Դանդաղ մահվան դատապարտվածները
Նուբարաշենի ՔԿՀ ցմահ դատապարտյալները բողոքի ակցիան դադարեցնելու որոշում են ընդունել: Նրանց վստահեցրել են, որ ցմահ դատապարտյալների վերաբերյալ հնարավոր օրենսդրական փոփոխությունները քննարկման կդրվեն ՀՀ խորհրդարանում:
Իսկ ինչո՞ւ էին դատապարտյալները բողոքում, ի՞նչ փոփոխություններ են պահանջում և ի՞նչ են սպասում:
1991թ. Հայաստանում մահապատժի մորատորիում է հայտարարվել, իսկ 2003թ. Եվրախորհրդին անդամակցելուց հետո՝ մահապատիժն ընդհանրապես հանվել է: Նույն տարի ընդունված Քրեական օրենսգրքի համաձայն, առավելագույն պատժամիջոց է սահմանվել ցմահ բանտարկությունը:
2003թ. օգոստոսի 1-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մահվան դատապարտվածներին ներում շնորհելու մասին հրաման ստորագրեց՝ փոխարինելով մահվան վճիռները ցմահ ազատազրկմամբ:
Հայ իրավապաշտպանները պնդում են, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած հրամանը օրինական չէ, քանի որ երկրի նախագահն իրավունք չունի դատարանի վճիռը փոփոխելու:
Հայասատնում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, ցմահ դատապարտյալների քրեական գործերը անհրաժեշտ է վերանայել դատական կարգով: “Պատժամիջոցի փոփոխման մասին որոշում կարող է ընդունել բացառապես դատական մարմինը, — նշեց նա:
Իրավապաշտպանը չբացառեց, որ դատական կարգով գործերի վերանայման պարագայում մահվան դատապարտվածների համար պետք է պատժի տարբեր ժամկետներ սահմանվեին, քանի որ, ըստ օրենքի, պատժամիջոցի փոփոխման դեպքում դատարանները պետք է ավելի մեղմ վճիռ կայացնեն: Նրա խոսքով, Քրեական օրենսգրքում, որի համաձայն մահվան դատաճվիռ է կայացվել, կար դրույթ, որի համաձայն “դատապարտյալին ներում շնորհելիս ցմահ բանտարկությունը փոխարինվում է 15 տարվա ազատազրկմամբ:
Իշխանյանը կարծում է, որ մահվան դատավճիռը ցմահ բանտարկությամբ փոխելու Քոչարյանի հրամանը կարելի է վիճարկել դատարանում:
Կա ևս մի խնդիր, որը բացառում է ցմահ դատապարտյալին արդարացնելու հնարավորությունը: Դա իրեղեն ապացույցների ոչնչացումն է:
«Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, Hetq.am-ի լրագրող Զարուհի Մեջլումյանը պնդում է, որ իրեղեն ապացույցների ԴՆԹ-անալիզը թույլ կտար ապացուցել դատապարտվածի անմեղությունը:
«Եվրոպական երկրներում ծանր քրեական հանցագործությունների իրեղեն ապացույցները սկսել են պահպանել 1970-ական թվականներից: ԱՄՆ-ում, օրինակ, շնորհիվ ԴՆԹ-անալիզի 338 դատապարտյալ է արդարացվել 20-30 տարվա ազատազրկումից հետո»,- նշում է նա:
Մեջլումյանի կարծիքով, պետությունը պետք է կարողանա ընդունել արդարադատության համակարգում անխուսափելի դատական սխալը: Քրեական դատավարության նոր նախագծում դրույթ է ամրագրված, որի համաձայն մարդու կյանքի դեմ կատարված քրեական գործերի ապացույցները ոչնչացման ենթակա չեն, սակայն քանի դեռ նախագիծն օրինական ուժ չունի, իրեղեն ապացույցները շարունակում են ոչնչացնել:
Լրագրողը հայտարարեց, որ ցմահ դատապարտյալները զրկված են վաղաժամկետ ազատ արձակվելու և հասարակություն վերադառնալու հնարավորությունից: Նրա կարծիքով, ցմահ դատապարտյալին պետք է հնարավորություն տալ 20-25 տարի պատիժը կրելուց հետո հասարակություն վերադառնալու հույս ունենալ:
«ՀՀ խորհրդարանում 2011-ից օրինագիծ կա, որը նախատեսում է ցմահ դատապարտյալների պատժի ռեժիմի փոփոխության կարգ: Օրինագծի համաձայն, պատիժը 15 տարի կրելուց հետո ցմահ դատապարտյալին փակ ռեժիմի ՔԿՀ-ից տեղափոխում են կիսափակ, իսկ 18 տարին լրանալուն պես՝ կիսաբաց»,- բացատրեց նա:
