»
Խոսելով պատերազմում երրորդ կողմի՝ Թուրքիայի ներգրավվածության մասին՝ նման արձանագրում է արել ՊՆ նախկին ղեկավարը։ Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներգրավվածությունը եղել է հենց Արցախում, ոչ թե, օրինակ՝ Նախիջևանի կամ Հայաստանի Հանրապետության սահմանի ուղղությամբ․
«Այդպիսի հաշվարկը մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել նման բան, որ Թուրքիայի զինուժն անմիջապես կարող է հայտնվել Արցախյան թատերաբեմից 25-45 կմ հեռավորության վրա` իրականացնելով թռիչքներ»։
Նկատել է՝ կա պատերազմին ներգրավվածության պրոքսի տեսակ, երբ գործողությունները քողարկված են, մասնակցությունը՝ ոչ անմիջական, օրինակ՝ խորհրդականների մակարդակով, բայց նաև հավելել՝ սա այդ դեպքը չէր։
«Թուրքիայի ներգրավվածությունը պրոքսի չի եղել, այլ անմիջական։ F-16-եր են կիրառվել, որոնք բացահայտել են մեր հակաօդային պաշտպանության ամբողջ համակարգը։ Իսկ մենք գիտենք, որ այդ երկրի ռազմօդուժը փոխկաապակցված է ՆԱՏՕ-ին»,- ասել է Տոնոյանը՝ մանրամասները թողնելով փակ նիստին։
Ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ է հանդիսացել նախ նախիջևանյան զորավարժությունների ընթացքում F-16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք և հետագայում օդաչուների ու կործանիչների ռոտացիան։
Նրա փոխանցմամբ՝ ինքն էլ, Գլխավոր շտաբն էլ ունեին կասկածներ, որ «այդ ամենը վարժանքի նպատակով չէ»։
«ԶՈՒ-ն պատրաստ էր դիմակայել 2-3 անգամ իրեն գերազանցող ուժի»
Իր պաշտոնավարման ընթացքում բանակի վիճակն այսպես է գնահատել՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունն ու այն բնագծերը, որտեղ հայկական զինուժը գտնվում էր։ Ընդգծել է՝ սա ոչ թե «սուբյեկտիվ գնահատական է, այլ փաստարկված եզրակացություն»։
Մյուս կողմից, նկատել է՝ խոսքը չի վերաբերում զինտեխնիկայի հագեցվածությանը, քանի որ այդ առումով «ամեն ինչ զրո է եղել` կործանիչ ռազմավիացիա չենք ունեցել»։
«Իրավիճակը գնահատվում էր սպառնալի»
Դավիթ Տոնոյանի փոխանցմամբ՝ 44-օրյա պատերազմից առաջ տեղյակ է եղել, որ իրավիճակը սպառնալի է` հաշվի առնելով իր փորձն ու վերլուծելով ստացվող պաշտոնական տեղեկությունները։
«Բայց ռազմական գործողությունների մեկնարկի օրը որևէ մեկին հայտնի չի եղել»,– հայտարարել է նա։
Սպառազինության մատակարարման, զորահավաքի կազմակերպման և մի շարք այլ հարցերի խոստացել է պատասխանել փակ՝ գաղտնի ռեժիմով։ Նշել է միայն, որ «այդ տիպի պատերազմ վարելու համար Հայաստանն ուներ սահմանափակ կարողություններ»։
Շեշտել է՝ «ուղղորդված դասալքության» մասին տեղեկություններ չունի։ Անդրադառնալով որոշ զինատեսակների կիրառման սահմանափակումների մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությանը ասել է․
«Որոշակի սահմանափակումներ եղել են ոչ թե զինատեսակի կիրառման հետ կապված, այլ աշխարհագրության»։
Նախկին նախարարի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմի օրերին զենքի մատակարարումների ուղիները «զմռսված» էին, Հայաստան զենք էր հասնում «աճպարարության արդյունքում»։
Ասում է՝ արվել է «գրեթե անհնարինը», իսկ այդ օրերին հայկական կողմի ներկրած զենքերի մասին երկու անգամ հրապարակային բողոքել է նույնիսկ հակառակորդ երկրի նախագահը։
Պաշտպանության նախարարության ու զինված ուժերի կառավարման համակարգն, ըստ նրա, խաղաղ պայմանների համար գործել է «լիարժեք», ռազմական դրության պայմաններում՝ «բավարար, բայց ոչ այդ աստիճանի և ծավալի մարտական գործողությունների վարման առումով»։
«Հրատապ է վարչապետին օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»,- նկատել է պաշտպանության նախկին նախարարը՝ խոսելով պատերազմից հետո զինված ուժերի կառավարման համակարգում կատարված «ոչ բավարար» փոփոխությունների մասին։
Տոնոյանը, սակայն, չի հստակեցրել՝ ինչի համար է անհրաժեշտ գնալ նման քայլի և ինչ խնդիրներ կլուծի դա։
«Իմ գնահատականն էր՝ կարող ենք դիմակայել»
Տոնոյանը նշել է, որ 2018 թվականի մայիսին, երբ ստանձնել է նախարարի պաշտոնը, իր գնահատականը եղել է այն, որ «Հայաստանը կարող է դիմակայել Ադրբեջանի ագրեսիային ՀՀ սահմաններով և ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը»։ Ասում է՝ հաշվի էր առել նաև երկրի տնտեսական և ժողովրդագրական իրավիճակը։
«Եթե 2020 թվականին Հայաստանի զինված ուժերն ունենային համապատասխան պատրաստության ու հագեցվածության վիճակ, հնարավոր է` Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսման պարագայում ՀՀ զինված ուժերը հայտնվեին Ադրբեջանի արևելյան սահմաններին` Կասպից ծովի ափերին»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե արդյոք գոհ է եղել բանակի հագեցվածությունից՝ ասել է՝ «երկու անգամ` 2018 և 2019 թվականին նշել ենք, որ համալրման անհրաժեշտություն կա»։
Ըստ Տոնոյանի՝ 2020 թ․-ի պատերազմից առաջ Հայաստանը երբևէ հնարավորություն չի ունեցել բավարար կերպով համալրել սպառազինության և ռազմական տեխնիկայի ու հանդերձավորման ռեսուրսները։
«Մինչև պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում»
Մանրամասն ներկայացրել է, թե ինչ նպատակով և որտեղ է եղել պատերազմի մեկնարկից առաջ։ Ասել է, որ 2020 թ․-ի սեպտեմբերի 25-ին գործուղվել է ՌԴ` զորավարժությունների, իսկ մինչև սեպտեմբերի 26-ի երեկո կրկին եղել է գործուղման «ԵՄ և ՆԱՏՕ–ի անդամ երկրներից մեկում»՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով։
Շեշտել է՝ միֆ է այն պնդումը, թե ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտ է այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու հարցում։
«Շարունակում էի իմ գործուղումը դեպի Կենտրոնական Ասիայի երկրներից մեկը` վայրէջքով, որտեղից պետք է միանային մարդիկ` բանակցություններին մասնակցելու, ընդ որում՝ էլի ՀԱՊԿ անդամ երկրի»։
Վայրէջքի պահին` սեպտեմբերի 27-ի առավոտյան ԳՇ պետի կողմից տեղեկացվել է պատերազմի մասին։ Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված թռիչքային սահմանափակումները` կարողացել է 2-3 ժամ հետո «օդանավ հայթայթել» և Վրաստանով վերադառնալ Հայաստան։
«Վերադառնալուց անմիջապես հետո համապատասխան հրամանատարական կետում անցկացրել եմ խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարություններ, անցել եմ իմ պարտականությունների կատարմանը` ըստ վարչապետի հանձնարարության»,- նշել է նա։
Ի՞նչ էր անում պատերազմի օրերին Մեղրիում
Պաշտպանության նախկին նախարարը պատմել է, որ 2020 թ. հոկտեմբերի 21-29–ը վարչապետի հրամանով եղել է Մեղրիում, այնուհետև «իրավիճակը գնահատելուց հետո» հետ է կանչվել։
Վստահեցրել է, որ ինչ հնարավոր էր, արվել է Մեղրիում. մոբիլիզացիայի փոքր խնդիր է եղել, սակայն դա էլ արագ լուծվել է։ Նրա խոսքով՝ իր հայտնվելը Մեղրիում բավականին լուրջ ազդեցություն է ունեցել ինչպես զինուժի, այնպես էլ բնակչության վրա։
«Ես ունեի նաև այլ գործառույթ՝ համադրված համագործակցություն ունենալ ՌԴ սահմանապահ ուժերի հետ, որը հաստատվեց ու շատ լուրջ համագործակցություն եղավ»,– ընդգծել է նա։
«ՍՈւ–երի արդիականացումը պետք է իրականացվեր 3 տարում»
Նախկին նախարարի փոխանցմամբ՝ ՍՈւ–30–ների համար պետբյուջեից ոչ մի լումա չի ծախսվել, ձեռքբերումն իրականացվել է օրենքով չարգելված այլ աղբյուրներից։ Այդ մասին խոստացավ խոսել փակ նիստի ընթացքում։
Տոնոյանը շեշտեց, որ այդ կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում էր, որը պետք է բարձրացներ զինված ուժերի մակարդակը։ Ափսոսանք հայտնեց, որ ՍՈւ–30–ները ավելի շուտ չեն ձեռք բերվել․
«Որպեսզի ձեռքբերումից հետո ՍՈւ-30–ները դառնային մարտունակ և հնարավորություն լիներ բացի զսպման գործառույթից նաև գրոհային կարողությունները դրսևորել, ժամանակ էր պետք»։
Ուղիղ չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք պատերազմի ընթացքում ընդամենը մեկ թռիչք է իրականացվել ՍՈւ-30–ով, այն էլ` հետախուզական։
Նշեց միայն, որ «ՍՈւ–30–ները ձեռք են բերվել նաև ՀՀ սահմանները և հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար»։
Ասում է՝ ՍՈւ-30 կործանիչները բազմաֆունկցիոնալ միջոցներ են, ունեն և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ, և դրանք հնարավորություն էին տալու հեռավորության վրա և ճշգրիտ խոցել հակառակորդի միջոցներն ու ենթակառուցվածքները։
Դավիթ Տոնոյանի փոխանցմամբ՝ 2020 թվականի օգոստոսի 24–ին Մոսկվայում ՍՈւ–երի արդիականացման պայմանագիր է կնքվել ՌԴ–ի հետ։ Պայմանագրի համաձայն՝ արդիականացումը պետք է իրականացվեր 3 տարում։
«Ինձ շատ հետաքրքիր է`գործընթացն ինչ փուլում է։ Մենք 3 տարվա ընթացքում պետք է ունենայինք որոշակի առաջխաղացում, հնարավոր է` ռազմական գործողությունները և նաև Ռուսաստանի կողմից վարվող հատուկ գործողությունը որոշակի խոչընդոտներ են առաջացրել»,- նկատել է նա։
«Որևէ միջոց մեկ ուրիշի փոխարեն չի ներկրվել»
Քննիչ հանձնաժողովի անդամները հետաքրքրվել են՝ իր պաշտոնավարման ընթացքում ինչու են փոփոխվել սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման հաստատված առաջնահերթությունները։ Այսպիսով ակնարկում էին, թե ավելի վատ տարբերակներ են ընտրվել։ Ապա հարցնում էին, թե ինչու ձեռք չեն բերվել տեղական և արտասահմանյան արտադրության ԱԹՍ–ներ, այլ ժամանակակից միջոցներ։
Նախկին նախարարը շեշտել է՝ միջոցները մեկը մյուսով չեն փոխարինել, դրանք ներկրել են՝ իբրև հավելում։ Օրինակ է բերել ՀՕՊ միջոցներն ու նշել, որ դրանք մատակարարվել են պայմանագրային քանակից 20 տոկոսով ավելի։
«Աշխատել եմ վստահության մթնոլորտում»
Հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «բանակն իրենից ինչ ուզել է, ունեցել է»։
«Չեմ ընդունում նրա այդ հայտարարությունը։ Ես այդպես չէի ձևակերպի»,– այսօր հայտարարել է Դավիթ Տոնոյանը։
Միաժամանակ պնդել է՝ վարչապետի առջև անիրատեսական հարցեր չի բարձրացրել, դրանք ստացել են «հստակ պատասխաններ և լուծումներ»։ Ասել է՝ աշխատել են վստահության մթնոլորտում։
«Վերլուծել սխալներն ու ճանապարհներ գտնել»
Հանձնաժողովի անդամների հարցերի ավարտից հետո Տոնոյանը հանդես է եկել կարճ ելույթով։ Նա նշել է, որ հայկական կողմը պատերազմում պարտություն է կրել «բոլոր առումներով անհավասար մարտում, բազմակի անգամ գերազանցող ուժի»։ Հավելել է, որ դա որևէ մեկին իրավունք չի տալիս խաղալ ժողովրդի ազգային արժանապատվության հետ։
Նախկին նախարարի բնորոշմամբ՝ Հայաստանը «չափազանց բարձր գին է վճարել», պատերազմում զոհված տղաներն իրենց կյանքը տվել են նրա համար, որ այսօր ջանքեր գործադրենք, վերլուծենք սխալներն ու գտնենք արժանապատիվ կյանքին վերադառնալու ճանապարհը։
«Նրանք իրենց կյանքը չեն տվել նրա համար, որ մենք բարձր ամբիոններից ելույթներ լսենք այն մասին, որ «ամեն ինչ վերջացած է», և պետք է համաձայնենք մեզ պարտադրվող բոլոր պայմաններին»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Դավիթ Տոնոյանի ելույթը Քննիչ հանձնաժողովում