Գյուղերը կկորցնեն ինքնուրույնությունը
Հայաստանում համայնքների խոշորացման գործընթաց է սկսվել, փոքր գյուղերը միավորվելու են մեկ կենտրոնում: Երկու տասնյակից ավելի համայնքները միավորվելու արդյունքում մոտ 60 մարդ գործազուրկ կդառնա: Թվերը ոչ պաշտոնական են ու հնարավոր է, որ ավելի շատ մարդ աշխատանքից զրկվի: Բայց պարզ չէ, թե պիլոտային ծրագրի «բարեհաջող» ավարտից հետո Հայաստանի 915 համայնքներից քանիսը ևս կարժանանան խոշորացման ճակատագրին և ընդհանուր առմամբ որքան մարդ գործազուրկ կդառնա:
2015-ին ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել համայնքների խոշորացման 3 պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Շինուհայր, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերով: Այս 3 ծրագրի շրջանակներում միանում են ընդհանուր առմամբ 24 գյուղ, 7՝ Լոռիյում, 7՝ Տավուշում և 8՝ Սյունիքում:
Իշխանությունները համայքների միավորման միայն դրական կողմերն են ներկայացնում՝ առաջ քաշելով այն, որ համայնքների խոշորացման արդյունքում
1. աշխատատեղեր կստեղծվեն
2. ավելի որակյալ ծառայություններ կմատուցվեն բնակչությանը,
3. ճանապարհները կբարեկարգվեն,
4. միջհամայնքային փոխադրամիջոցները կանոնավոր կգործեն
5. նոր մանկապարտեզներ կբացվեն:
Բայց գեղեցիկ խոսքերը ոչ բոլորին են համոզում: Շատերը համոզված է, որ իշխանությունների բոլոր խոստումները թղթի վրա են մնալու, իսկ իրենք կշարունակեն մնալ նույն կոտրած տաշտակի առաջ:
Բնակիչների հիմնական մտավախություններն են.
1. Համայնքները կխոշորացվեն անգամ, եթե հանրաքվեի ժամանակ դեմ քվարկեն
«Ինչ ցանկանան դա էլ կանեն, հաստատ ոչ մեկը ժողովրդի կարծիքները հաշվի չի առնելու»: (Սերգեյ, Խոտ համայնքի բնակիչ)
«Հահանրաքվե է անցակցվելու: Եթե բոլորը «դեմ» դուրս գան, չե՞ն միավորելու: Միավորելու են, բա ի՞նչ են անելու: Սահմանադրության մեջ շատ սիրուն գրված է, բառացի մեջբերում եմ. «Շատ խոշոր համայնքները կարող են բաժանվել, իսկ փոքր համայնքները կարող են միանալ իրար, տվյալ դեպքում պետք է տվյալ համայնքներում անցկացվի հանրաքվե: Վերջում էլ ասում ա, անկախ հանրաքվեի արդյունքներից՝ կարող ենք մենք միավորել համայնքները: Դե, հիմա արի խելացի մտածենք, նպատակը որն ա՞ հանրաքվեի»: (Միշա Համբարձումյան, 81տ., նախկին կոլխոզի նախագահ)
2. Խոշորացման դեպքում փոքր գյուղերն անտեսվելու են, հիմնական ներդրումները կատարվելու են համայնքային կենտրոնում
«Խորհրդային տարիներին եղել է մեկ նախագահ, մեկ քարտուղար, ու բոլոր գործերն իրենք են կատարել: Հիմա գյուղապետարաններում մոտ 7 հոգի են աշխատում: Ասում են` 5-ին կրճատելու են, 2 պահեն: Դրանով ուզում են ծախսերը կրճատել, գումար տնտեսելով գյուղի կարիքները հոգալ: Հո գիտենք, որ գյուղն ինչքան մեծ է լինում, էնքան խնդիրները շատ են լինում, էտ խնայողություններով կենտրոն համայնքն են բարեկարգելու, իսկ փոքր գյուղերում ոչինչ չի փոխվելու»: (Իսո Մկրտչյան, Խոտ համայնք)
«Մեր գյուղ շատ պաշտոնավորներ են եկել, ասել են ձայն տվեք, լավ ա լինելու: Անիմաստ բաներ են, էտ իմ կարծիքն ա, ոչ մի օգուտ էլ չի տա խոշորացումը, ընդհակառակը, գյուղերն ավելի կդատարկվեն, գյուղում պահող ոչ մի բան չի մնա»: (Միշա Համբարձումյան, 81 տարեկան, նախկին կոլխոզի նախագահ)
Էլ ինչ հետևանքներ կարող է ունենալ համայնքների խոշորացումը.
1. Միջհամայնքային հեռավորությունները խոչընդոտելու են կառավարման մարմինների բնականոն աշխատանքը
Ըստ համայնքային խոշորացման հայեցակարգի՝ փնջերում ընդգրկված համայնքերի միջև եղած հեռավորությունը չպետք է գերազանցի 20 կմ-ը, որը շատ բնակիչների համար այնուամենայնիվ մեծ տարածություն է: Խոշորացման ենթակա համայնքներում խոսում են, որ դժվար թե մեկը ցանկանա այդքան հեռավորություն կտրի-անցնի ու մասնակցի, օրինակ, ավագանու նիստին: Հետևաբար, այդքան խրախուսվող մասնակցային, ժողովրդավարական կառավարումը քիչ-քիչ կվերանա, ստվերում կմնա: Որոշումները կկայցվեն միանձնյա՝ առանց հանրային կարծիքը հաշվի առնելու:
2. Գյուղերը կկորցնեն իրենց ինքնուրույնությունը
«Գյուղ», «համայնք» բառերն այսուհետ կմնան զուտ խոսակցական բառեր, փոխարինելու կգան «բնակավայրն» ու «կենտրոնը»: Սա միայն բառի փոփոխություն չէ: Մի ամբողջ գյուղի պատմություն անցյալի էջերում կմնա՝ իր կոլորիտային բոլոր դրսևորումներով: Գյուղերը կշարունակեն պահպանել իրենց գոյությունը՝ սպասելով, որ առաջիկայում կունենան բարեկարգ ճանապարհներ, զարգացած ենթակառուցվածքներ, կանոնավոր ուղևորափոխադրումներ, որին միայն իշխանություներն են հավատում: