Գրքերի վաճառքը Հայաստանում. իրավիճակը՝ ըստ ընթերցողների և հրատարակիչների
Գրքերի վաճառքը Հայաստանում
Վերջին տարիների Հայաստանում գրքերի վաճառքը խթանող բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Դրանցից ամենամասշտաբայինը Գրքի երևանյան փառատոնն է, որը իրականացվում է 2017 թվականից:
Փառատոնը տևում է 3 օր: Դրան մասնակցում են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ և մշակութային կազմակերպություններ, հայտնի և սկսնակ գրողներ, նաև քննադատներ և բազմաթիվ ընթերցողներ: Այս տարի փառատոնն ունեցել է ավելի քան 30.000 այցելու, վաճառվել է 12.000 գիրք։
Գրախանութներն ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում։ Ընթերցողների հետ մշտական կապ են պահպանում, ծանոթացնում ժամանակակից հայ և արտասահմանյան հեղինակների ստեղագործություններին:
Նոր ընթերցողներ ներգրավելու և հներին պահելու համար հրատարակիչներն ու գրախանութները տարբեր ակցիաներ են ձեռնարկում՝ ընթերցանություններ, քննարկումներ։ Նաև թեմատիկ զեղչեր են կազմակերպում՝ Գրքի օրվա, Գրքի գիշերվա, Ամանորի և այլ տոների կապակցությամբ:
Մարդիկ միանում են ակցիաներին, գնումներ անում, ծանոթանում նոր հեղինակների ու նոր գործերի, դրանք տարածում իրական և ցանցային ընկերների շրջանակում: Սա նպատում է գրքերի վաճառքին՝ զարգացնելով գրատպության հանդեպ հետաքրքրությունը:
Տարբեր գրախանութներից մեր հարցմանը պատասխանել են, որ ամենավաճառվողը ուսումնական գրքեր են։ Սակայն մեծ պահաջարկ ունի նաև գեղարվեստական և մասնագիտական գրականությունը:
- «Գրադարակ»՝ ժամանակակից գրադարաններ Հայաստանի գյուղերի համար: Տեսանյութ
- Երևանյան սթրիթ արտ․ գրաֆիտիների հեղինակը, որը տարված է դիմանկարներով
- «Թատրոն տանիքում»․ ինչպես երազանքները իրականություն դարձան։ Տեսաբլոգ Հայաստանից
Ընթերցողի կարծիքն ու սպասելիքները
Լաուրան լավ գրականության գիտակ է։ Շատ է ընթերցում և պարբերաբար գնումներ է անում թե՛ տեղական գրախանութներից, թե՛ դրսի առցանց խանութներից:
Ասում է՝ Հայաստանում գիրքը կրկին, ինչպես նախկինում էր, սկսել է արժևորվել, սակայն համընթաց բարձրանում են և գները.
«Հիմնականում գրքեր գնում եմ զեղչերի ժամանակ, երբ լինում է մինչև 30% գնիջեցում։ Այդ օրերին շատ գրքեր են գնում, որ մինչև հաջորդ զեղչը կարդալու նյութ ունենամ: Գրքի միջին գինը 6 հազար դրամ է։ Եթե ամսական կարդում ես 5-6 գիրք, դժվար է այդքանը գնել»:
Կարծում է՝ իր պես մոլի ընթերցասերների համար պետք է հատուկ գներ մշակվեն։ Առաջարկում է նույնը անել նաև որոշակի սոցիալական շերտերի համար՝ դպրոցականների, ուսանողների, հաշմանդամություն ունեցողների, թոշակառուների, հետազոտողների․
«Տարեցտարի նկատելի է, որ տպագրության որակն ավելի լավն է դառնում: Դիզայնը, թարգմանությունը, հեղինակների և գրքերի ընտրությունը լավ մտածված են: Դրան, իհարկե, նպատում է ընթերցողների հետ ուղիղ կապի հնարավորությունը: Ինքս հաճախ իմ դիտարկումներն անում եմ հրատարակիչների կամ գրախանութների ֆեյսբուքյան էջերում: Եղել է, որ վերցրել են իմ հեռախոսահամարը, զանգահարել։ Հարցրել են, թե արտասահմանյան ինչ գործեր կցանկանայի տեսնել թարգմանված»,- ասում է Լաուրան:
Կարծում է՝ լավ կլիներ, եթե գրադարանները համալրվեին նոր տպագրություններով, նոր հեղինակներով։ Մարզային գրադարաններում գրքային ֆոնդը թարմացված չէ, գրքերը մաշված են և չեն համապատասխանում ժամանակակից ընթերցողի պահանջներին․
«Գրքերի ու տպագրության հանդեպ ուշադրությունը կենտրոնացած է մայրաքաղաքում, մարզային մեծ քաղաքներում գրեթե գրախանութներ չկան: Մարդիկ չեն կարողանում առցանց գիրք գնել։ Նաև ոչ բոլոր գրանխանութներն են պատրաստ գիրքը հեռավոր համայնքներ հասցնել»:
«Ոչ միայն ստեղծում ենք գրքեր, այլև հոգ տանում, որ դրանք հասնեն ընթերցողին»
27-ամյա «Զանգակ» հրատարակչությունը ոլորտի առաջատարներից է։ Տպագրում է բազմաժանր գրքեր և դրանք իր գրանախութների, կայքի, սոցիալական ցանցերի էջերով հասցնում ընթերցողներին: Տարբեր ձևաչափերով աշխատում է երկրում ձևավորել միջավայր, որը նպաստում է ընթերցանության հանրայնացմանը:
«Զանգակը» ընթերցասերներին հայտնի է ինչպես մանկապատանեկան գրականությամբ, այնպես էլ համաշխարհային բեսթսելերների թարգմանությամբ և հայ գրողների գործերի հրատարակմամբ։
«Մենք ոչ միայն ստեղծում ենք գրքեր, այլև հոգ տանում, որ դրանք հասնեն ընթերցողին։ 2012թ-ին բացվեց «Զանգակ» գրատան առաջին մասնաճյուղը, այժմ գրախանութների ցանցը ամենամեծերից է Հայաստանում։ «Զանգակ» հրատարակչությունն ու «Զանգակ» գրատունը, լրացնելով միմյանց, ձևավորում են ընթերցող շուկան ու թելադրում գրական ճաշակ։ Մեզ համար չափազանց կարևոր է թարգմանության և խմբագրման որակը։ Մեր կողմից ստեղծված բովանդակությունը վստահելի է, ստուգված և բարձրորակ»,- ասում է հրատարակչության հանրային կապերի պատասխանատու Սյուզան Չիչակյանը։
Վստահեցնում է՝ «Զանգակում» հրատարկվող գիրքը պարտադիր պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Գրականության ընտրության հարցում հրատարակչությունը չափազանց բծախնդիր է․
«Բնականաբար, հաշվի է առնվում ներքին լսարանի պահանջարկը։ Պարբերաբար գրախանութներից ստանում ենք գրքերի ցանկը, որոնք մեր ընթերցողները ցանկանում են թարգմանված տեսնել։ Շատ նամակներ, հեռախոսազանգեր ենք ստանում։ Սա չափազանց կարևոր գործոն է ձեռքը զարկերակի վրա պահելու ու գրաշուկայում պահանջարկի բացահայտման, ժանրային նախընտրություններն ուսումնասիրելու համար»:
Սյուզան Չիչակյանի խոսքով՝ իրենց ընթերցողների շրջանակում հիմնականում լավ գրքերի պահանջարկ կա։
Սակայն դա գրքի ընտրության հարցում բաղադրիչներից միայն մեկն է.
«Մեզ մոտ աշխատում է մասնագիտական խումբ, որն անընդհատ ուսումնասիրում է դրսի գրաշուկան՝ փորձելով հայ ընթերցողի սեղանին դնել աշխարհում մեծ պահանջարկ ունեցող, լավագույն գործերը։ Երբեմն համաշխարհային գրականության կարևոր կոթողներ, ոչ շատ մեծ պահանջարկ ունեցող, բայց կարևոր գրքեր ևս թարգմանվում են՝ հաշվի չառնելով անգամ ֆինանսական արդյունավետությունը»:
Երեխաների շրջանում ընթերցանությունը խթանելու համար հրատարակչությունը «Ամառային ընթերցանություն» եռամսյա ծրագիր ունի։ Դրա ընթացքում նրանք կարդում են, փոխանակում տասնյակ գրքեր, մասնակցում քննարկումների։
«Ուրախալի է հատկապես այն, որ տեսնում ենք ընթերցասեր երեխաների, նախագծի մասնակիցների ոգևորությունը։ Չէ՞ որ այսօրվա կարդացող երեխան վաղվա մտածող անհատն է»,- ասում է «Զանգակ»-ի ներկայացուցիչը։
Մեծ լսարան ունի նաև «Զանգակ» հրատարկչության թարգմանական գրականությունը։ Նոր հրատարկված գրքերին զուգահեռ շարունակում են բեսթսելերներ մնալ նաև տարիներ առաջ թարգմանված գրքերը։ Գեղարվեստական գրականությանը զուգահեռ, այսօր բավականին մեծ պահանջարկ ունեն մասնագիտական գրքերը։
«Այս ոլորտում բացը լրացնելու համար մի քանի կարևոր գրքեր այս տարի թարգմանվեցին հայերեն։ Օրինակ, Ֆիլիպ Քոթլերի «Մարքեթինգ Այբից Ֆե», Դանիել Քանեմանի «Մտածողություն․ արագն ու դանդաղը» գրքերը, որոնք մեծ պահանջարկ ունեին, բայց դեռևս թարգմանված չէին հայերեն։ Այս ուղղությամբ դեռ շատ անակնկալներ ունենք։ Օգտագործելով առիթը՝ մեր ընթերցողներին հայտնենք, որ մինչև տարվա վերջ լույս կտեսնեն մի քանի սպասված բեսթսելերներ, օրինակ Կազուո Իշիգուրոյի «Կլարան և արևը», Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» գրքերը»,- հայտնեց Չիչակյանը։
Գրախանութների դերը
«Գրատուն»-ը Երևանի համայնքնային գրախանութներից է: Մեծ վաճառքներ չունի, սակայն օժանդակ տպագրական գործունեությամբ կարողանում է պահպանել բիզնեսը: Հիմնական հաճախորդները հարակից դպրողների աշխակերտներն ու ուսուցիչներ են:
«Մոտ երկու հարյուր մշտական գնորդ ունենք: Աշխատում ենք բավարարել ընթերցողների փոքր բանակի գրական հետաքրքրությունները: Նկատելի է, որ շատերը գիրքը գնում են որպես նվեր։ Եվ դա ուրախալի է»,- ասում է գրախանութի խորհրդատու Անահիտ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ հիմնականում վաճառվում են դասագրքեր, շտեմարաններ, մանկական գրքեր, ուսումնական նյութեր: Շրջանառությունն ավելացնելու նպատակով երբեմն ակցիաներ են ունենում մեծ զեղչերով․
«Այդպես խրախուսում ենք կարդալ, ծանոթանալ նոր տպագրված գրքերին: Երբեմն պատրաստ ենք եկամուտ չունենալ, սակայն վաճառել գրքերը, որպեսզի կարողանանք նոր գրքեր բերել, խրախուսել ընթերցանությունը: Երբ մարդը մեկ-երկու անգամ կարողանում է զեղչով գիրք գնել, հաջորդ անգամ արդեն պատրաստ է լինում վճարել գրքի ամբողջ գինը»:
Ըստ Անահիտի՝ վերջին երեք տարիներին գնալով ավելի շատ վաճառքներ և նոր գնորդներ են ունենում։ Սակայն դրանով չեն գոհանում, պլաններ են մշակում, որոնք ավելի մեծ արդյունավետություն կապահովեն:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Գրքերի վաճառքը Հայաստանում