«Գենդեր» եզրույթը կհանվի Վրաստանի օրենսդրությունից
«Վրացական երազանք» կուսակցության միակուսակցական խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «գենդեր» եզրույթը Վրաստանի օրենսդրությունից հանելու մասին օրինագիծը: Օրենսդրական փոփոխություններից հետո «Գենդերային հավասարության մասին օրենքը» կվերանվանվի «Կանանց և տղամարդկանց միջև հավասարության մասին օրենք»:
«Օտարերկրյա ազդեցությունների և նրանց ներկայացուցիչների ակտիվ լոբբինգի միջոցով կենսաբանական սեռի հետ մեկտեղ վրացական օրենսդրության մեջ դիտավորյալ կերպով ներմուծվել էր «գենդեր» արհեստական եզրույթը: Դա աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացների արտացոլումն էր և որոշ դեպքերում խոչընդոտում էր պետությանը սկզբունքային դիրքորոշում զբաղեցնել այս միտման դեմ»,- նշված է օրինագծի բացատրագրում:
Օրինագծի բացատրագրում ընդգծվում է, որ անհրաժեշտ է օրենսդրությունից հանել «արհեստական» «գենդեր» եզրույթը և դրա փոխարեն իրավական մակարդակով ամրապնդել տղամարդկանց և կանանց հավասարությունը, որն ամրագրված է Վրաստանի Սահմանադրության մեջ։
Բացի այդ, օրինագիծը չեղյալ է համարում այն նորմերը, որոնք պարտավորեցնում էին Վրաստանի խորհրդարանում, ինչպես նաև ինքնավար հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմիններում ու համայնքներում ստեղծել գենդերային հավասարության մշտական խորհուրդներ:
Իրակլի Կոբախիձեի մեկնաբանությունը
«Ինչ վերաբերում է սեռին և գենդերին, այս երկու հասկացությունների միջև ոչ մի տարբերություն չկա, թեև կան ուժեր, որոնք փորձում են դա ցույց տալ: Մենք չենք կարող սահման դնել սեռի և գենդերի միջև, դրանք հոմանիշներ են: Ինչպես սեռն է երկու հասկացություն, այնպես էլ գենդերը՝ չնայած կոնկրետ ՀԿ-ների կարծիքների»,- հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
2024 թվականի ապրիլի 4-ին Վրաստանի խորհրդարանը վերացրեց գենդերային քվոտաները: Ալեքսանդր Ռակվիաշվիլիի, Յագո Խվիչիայի, Գերման Սաբոյի և Վախթանգ Մեգրելիշվիլիի օրենսդրական նախաձեռնությամբ քաղաքական կուսակցություններն այլևս պարտավոր չեն ընտրական ցուցակները համալրել՝ հաշվի առնելով գենդերային քվոտաները:
2024 թվականի ապրիլի 18-ին Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց գենդերային քվոտաների վերացման վրա, սակայն արդեն մայիսի 15-ին վետոն հաղթահարվեց խորհրդարանի կողմից:
Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը օմբուդսմենի՝ ԵԱՀԿ-ին հղած ուղերձի հիման վրա պատրաստել էր իրավական եզրակացություն, որում քննադատաբար էր գնահատել գենդերային քվոտաների վերացման մասին օրենքը՝ ընդգծելով, որ այն չի համապատասխանում մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշներին, որոնք կապված են քաղաքական և հասարակական կյանքում կանանց նկատմամբ խտրականության հաղթահարման հետ: