«Գնաճի միտումները կառավարելի կլինեն»․ ՀՀ ֆինանսների նախարարը՝ 2022 թ․-ի մասին
2022 թ․-ի տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մոտ 5.5% գնաճ, հնարավոր է մինչև 1.5% շեղում։ Մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ճեպազրույցում նախարարն անդրադարձել է Հայաստանում առկա խնդիրների պատճառներին և խոսել նոր իրողությունները հաշվի առնելու կարևորության մասին։
Ֆինանսների նախարարը նախ հիշեցրել է, որ գնաճի կառավարումը Կենտրոնական բանկի «գործիքակազմում է գտնվում»։ Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ ԿԲ-ն հայտարարել է, որ չնայած առկա դժվարություններին, տարեվերջին արձանագրելու ենք օրենքով սահմանված ցուցանիշը․
«Կենտրոնական բանկը հայտարարել է, որ այդ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի՝ չնայած այն ժամանակավոր դժվարություններին, որոնք այսօր առկա են տարածաշրջանում և ամբողջ աշխարհում՝ պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով»։
Ֆինանսների նախարարն ընդգծել է՝ գնաճի միտումները կլինեն կառավարելի։
Նրա կարծիքով, որ 2021 թ․-ին իրավիճակը պարենի համաշխարհային շուկայով համավարակի և արժեշուկաների վերադասավորումների հետևանք էր։ Ասում է՝ հիմա տեղի ունեցողը բնույթով տարբեր է՝ կապ ունի «տարածաշրջանային անորոշությունների» և մատակարարման կանոնավորության հետ։
«Եթե ամիսներ անց հետ նայենք, կտեսնենք, որ այդ խնդիրներից շատերն ինքնակարգավորվել են։ Կարծում եմ՝ Կենտրոնական բանկը պետք է հաջողությամբ հասնի նրան, ինչ սահմանել է օրենքը»,- շեշտել է Տիգրան Խաչատրյանը։
Անդրադառնալով պարենային զամբյուղում առկա մթերքների գնաճին՝ Ֆինանսների նախարարը նշել է, որ գնաճի ցուցանիշը որոշելիս հաշվի է առնվում ապրանքների հանրագումարը, ոչ թե առանձին ապրանքների արժեքը։
Ըստ նրա՝ կարճ ժամանակում որոշակի ազդեցություն կարող են ունենալ առկա խնդիրները, այդ թվում՝ լոգիստիկ՝ կապված եղանակային պայմանների վատթարացման և Լարսի անցակետի փակ կամ դժվարանցանելի լինելու հետ, սակայն կան նաև համաշխարհային գործընթացներ։
«Աշխարհի տեսանկյունից խոսքը վերաբերում է նաև նրան, որ որոշակի ապրանքատեսակներ, որոնք համաշխարհային շուկա են մատակարարում, օրինակ՝ ՌԴ-ն կամ Ուկրաինան, կարող են առաջարկի և պահանջարկի անհավասարակշռություն առաջացնել»։
Տիգրան Խաչատրյանի դիտարկմամբ՝ աշխարհը հաշվի է առնում նոր իրողությունները, օրինակ՝ շատ պետություններ սկսելու են մտածել ցորեն աճեցնելու մասին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, Ֆինանսների նախարարի փոխանցմամբ՝ իրականացվում են պետական աջակցության մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են, որ «քաղաքացիները պարենային ապահովության հարցերին ավելի մեծ ուշադրություն դարձնեն»։
Նախարարը Հայաստանում ցորենի պաշարների խնդիր չի կանխատեսում։
«Միջազգային շարժերի տեսանկյունից Հայաստանը շատ քիչ քանակությամբ ցորեն է օգտագործում, այսինքն՝ չկա այնպիսի քանակություն, որը պետք է ՀՀ-ում հացի և հացամթերքի հետ կապված հարցը կարգավորելու համար [խնդիր ստղեծի], և մեր գործարարները չկարողանան այդ քանակությամբ մատակարարումներն ապահովել։ Չկա այդպիսի խնդիր»։
Առկա դժվարությունները, այդ թվում՝ պարենային ապրանքների գների տատանումները Խաչատրյանը կապում է լոգիստիկ խնդիրների և մատակարարումների կանոնավորության հետ։
Նախարարի համոզմամբ՝ լոգիստիկ խնդիրները ժամանակավոր են, իսկ մատակարարումները կարվեն «ժամանակին և ամբողջ ծավալով»․
«Առաջնային ապրանքները կան, անհանգստանալու կարիք չկա»։
Անդրադառնալով սննդամթերքի գների անհարկի բարձրացման հավանականությանը՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ շուկայի վերաբերյալ հրապարակային պարզաբանումներով և զեկույցներով հանդես է գալիս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Ըստ նրա՝ «կառավարությունը պարբերաբար լսում է» այդ զեկույցները։
«Մինչ այժմ իմ լսած բոլոր պարզաբանումները վերաբերում են նրան, որ որևէ կանխամտածված կամ չարամիտ գործողություն տնտեսվարողների կողմից չի եղել։ Ինչ էլ տեղի ունենա, կլինի համապատասխան արձագանք»,- ընդգծել է նախարարը։
Տիգրան Խաչատրյանի գնահատմամբ՝ եթե որևէ տնտեսվարող որոշի անհիմն բարձրացնել ապրանքի գինը, մյուսները նրան դուրս կթողնեն մրցակցությունից՝ նույն ապրանքի համար ներկայացնելով խելամիտ գնային առաջարկ։