ԱՄՆ-ն ու Եվրոպան Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու տարբեր ծրագրեր ունեն. Reuters-ի հրապարակումը
Դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, ԱՄՆ-ի և Եվրոպայի ծրագրերը
Ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները հանդես են եկել ԱՄՆ-ի որոշ առաջարկությունների դեմ, որոնք վերաբերում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելուն: Նրանք ներկայացրել են հակընդդեմ առաջարկություններ՝ սկսած տարածքային հարցերից մինչև պատժամիջոցներ:
Reuters-ը ներկայացնում է ամերիկյան և եվրոպական առաջարկությունների փաթեթների ամբողջական տեքստերը, որոնք մշակվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի պաշտոնյաների միջև ապրիլի 17-ին Փարիզում և ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բանակցությունների ընթացքում:
Փաստաթղթերը ցույց են տալիս «մաքոքային դիվանագիտության» ներքին աշխատանքը, որն իրականացվում է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է պատերազմի արագ ավարտի:
Ստորև ներկայացնում ենք երկու տեքստ, որոնք ցույց են տալիս բանակցություններում տարաձայնությունների ոլորտները
- Գործընկերությունից՝ վերջնագիր. ի՞նչ է նշանակում ԱՄՆ-Ուկրաինա հարաբերությունների սառեցումը
- Դեպի ԵՄ ռուս զինվորների հե՞տ․ Մոլդովայի և Ուկրաինայի եվրաինտեգրման ուղին
- «Որոշ երկրներ շահագրգռված չեն՝ Հայաստանը նորից ՌԴ հետնաբակ դառնա»․ քննարկումներ Երևանում
Առաջին տեքստ. ԱՄՆ-ի առաջարկությունները ՌԴ-Ուկրաինա հակամարտության խաղաղ կարգավորման համար
Առաջարկությունները եվրոպացի պաշտոնյաներին են փոխանցվել Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի կողմից Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում: Reuters-ը գրում է, որ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` դրանք փոխանցվել են նաև ուկրաինացիներին:
Հրադադար
- Մշտական հրադադար;
- Երկու կողմերն անմիջապես մտնում են դրա իրականացման տեխնիկական բանակցությունների փուլ:
Անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար
- Ուկրաինան ստանում է հուսալի անվտանգության երաշխիքներ:
- Երաշխավորներ են դառնում եվրոպական պետությունների հատուկ խումբը և նման ցանկություն ունեցող ոչ եվրոպական պետությունները։
- Ուկրաինան չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցել։
- Ուկրաինան կարող է ձգտել ԵՄ անդամակցության։
Տարածքներ
- ԱՄՆ-ն դե-յուրե ճանաչում է Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը։
- ԱՄՆ-ն դե-ֆակտո ճանաչում է Լուգանսկի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը։
- ԱՄՆ-ն դե-ֆակտո ճանաչում է Զապորոժիեի, Դոնեցկի և Խերսոնի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող հատվածների պատկանելիությունը։
- Ուկրաինան վերադարձնում է Խարկովի մարզի տարածքները։
- Ուկրաինան վերականգնում է Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը՝ ԱՄՆ-ի կողմից կայանի վերահսկողության և կառավարման շնորհիվ։ Էլեկտրաէներգիան բաշխվում է երկու կողմերի (ԱՄՆ-ի և Ուկրաինայի) միջև, Կիևը վերահսկում է նաև Կախովկայի ամբարտակը։
- Ուկրաինան օգտվում է Դնեպր գետի անարգել անցումներից և վերահսկողություն է հաստատում Կինբուրնի թերակղզու նկատմամբ։
Տնտեսություն
- ԱՄՆ-ն և Ուկրաինան իրականացնում են տնտեսական համագործակցություն/կնքվում է օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր։
- Ուկրաինան լիովին վերականգնվում է և ստանում ֆինանսական փոխհատուցում։
- 2014 թվականից մեկնարկած հակամարտության արդյունքում ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկվում են։
- Ամերիկա-ռուսական տնտեսական համագործակցություն է ծավալվում էներգետիկայի և այլ արդյունաբերական ոլորտներում։
Երկրորդ տեքստը․ հակընդդեմ առաջարկներ, որոնցով հանդես են եկել Եվրոպան և Ուկրաինան
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին առաջարկների այս փաթեթն ԱՄՆ-ին է փոխանցվել ապրիլի 23-ին ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների կողմից Լոնդոնում կայացած բանակցությունների ժամանակ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Հրադադար
- Պարտավորություն՝ լիարժեք և անվերապահ հրադադարի մասին երկնքում, ցամաքում և ծովում:
- ԱՄՆ-ի և եվրոպական երկրների մասնակցությամբ երկու կողմերն անմիջապես մտնում են տեխնիկական իրականացման բանակցությունների մեջ: Սա տեղի է ունենում խաղաղության համաձայնագրի օրակարգի և պայմանների նախապատրաստմանը զուգահեռ:
- Հրադադարի մշտադիտարկում ԱՄՆ-ի ղեկավարությամբ և երրորդ երկրների աջակցությամբ:
- Ռուսաստանը պետք է անվերապահորեն վերադարձնի բոլոր տեղահանված և անօրինական տեղափոխված ուկրաինացի երեխաներին: Բոլոր ռազմագերիների փոխանակում («բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով): Ռուսաստանը պետք է ազատ արձակի բոլոր բանտարկված քաղաքացիներին:
Անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար
- Ուկրաինան կստանա հուսալի անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից (5-րդ հոդվածի նման համաձայնագիր), մինչդեռ դաշնակիցների միջև ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում կոնսենսուս չկա:
- Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակումներ չեն լինի:
- Երաշխավոր կհանդիսանա եվրոպական երկրների և նման ցանկություն ունեցող ոչ եվրոպական երկրների հատուկ խումբը:
- Ուկրաինայի տարածքում բարեկամական օտարերկրյա ուժերի ներկայության, սպառազինման և գործողությունների սահմանափակումներ չեն լինի:
- Ուկրաինան կձգտի ԵՄ անդամակցության:
Տարածքներ
- Տարածքային հարցերը կքննարկվեն և կլուծվեն լիարժեք և անվերապահ հրադադարից հետո:
- Տարածքային բանակցությունները կմեկնարկեն վերահսկողության գծի հիման վրա:
- Ուկրաինան ԱՄՆ-ի մասնակցությամբ կվերականգնի Զապորոժիեի ատոմակայանի, ինչպես նաև Կախովկայի ամբարտակի նկատմամբ վերահսկողությունը։
- Ուկրաինան կօգտվի Դնեպր գետի անարգել անցումներից և վերահսկողություն կհաստատի Կինբուրնի թերակղզու նկատմամբ:
Տնտեսություն
- ԱՄՆ-ն և Ուկրաինան կիրականացնեն տնտեսական համագործակցություն/օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր կկնքեն:
- Ուկրաինան լիովին կվերականգնվի և կստանա ֆինանսական փոխհատուցում, այդ թվում՝ ռուսական ինքնիշխան ակտիվների հաշվին, որոնք կմնան սառեցված, մինչև Ռուսաստանը փոխհատուցի Ուկրաինային հասցված վնասը:
- ԱՄՆ-ի կողմից 2014 թվականից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները կարող են աստիճանաբար մեղմացվել կայուն խաղաղության հասնելուց հետո և վերականգնվել խաղաղության համաձայնագրի խախտման դեպքում:

Ռուսաստանի զորքերը ապրիլի 24-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Կիևին՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Այս հոդվածի հրապարակման պահին ստացված տվյալների համաձայն՝ զոհվել է 12 մարդ, ավելի քան 100-ը վնասվածքներ են ստացել: Լուսանկարում փնտրում են մարդկանց, ովքեր մնացել են շենքի փլատակների տակ: Նրանցից մի քանիսին հաջողվել է ողջ գտնել: Լուսանկարը՝ Կոստանտին Լիբերովի / Libkos / Getty Images
Դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, ԱՄՆ-ի և Եվրոպայի ծրագրերը