ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հերթական անգամ Վրաստանը բերել է որպես «Հարավային Կովկասը ապակայունացնելու Արևմուտքի ջանքերի» օրինակ և գովաբանել «Վրացական երազանք» կուսակցությանը՝ այդ ջանքերին դիմադրելու համար։
Գալուզինի խոսքով՝ ԱՄՆ-ն և Եվրամիությունը «ցուցադրաբար պատժում են» Վրաստանին։
«Արևմուտքը չի դադարեցնում Հարավային Կովկասն ապակայունացնելու իր ջանքերը։ Դրա վառ օրինակն է Վրաստանը։ ԱՄՆ-ն և Եվրամիությունը որոշել են ցուցադրաբար պատժել երկրին, որը հանկարծ համարձակվել է խաղալ իր, այլ ոչ թե իրեն պարտադրված կանոններով։
Նրանք անպարկեշտ ձևով միջամտում են հանրապետության ներքին գործերին, փորձում են փոխել վրաց ժողովրդի և նրա կողմից ընտրված կառավարության ինքնիշխան ընտրությունը, որն ուղղված է խաղաղությանն ու բարգավաճմանը։ Վերջնագրային կերպով Թբիլիսիին դնում են կեղծ ընտրության առջև՝ կա՛մ Արևմուտքի հետ, կա՛մ Մոսկվայի»,- հայտարարել է Գալուզինը։
Նա նաև կրկնել է «Վրացական երազանքի» քարոզչական պատումը, այսպես կոչված, «երկրորդ ճակատի» մասին։
«Վրաստանին մղում էին Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու արկածախնդրությանը։ Ուզում էին, որ վրաց ժողովուրդն օտար շահերի համար արյուն թափի»։
Ավելի վաղ՝ 2024 թվականի դեկտեմբերին, Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան առաջվա պես պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորմանը։