Գաղտնիքը պակաս ակնհայտ դարձնել
«Անհատական տվյալների պաշտպանություն» արտահայտությունը Վրաստանում մոգական ուժ ունի: Պատճառն իհարկե այն չէ, որ անհատական տվյալները թանկ արժեք են համարվում, այլ ավելի շուտ այն, որ անձնական տեղեկատվության հրապարակումը ժամանակակից Վրաստանում հաճախ վեճերում որպես փաստարկ է բերվում, այդ թվում նաև՝ քաղաքական: Այդ պատճառով էլ նոր օրենքի ընդունումը և հատուկ կառույցի ստեղծումը, որը պետք է օգնի քաղաքացիներին պաշտպանել իրենց անհատական տվյալները, հիմնականում քաղաքական հարց է:
«Երկիրն ու դրա քաղաքացիներին կարելի է ազատ համարել այն ժամանակ, երբ պետական կառույցներն ամբողջությամբ բաց են, իսկ մարդու անձնական կյանքը կախված է հենց իրեից», — նման հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին անհատական տեղեկատվության պաշտպանության միջազգային օրը, որը վերջերս նշվում էր Թբիլիսիում:
Ուսուպաշվիլին ասաց, թե շատ կարևոր է որ անձնական տվյալները չկարողանան օգտագործել այն մարդիկ և կառույցները, ովքեր դրա իրավբունը չունեն. «Սա ազատության, ժողովրդավարության և պետության կայունության գլխավոր նախապայմանն է»:
Վերջին ժամանակներս անհատական տվյալների պաշտպանությանն իրոք մեծ ուշադրություն է դարձվում, այս թեման անընդհատ բարձրացվում է: Չնայած ակտիվ քննարկումներին, Վրաստանի քաղաքացիները առանց երկար մտածելու կիսվում են ոչ միայն էլեկտրոնային հասցեով, հեռախոսահամարով, այլև Վրաստանի քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալներով: Եվ եթե առաջինի դեպքում խեղճ քաղաքացու վրա են լցվում տոննաներով sms-հաղորդագրություններ և սպամ-նամակներ, ապա անձնական հեռախոսահամարի հրապարակումը կարող է բերել ավելի լուրջ հետևանքների՝ ընդհուպ մինչև հեռախոսահամարի տիրոջ անունով վարկի ձևակերպում. նման նախադեպեր Վրաստանում արդեն եղել են:
Նման տեղեկատվության պաշտպանությունը կարգավորվում է “Անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքով: Այդ օրենքը, որն ընդամենը 2 տարեկան է, որոշում է, թե ինչը պետք է համարվի անհատական տվյալ, ով իրավունք ունի այն հավաքել և մշակել, հաստատում է մասնավոր և պետական կառույցների և, իհարկե, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները:
Անհատական տվյալների պաշպանության մասին օրենքի խախտման համար տուգանք է սահմանված 500-2000 լարիի սահմաններում: Նման տուգանքի կարող է արժանանալ «անմիջական մարքեթինգի» յուրաքանչյուր սիրահար, այսինքն՝ բազմաթիվ խանութներ, բանկեր, դեղատներ, ռեստորաններ, գեղեցկության սրահներ և այլ ընկերություններ, որոնք ռմբակոծում են բնակչությանը sms-հաղորդագրություններով և էլեկտրոնային նամակներով:
Ի դեպ, բազմաթիվ ընկերություններ ու պետական կառույցներ արդեն տուգանվել են. համապատասխան ցուցակը, որը երկու էջ է կազմում, կարելի է գտնել անհատական տվյալների պաշտպանության տեսուչի աշխատակազմի կայքում:
Օրենքում հստակ նշված է, որ սպառողն իրավունք ունի հեշտությամբ ազատվել այդպիսի գովազդային հաղորդագրություններից, և տեսականորեն այդպիսի հնարավորություն կա: Սակայն, ի գիտություն ընդունելով գովազդային հաղորդագրությունների քանակը, որը ստանում է միջին վիճակագրական քաղաքացին, հասկանում ես, որ այդ անծայրածիր հոսքը հեշտությամբ դադարեցնել չի ստացվի:
Երևույթի մասշտաբը հասկանալու համար նշենք, որ ակտիվորեն օգտագործվող հեռախոսահամարին կարող է ուղարկվել օրական 5-7 գովազդային հաղորդագրություն, հատուկ օրերին, օրինակ` ամանորյա տոների նախօրեին կամ խոշոր զեղչերի ժամանակ այդ քանակը կարող է կրկնապատկվել կամ նույնիսկ եռապատկվել:
Վրաստանում տվյալների պաշտպանության վերահսկողությամբ զբաղվում է անհատական տվյալների պաշտպանության տեսուչը: Նրա աշխատակազմը խորհուրդ է տալիս իրենց դիմել բոլոր այն դեպքերում, երբ սպառողը կասկածում է, որ ինչ-որ մեկն ապօրինի տիրացել է իր անհատական տվյալներին կամ դրանք փոխանցել է երրորդ անձի: Դա կարելի է անել հետևյալ կայքի միջոցով՝
Տեսուչի աշխատակազմը ևս մի քանի խորհուրդ է տալիս, ահա դրանք.
1. Աշխատեք հաշվետու լինել, թե ով է մտնում սոցկայքերի ձեր ընկերների շրջանակը, որտեղ դուք կիսվում եք տեղեկատվությամբ: Ուշադրություն դարձրեք ձեր էջի պարամետրերի վրա, իմացեք, թե ում են հասանելի ձեր տվյալները:
2. Կոնկրետ ընկերություններին ձեր մասին տեղեկատվություն հաղորդելիս (օրինակ հարցաթերթիկներ լրացնելիս) հետաքրքրվեք, թե ինչ նպատակով են հավաքվում տվյալները և ինչպես են օգտագործելու: Իմացեք, թե կոնկրետ որ կազմակերպություններում են պահվում ձեր մասին ինֆորմացիան:
3. Ձեր փաստաթղթերն անվտանգ վայրում պահեք, անուշադրության մի մատնեք անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը, քանի որ այդ տեղեկությունը կարող է ինչ-որ մեկի ձեռքն ընկնել:
4. Շատ կարևոր է, որ տվյալների մշակմամբ զբաղվող կազմակերպությունները լավ գիտակցեն իրենց պարտականությունները, իսկ քաղաքացիները սեփական իրավունքներն իմանան: