Գերմանիայից արտաքսված ադրբեջանցուն 8 տարվա ազատազրկում է սպառնում
Գերմանիայից արտաքսվածների ձերբակալություններ
Գերմանիայից Բաքու արտաքսվելուց անմիջապես հետո քաղաքական ակտիվիստ Սամիր Աշուրովին սպառնում է ութ տարվա ազատազրկում։ Դեկտեմբերի 4-ին դատախազը նման պահանջ է ներկայացրել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավորին։
- «ՌԴ-ին մարտահրավեր նետելու ուժ դեռ չունենք»․ կարծիք Երևանից
- ԼՂ-ից տեղահանված հայերը կկարողանան Հայաստանում կենսաթոշակ ստանալ
- Ադրբեջանում ձերբակալվել է Abzas Media-ի չորրորդ աշխատակիցը
Դատախազի խոսքով՝ դատարանում ապացուցվել է, որ Աշուրովը Բաքվի մետրոյի «Նավթագործներ» կայարանի մոտ դանակահարել է Էլշան Նաբիև անունով տղամարդու։
Մեղադրյալը համաձայն չէ այս մեղադրանքի հետ և նշում է, որ իբրև տուժող ներկայացող Նաբիևը համագործակցում է ոստիկանության հետ, և նրան օգտագործել են Աշուրովին զրպարտելու համար։ Նրա խոսքով՝ Նաբիևն ինքն է իրեն վնասել։
Դեկտեմբերի 4-ին՝ նախքան դատախազի ելույթը, Աշուրովի փաստաբան Էլչին Սադիգովը միջնորդություն ներկայացրեց՝ ճշտելու, թե արդյոք տուժողը կապի մեջ է եղել ոստիկանության հետ։ Դեպքի նախօրեին ոստիկանության հետ Նաբիևի կապը հետաքննելու համար նա խնդրել է տեղեկություններ տրամարդել 2021 թվականի ապրիլի 18-20-ն ընկած ժամանակահատվածում նրա հեռախոսային խոսակցությունների մասին։
«Էլշան Նաբիևը պնդում է, որ դեպքից հետո իրեն վիրահատել են։ Բայց տեսանյութում նրա մարմնի վրա վիրահատության հետքեր չկան։ Իհարկե, բոլոր վիրահատությունները տեսագրվում են։ Խնդրում ենք, եթե նրան վիրահատվել են, ստացեք վիրահատության տեսագրությունն այդ հիվանդանոցից»,- այս համատեքստում մեկ այլ միջնորդություն ներկայացրեց փաստաբանը։
Դատարանը այս պահանջներից և ոչ մեկը չբավարարեց։ Այնուհետև դատախազն իր ելույթում խնդրեց Աշուրովին մեղավոր ճանաչել և պատժել Քրեական օրենսգրքի 126.2.4 (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը խուլիգանության մտադրությամբ) և 221 (խուլիգանություն) հոդվածներով՝ դատապարտելով ութ տարվա ազատազրկման։
Աշուրովի փաստաբանը ժամանակ է խնդրել պաշտպանական ելույթ պատրաստելու համար։ Նրան ժամանակ է տրվել մինչև դեկտեմբերի 18-ը։
Սամիր Աշուրովը կալանքի տակ է 2021 թվականի ապրիլի 19-ից։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նույն օրը փողոցում, զբաղված լինելով հեռախոսով, նա ուսով հարվածել է Էլշան Նաբիևին։ Նաբիևը նկատողություն է արել նրան։ Ի պատասխան՝ Աշուրովը նրան տապալել է գետնին ու երկու անգամ դանակով հարվածել որովայնին։
Քաղաքական ակտիվիստը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, իսկ միջադեպը կանխամտածված սադրանք է։ Նրա խոսքով՝ ինքը պատժվել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ բողոքի ցույցերին մասնակցելու և Գերմանիայում գտնվելու ընթացքում սոցիալական ցանցերում արած քննադատական գրառումների համար։
«Երեկոյան տուն էի գնում։ Ինչ-որ մեկը բղավելով մոտեցավ ինձ։ Հասկանալով, որ սադրանք է, ես վազեցի։ Երբ ես սկսեցի վազել, ամեն ծառի հետևից մի ոստիկան դուրս եկավ։ Պարզվում է՝ հենց սկզբից թաքնվել էին թփերի տակ…»։
Աշուրովը նաև ընդգծել է, որ դանակով ոչ ոքի չի վիրավորել։ Նա պնդել է, որ Նաբիևի մարմնի վրա երկար տարիներ առաջվա սպի կա, որն էլ ներկայացնում են որպես նոր վերք.
«Բաքվի Նիզամիի շրջանային ոստիկանական բաժանմունքում տղամարդը որովայնի շրջանում վերք է ցույց տվել։ Դա հաստատ նոր սպի չի եղել։ Դա մի քանի տարի առաջ ստացած վերքի սպի էր, բայց որպես նոր վերք են ներկայացնում։ Նա ստում է: Բոլորը գիտեն, որ այս խաղը ինձ ձերբակալելու համար է, ես ոչ մեկի չեմ հարվածել: Ինձ մոտ դանակ չի եղել…»
Վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջան վերադառնալուց հետո ձերբակալվել է Գերմանիայից արտաքսված վեց մարդ, որոնց մեղադրանք է առաջադրվել թմրանյութ պահելու և այլնի համար։ Նրանցից ոչ մեկը չի ընդունում մեղադրանքը, ձերբակալվածներն ասում են, որ Գերմանիայում գտնվելու ընթացքում մասնակցել են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ բողոքի ցույցերին և զրպարտվել կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլշադ Հաջիևը հայտարարել է, որ Գերմանիայից արտաքսված ներգաղթյալների նկատմամբ ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի մասին պնդումներն անհիմն են։
«Նման մտքերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Նրանց բերման են ենթարկել կոնկրետ փաստերի հիման վրա»։