Նրա կարծիքով, տվյալ օրինագծի ընդունումը թույլ կտա մարդուն ժամկետը կրելուց 20 տարի հետո նախապատրաստել հասարակություն վերադառնալուն: Ցմահ դատապարտյալի ազատ արձակումը եվրոպական երկրներում, օրինակ, Անգլիայում կամ Ֆինլանդիայում, սովորական երևույթ է: Ընդ որում, վիճակագրության համաձայն այս խմբի դատապարտյալների կողմից կրկին հանցագործություն կատարելու հնարավորությունը գործնականում զրոյի է հավասար:
Իրավապաշտպանները վստահ են, որ պատժի նպատակը դատապարտյալին վերադաստիարակելն է: Նրանք պնդում են, որ եթե քրեական գործի վերանայման և վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմ չի գործում, ապա ցմահ դատավճիռ կայացնելը՝ մարդուն բանտային պայմաններում դանդաղ մահվան դատապարտելով, կորցնում է որևէ իմաստ: Այդ դեպքում ավելի մարդասիրական կլիներ մահվան դատավճիռը վերադարձնելը:
24.12.2015
Հայաստանում արդեն տասներորդ օրն է՝ շարուկանվում է ցմահ դատապարտյալների հացադուլը Նուբարաշենի քրեակատարողականում: 32 ցմահ դատապարտյալներ բողոքում են՝ պահանջելով իրենց քրեական գործերի վերանայումը:
Դեկտեմբերի 14-ին 28 ցմահ ազատազրկման դատապարտվածներ հացադուլ հայտարարեցին: Դեկտեմների 16-ին նրանց թիվը հասավ 35-ի, սակայն երեք օր անց նրանցից երեքը դադարեցրին հացադուլը առողջական խնդիրների պատճառով: Դատապարտյալները նաև լրատվամիջոցների հետ հանդիպում են պահանջում: Նրանք հրաժարվում են լքել իրենց բանտախցերը և դուրս գալ զբոսնելու:
Նշենք, որ սա 2015-ին Նուբարաշենի ցմահ դատապարտյալների առաջին մասսայական բողոքի ակցիան չէ: Չհաշված ցմահ դատապարտյալների բողոքների առանձին դեպքեր՝ հոկտեմբերի 12-16 նրանք մասսայաբար հացադուլ էին հայտարարել՝ բողոքելով իրենց քրեական գործերը չվերանայելու դեմ: Նրանք պահանջում էին նաև փոփոխություններ մտցնել գործող օրենսդրություն՝ կարգավորելով ցմահ ազատազրկվածների պայմանական վաղաժամկետ ազատ աձակման մեխանիզմները: Հոկտեմբերի 15-ին, ըստ տարբեր գնահատականների, բողոքի ակցիային մասնակցեց 50-57 մարդ:
Հոկտեմբերի 22-ին հայկական դատարանը աննախադեպ որոշում ընդունեց ազատել ղարաբաղյան պատերազմի վետերան Սողոմոն Քոչարյանին ցմահ ազատազրկման պատիժը կրելուց՝ առողջական վիճակով պայմանավորված: Սակայն որոշումը չափազանց ուշ ընդունվեց, և Քոչարյանը ազատության մեջ անցկացրեց ընդամենը 15 օր: Նոյեմբերի 8-ի գիշերը նա մահացավ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Ընդհանուր առմամբ հայաստանյան բանտերում ցմահ ազատազրկվածների թիվը հասնումն է 102-ի: Այն պարագայում, որ 3 մլն բնակչություն ունեցող եվրոպական երկրներում, իրավապաշտպանների տվյալներով, դատապարտվածների այս խմբի քանակը չի գերազանցում 30-ը: Այսինքն այդ ցուցանիշը հայաստանյանից ցածր է մոտ 3,5 անգամ:
Դատապարտյալների բողոքին աջակցում են նաև նրանց հարազատները: Նրանք ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի, Ազգային ժողովի և նախագահական նստավայրի մոտ: Նրանք կարծում են, որ պետությունն իրենց հարազատներին դատապարտել է դանդաղ մահվան:
Վերջերս 18 դատապարտյալների հարազատներ կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ուշադրություն դարձնել ցմահ դատապարտյալների խնդիրներիկն: Դեկտեմբերի 21-ին նրանք նախագահի վարչակազմ նամակ փոխանցեցին՝ խնդրելով աջակցել ցմահ դատապարտյալների խնդիրների լուծմանը: Նամակը ստորարգրել է 13 հազ. քաղաքացի: Նրանց քրեական գործերը վերանայելու խնդրանքով ևս մեկ նամակ ուղղվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ընդունել է դատապարտյալների մի խումբ հարազատների: Նա վստահեցրել է, որ հանդիպելու է Նուբարաշենի ցմահ դատապարտյալներին և քննարկելու է ներկայացված պահանջները:
JAMnews-ը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը: