ՀՀ-ում գործազրկության մակարդակը նվազել է. վիճակագրական տվյալներ և մեկնաբանություններ
Գործազրկության մակարդակի նվազում Հայաստանում
Հայաստանում 2025 թ․-ի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է՝ կազմելով 14% նախորդ տարվա 15,5%-ի փոխարեն։ Այդ մասին հայտնել է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։
Կոմիտեից տեղեկանում ենք՝ նույն ժամանակահատվածում աճել են աշխատուժի մասնակցության (տնտեսական ակտիվության) և զբաղվածության ցուցանիշները՝ հասնելով համապատասխանաբար 58,2% և 50,1% (նախորդ տարի՝ 57,7% և 48,7%)։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թարմացվող տեղեկատվություն է հրապարակում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի «պատմական ռեկորդների» վերաբերյալ։ Օրինակ՝ ապրիլին Փաշինյանը համեմատական էր անցկացրել 2018 թ․-ի հետ և հայտնել՝ աշխատատեղերի թիվն աճել է 44,7 տոկոսով։
«Արձանագրվել է ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 796 հազար 473 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս»,- հուլիսին ամփոփել է նախորդ ամսվա տվյալները Փաշինյանը։
Աշխատուժի մեջ ներառվում են զբաղվածները և գործազուրկները, ովքեր դիտարկվող ժամանակահատվածում աշխատանքի շուկայում ապահովում են աշխատուժի առաջարկը` ապրանքների և ծառայությունների արտադրության համար:
Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ աշխատուժի մասնակցության մակարդակը նույն տնտեսական ակտիվության մակարդակն է։ Այդ ցուցանիշը ստանում են աշխատուժում ներգրավված անձանց թիվը բաժանելով չափահաս, աշխատունակ բնակչության թվի վրա (արտահայտված տոկոսային հարաբերակցությամբ):
Վիճակագրական տվյալներ, քաղաքացիների կարծիքներ
- Փաշինյանն ասում է՝ ՀՀ-ում ավելի լավ են ապրում, քան 2018-ին, քաղաքացիները համամիտ չեն
- «Ավելի լավ կյանքի հնարավորություն». ՀՀ աշխատաշուկան՝ թվերով
- ՀՀ-ում կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ
Հունիսի վերջի դրությամբ երկրում ավելի քան 36 հազար գործազուրկ կա
Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ 36․654 է։ Նրանցից 22․185-ը կանայք են, 14․469-ը՝ տղամարդիկ։
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը գրեթե հավասար է ինչպես քաղաքային (18․561), այնպես էլ գյուղական (18․093) համայնքներում։
Ըստ կոմիտեի՝ գործազուրկների ամենամեծ խումբը 35-44 տարեկաններն են։ Ընդհանուր պատկերը հետևյալն է՝
- 35–44 տարեկաններ՝ 12․244 քաղաքացի,
- 45–54 տարեկանները՝ 8079 քաղաքացի,
- 55-ից բարձր տարիքի՝ 6110 քաղաքացի։
Հայտնի է նաև, որ աշխատանք են փնտրում 9891 երիտասարդներ (16–29 տարեկան), նրանց մեծ մասը Արարատի և Կոտայքի մարզերից են։
Տվյալները վերաբերում են Հայաստանի մշտական բնակչությանը
2024 և 2025 թվականների առաջին եռամսյակների համեմատական վերլուծությունն արվել է 15-74 տարեկան ՀՀ մշտական (ռեզիդենտ) բնակչության շրջանում։
Նշվում է, որ հետազոտության իրականացման պահին այդ քաղաքացիները՝
- զբաղված են եղել ՀՀ-ում գտնվող ռեզիդենտ տնտեսական միավորում, կամ ՀՀ-ից դուրս՝ ոչ ռեզիդենտ տնտեսական միավորում (ազգային զբաղվածության ցուցանիշ),
- գործազուրկ են եղել՝ աշխատանք չեն ունեցել և աշխատանք են փնտրել ՀՀ-ում և (կամ) ՀՀ-ից դուրս (ազգային գործազրկության ցուցանիշ),
- չեն եղել զբաղված կամ գործազուրկ՝ դուրս են եղել աշխատուժից (ազգային ցուցանիշ):
Բոլոր հարցվողները աշխատաշուկայում իրենց մասնակցության բնույթից և աստիճանից կախված դասակարգվում են միմյանց բացառող 3 խմբերի` զբաղված կամ գործազուրկ կամ աշխատուժից դուրս բնակչություն:
Աշխատուժից դուրս բնակչության մեջ ներառված են անձինք, ովքեր հետազոտվող ժամանակահատվածում չեն եղել զբաղված կամ գործազուրկ: Սովորաբար աշխատուժից դուրս բնակչությանն են դասվում առկա ուսուցմամբ սովորողները, ուսանողները, տնային տնտեսությամբ զբաղվածները, կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաներին, հիվանդ հարազատներին խնամողները։
Մեկնաբանություններ
«Պատմական նոր ռեկորդի» վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հուլիսյան գրառումը շուրջ 800 մեկնաբանություն ունի։ Քաղաքացիները բարձրացրել են ամենատարբեր հարցեր՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումից մինչև աշխատողների շահագործում․
«Մինիմալ աշխատավարձը բարձրացրեք, թոշակը բարձրացրեք։ Այսօր ձեր տված աշխատավարձով ապրել չի լինում։ Մանկապարտեզներում դաստիարակները, դայակները, մաքրուհիները, պոլիկլինիկայում բուժքույրերը․․․ կարելի է երկար թվարկել, նրանց բոլորի աշխատանքը շատ կարևոր է, մինիմալ աշխատավարձի բարձրացումը պարտադիր է»։
«Պարոն Փաշինյան, խնդրում եմ վերահսկեք աշխատողների շահագործումը։ ՀՀ-ում խայտառակություն է տիրում, գործատուները շահագործում են աշխատողներին, դիմացը գրոշներ են տալիս»։
«Միայն թվեր, բայց ժողովրդի վիճակը շատ վատ է, պարտքերի տակ ճռռում են»։
«Հետաքրքիր է, բա ինչո՞ւ է ժողովրդի մեծ մասը գնում արտագնա աշխատանքի»։
«Հայաստանում չի գնահատվում աշխատանքը և պրոֆեսիոնալ մասնագետը, Հայաստանում բարեխիղճ աշխատողը տեղ չունի ու չի գնահատվում։ Մնացածը սուտ վիճակագրություն է, աշխատանքի իմիտացիա»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Գործազրկության մակարդակի նվազում Հայաստանում