Գյուղ, որտեղ ապրում է միլիարդերը
2012թ-ի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երզանք» կոալիցիան Նաթանեբի գյուղում հավաքել է ձայների 72 տոկոսը: Դա Վրաստանում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
4 տարի անց և նոր խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ մենք մեկնեցինք Նաթանեբի: Ցանկանում էինք տեսնել՝ ինչպես են մարդիկ ապրում և պարզել՝ արդյոք արդարացել են նրանց հույսերը:
***
Գուրիայի վարչական կենտրոնը Օզուրգեթն է: Այդ քաղաքից մինչև 7 հազար տնտեսություն ունեցող Նաթանեբի հասնելու համար պետք է ուղիղ 20 կմ գնալ:
Գյուղի կենտրոնում մայթը փորված է: Շուրջբոլորը փոշի ու կեղտ է՝ ճանապարհ են սարքում:
«Սա ընտրություններից առաջ է, այդ պատճառով են անում, թե չէ ո՞վ է մեր մասին հիշում», — ասում է միջին տարիքի մի տղամարդ, ով կովին է քշում: Ասում եմ, որ լրագրող եմ:
Տեղացիները փողոցով տեղաշարժվում են՝ ով ինչպես կարող է: Գույնը գցած անցումը ակնհայտ դադարել է անցման դեր խաղալ. մեկ-երկու մեքենան արդեն հազվադեպ երևույթ են, այդ պատճառով էլ ում որտեղ հարմար է, անցնում է ճանապարհը:
Գյուղի կենտրոնը կարծես պատերազմի դաշտ լինի: Շենքերը կիսով չափ քանդված են, տարիներով ոչ ոք վերանորոգմամբ չի զբաղվել:
«Սա կոլտնտեսության ադմինիստրացիայի նախկին շենքն է: Ժամանկին այստեղ կյանքը եռում էր: Գուրիացիները կոմունիստների ժամանակ կյանքն էին վայելում, — ասում է Նաթանեբիի բնակիչ Դալի Կորիձեն՝ մատնացույց անելով առանց պատուհանների հին շենքը: — Մանդարինը, թեյը Ռուսաստան էին արտահանում, աշխատանք կար: Գյուղ էր, սակայն ժամանակակից շատ քաղաքներից լավն էր: Այդպիսին էր Նաթանեբին»:
Նաթանեբին խորհրդային տարիներին իրոք Օզուրգեթի շրջանի ամենահարուստ գյուղերից մեկն է եղել: Տեղացիները հիշում են, որ թեյի ֆաբրիկայից բացի այստեղ գործում էր ցիտրուսների փաթեթավորման գործարան, ինչպես նաև կավե ամանների չորանոց, որոնք հենց տեղում էլ պատրաստում էին:
Այսօր ժանգոտ դարպասներից այնկողմ խոտով և մոլախոտով ծածկված բակեր են և խոտով ծածկված, ժամանակից խունացած ու թեքված փայտե տներ, որոնք տխրության և մելանխոլիայի մեջ են գցում: Նրանց տերերը քաղաքում են: Ոմանք վերջնական են տեղափոխվել, մյուսները՝ ժամանակավորապես, աշխատանք են փնտրում:
Գյուղի ծայրին սողանքներից տուժած տներ են: Տեղացիներն ասում են, որ նույնիսկ քիչ տեղումների դեպքում գյիուղը հեղեղվում է:
Նաթանեբիում շատ են լքված տները: Այստեղ աշխատանք չկա: Մարդիկ ծայրը ծայրին են հասցնում միայն մանդարինի, պնդուկի շնորհիվ: Բանջարանոց, մրգատու ծառեր:
«Այլ հնարավորություններ այս գյուղում չկան: Երկու լարի դեղերի համար, եթե այսպես դասավորվի, նույնիսկ դժվար կլինի պարտքով վերցնել: Բանջարանոցից հավաքած լոլիկներով դեղատանը չես վճարի…», — ասում է 53-ամյա Գուզո Թոիձեն և իր պատմությունը պատմում:
«Մի քիչ ինկասատոր աշխատեցի, և գիտե՞ք՝ ինչի համար ինձ հանեցին գործից: Որ փոքր երեխա ունեցող ընտանիքի լույսը չեմ անջատել պարտքի դիմաց: Մարդիկ կարիքավոր են»:
Գյուղի կենտրոնում՝ նախկին երաժշտական դպրոցի նախասրահում նախորդ նախագահական ընտրություններից պաստառ է մնացել՝ «Գեորգի Մարգվելաշվիլի, համար 41»: Այս համարը գյուղի մնացած անկյուններում էլ է երևում:
Մեզ հետ զրույցում Նաթանեբիի բնակիչներն ասում են, որ 2012թ-ին, երբ վրացական քաղաքականությունում հայտնվեց Բիձինա Իվանիշվիլին, նրանց մոտ փոփոխությունների հույս առաջացավ:
«Մի տնից մյուսն էի անցնում, մարդկանց համոզում քվեարկել «Վրացական երազանքի» օգտին, ասում էի, որ Բիձինան նրանց կօգնի: Այժմ ծիծաղում են ինձ վրա, ասում են՝ ո՞ւր է Բիձինադ, թող գոնե քո խարխլված տունն ուղղի», — ասում է 60-ամյա Դալի Կորիձեն:
Միլիարդերը Նաթանեբիիից
Առաջին հայացքից Նաթանեբին չի տարբերվում Գուրիայի մնացած գյուղերից: Չնայած մեկ հանգամանք կա, որը նրան բացառիկություն է հաղորդում. հենց այստեղ՝ մի քանի տարի առաջ ծովի ափին կառուցած հանգստավայրում է ժամանակի մեծ մասն անցկացնում երկրի ամենահարուստ մարդը, նախկին վարչապետն ու երկրի ներկայիս ոչ պաշտոնական ղեկավարը՝ Բիձինա Իվանիշվիլին:
Իվանիշվիլին գրանցված է Նաթանեբի գյուղում և 2012թ-ին քվեարկել է հենց տեղի ընտրատեղամասում:
Միլիարդերի հետ հարևանության մասին տեղացիները հումորով են խոսում. “Ինչպես կարող է նման հարևանը պետք չգալ: Հենց փողս վերջանում է, նրա դուռն եմ թակում, և նա միանգամից ձեռքը գրպանն է տանում, — ծիծաղելով ասում է Կուկուրի Մալազոնիան:
«Այդպիսի մեծ համերգասրահ ունեք Նաթանեբիում՝ վա՞տ է: Զբոսաշրջիկներ կգան, կսկսեն գումար ծախսել…», — հարցնում եմ՝ նկատի ունենալով Իվանիշվիլիի 200-միլիոնանոց նախագիծը՝ Black Sea Arena-ն, որը մոտ 10 հազար մարդ է տեղավորում և պատրաստ է ընդունել առաջին միջոցառումը. հուլիսի 30-ին այստեղ ելույթ կունենա Քրիստինա Ագիլերան:
«Վատ չէ, ընդհակառակը, լավ է, սակայն համերգներ, երգ ու պար Միշայի ժամանակ էլ շատ կար: Մեզ ի՞նչ դրանից: Բիձինային ընտրեցին, որովհետև նա աշխատանք և կյանքի մարդկային պայմաններ խոստացավ: Ի՞նչ համերգների ժամանակ է, երբ գյուղում ջուր չկա», — պատասխանում է Կուկուրի Մալոզոնիան:
Գլխավոր խնդիրը ջուրն է
4 տարի առաջ Նաթանեբիի բնակիչներն ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչներին խնդրում էին լուծել ամենասուր խնդիրը՝ ջրամատակարարումը:
Գյուղում ջուրը գրաֆիկով են տալիս՝ ինչ-որ մեկին օրը երեք անգամ, մյուսներին՝ ավելի քիչ, շրջաններ կան, որտեղ ընդհանրապես ջուր չկա:
Նախորդ ընտրություններից անցած 4-րդ տարին է, սակայն Նաթանեբիի բնակիչները նույն երազանքն ունեն՝ ջուր:
«Գիտեի, իհարկե, որ Բիձինան փող չի բաժանելու, սակայն չէի սպասում, որ ջրի խնդիրը նույնիսկ չի լուծի»:
«Մենք բոլորս Բիձինայի կողքին կանգնեցինք, Օզուրգեթում հանրահավաքների գնացինք, ճիշտ է, մտածեցինք, որ նա մեր մարդն է, սակայն ի՞նչ ունեցանք արդյունքում», — բամբասում են գյուղի կենտրոնում հավաքվածները:
Գյուղում ջրի պակասի պատճառը ջրհորների ոչ բավարար քանակն է:
Օզգուրեթի մունիցիպալիտետի Նաթանեբիի գյուղապետարանի ներկայացուցիչ Իլյա Թավաձեն վստահեցնում է, որ ջրի խնդիրը կլուծվի ընթացիկ տարում:
«Պետք է սպասել հիդրաերկրաբանական եզրակացությանը, և պարզ կդառնա, թե որտեղ և քանի ջրհոր է պետք փորել», — ասում է նա և բացատրում, որ այս իրավիճակը Սահակաշվիլիի կառավարության մեղքով է ստեղծվել:
«Նախորդ իշխանություններն արագ-արագ 30 ջրհոր փորեցին: Սակայն դրանցից պետքական դուրս եկան միայն 8-ը, դրանցում միայն ջուր կա»:
«Այս 4 տարվա ընթացքում նոր ջրհորնե՞ր եք ավելացրել», — ներկայացուցչին հարցնում են գյուղացիները:
«Շուտով կավելացնենք: 4 նոր ջրհոր կլինի: Յուրաքանչյուրի արժեքը 30 հազ. լարի է», — պատասխանում է նա:
Սողանքներից տուժած տներ
Գյուղում մենք շատերի հետ ծանոթացանք, ում տներն այս տարի վնասել է սողանքը: Գյուղը սողանքային վտանգի գոտի է համարվում:
Դալի Կորիձեն ասում է, որ եթե ժամանակին իր տունը չամրացներ, իր «կյանքի ողջ աշխատանքը պարզապես կփլվեր գլխին»:
«Պատերն ամորտիզացված են, ճաքերով: Գյուղապետարան իհարկե դիմել ենք, սակայն ի՞նչ: Այն ավելի շատ իր գովազդով է զբաղված, իսկ իմ վիճակը նրան չի հետաքրքրում: Ոչ երազանք է մնացել, ոչ հույս»:
Օզգուրեթի մունիցիպալիտետում վստահեցնում են, որ եկող տարվանից վթարային տներում ապրող ընտանիքներին նոր տուն գնելու համար 25 հազար լարի կառաջարկվի:
Աշխատում է նա, ով Բիձինայի մոտ է աշխատում
Գործազրկության պատճառով երիտասարդությունը սկսել է ավելի հաճախ լքել Նաթանեբին: Դպրոց, մանկապարտեզ և մունիցիպալ ծառայություններ՝ ահա և բոլոր աշխատատեղերը: Եթե իհարկե հանկարծ բախտդ չբերի և Բիձինա Իվանինշվիլիի տնտեսությունում աշխատանքի չտեղավորվես: Նրա տանը տեղացիները շինարարական աշխատանքներ են անում, այգու բազմամյա ծառերը խնամում, որոնք օլիգարխն իր մոտ է տեղափոխում տարբեր տեղերից և տնկում իր այգում, կամ էկզոտիկ կենդանիներին են խնամում, որոնք Իվանիշվիլիի տանը շատ են:
«Որ պատկերացնում եմ, որ երեխաներս այսօր ուտելու բան չունեն, իսկ երկու հարյուր մետր այնկողմ վագրաձին թագավորական պայմաններում է ապրում, արյունը խփում է գլխիս», — ասում է Նաթանեբիի բնակիչ Լիանա Մգելաձեն:
Ընտրական հիշողություն
Գյուղի կենտրոնում հավաքվածներին հարցնում եմ, թե նախընտրական արշավի ժամանակ տված որ խոստումներն են իրականացվել:
Պատասխանում են, որ կարող են մոռանալ, թե ինչ են կերել երեկ, սակայն նախընտրական խոստումները շատ լավ են հիշում:
«Վրացական երազանքի» շնորհիվ մարդիկ դադարեցին վախենալ, ոչ ոք չի վախենում, որ իրեն հենց այնպես կարող են բռնել»:
«Այո, մարդկանց մեջ վախ չկա, բացի այդ վաուչերներ, տնկելու համար անհրաժեշտ նյութեր ու սերմեր տվեցին, դա չի մոռացվի»:
Սակայն չկատարած խոստումների ցուցակն ավելի մեծ է:
«Թոշակը 100 դոլար է լինելու»:
«Ընտանիքի անդամներից մեկը գոնե աշխատանք կունենա»:
«Հիփոթեք ունեցողներն օգնություն կստանան»:
«Առանց տոկոսի վարկեր», — միմյանց ընդհատում են զրուցակիցներս:
Նրանց մեծ մասը կորցրել է իշխանությունների հանդեպ հույսը, ընդդիմությանը նույնպես չի հավատում, ինչպես նաև նրան, որ կայանալիք ընտրություններին «ճիշտ ընտրություն անելը» կփոխի նրանց կյանքը:
67-ամյա թոշակառու Նազի Ցերցվաձեն ասում է, որ կոմունիստներից հետո ոչ մի անգամ ոչ ոք Գուրիայով չի զբաղվել:
«Երբ գյուղում ջուրը չի հերիքում, ո՞ր կառավարությունից ես պետք է գոհ լինեմ: Նրանք զբաղված են միայն տաք տեղերի համար պայքարով ու փող սարքելով: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ոչ ոքի էլ չեմ հավատում», — ասում է նա:
«Նրանցից ո՞ւմ հավատալ և ինչո՞ւ: Թող գոնե մի փոքր նիհարեն մեր պատգամավորները, այլապես արդեն հեռուստակադրերի մեջ չեն տեղավորվում՝ ինչ կանայք, ինչ տղամարդիկ: Նրանցից ավել բան պետք չէ»:
Հրապարակվել է 13.07.2016