«Փաշինյանը չի կարողացել կանխել Ադրբեջանի վտանգավոր օրակարգի առաջմղումը»․ կարծիք Երևանից
Բրյուսելյան հանդիպման մասին կարծիք Երևանից
Երևանում քննարկում են Բրյուսելում կազմակերպված Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումն ու դրանից հետո հրապարակված հայտարարությունները։
Հայ քաղաքագետները կարծում են՝ այդպես էլ չի հաջողվել մերձեցնել կողմերի դիրքորոշումները առանցքային հարցերի շուրջ։ Ավելին՝ Ադրբեջանին հաջողվել է առաջ մղել իր օրակարգը, այն էլ «Հայաստանի լեգիտիմացնող մասնակցությամբ»։
Ի՞նչ է հաղորդվել Երևանից և Բրյուսելից, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Միակ պայմանավորվածությունը՝ ակտիվացնել աշխատանքները
Բրյուսելյան բանակցությունների ավարտից հետո կարճ հաղորդագրությամբ էր հանդես եկել Հայաստանի վարչապետի աշխատակազմը՝ ներկայացնելով քննարկված հարցերի շրջանակը։ Դրանք են՝
- Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամը,
- երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքները,
- տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը,
- Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը,
- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը,
- գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցերը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Սա միակ պայմանավորվածությունն է, որի ձեռքբերման մասին հաղորդել է պաշտոնական Երևանը։
Միշելը խոսել է Աղդամով ԼՂ հումանիտար մատակարարումներ իրականացնելու մասին
Բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև միջնորդ կողմը՝ Եվրոպական խորհրդի նախագահը։ Նա «անկեղծ ու բովանդակային» է որակել հանդիպումը և նշել, որ թեև այն կայացել է «տեղում աճող լարվածության ֆոնին», քաղաքական քննարկումների և ջանքերի առաջընթաց կա։
Անդրադառնալով Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ նկատել է՝ այն կայուն չէ և «չի բխում որևէ մեկի շահերից»։
«Ես շեշտել եմ, որ անհրաժեշտ է բացել Լաչինի ճանապարհը, նաև ընդգծել եմ Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում և կոչ եմ անում երկու կողմին էլ իրականացնել հումանիտար մատակարարումներ, որպեսզի տեղի բնակչության կարիքները բավարարվեն»։
Ըստ նրա՝ տեղի բնակչությունը, առաջին հերթին, իր իրավունքների և անվտանգության վերաբերյալ հավաստիացումների կարիք ունի․
«Այս համատեքստում ես արտահայտել եմ Եվրամիության աջակցությունը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի և Բաքվի ուղիղ երկխոսությանը։ Այս երկխոսությունը պետք է ապահովի բոլոր կողմերի համար այդքան անհրաժեշտ վստահությունը»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Շառլ Միշելի հայտարարության տեքստը հիմնականում արտացոլում է տարբեր գործընթացների վերաբերյալ Բաքվի պատկերացումները։ Ըստ նրա՝ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի կենսական շահերը պատշաճ կերպով չեն ներկայացվում այս և այլ ձևաչափերով տեղի ունեցող բանակցությունների ընթացքում։
«Նույնիսկ այն պայմաններում, երբ Ադրբեջանը արդեն իսկ խախտել է բոլոր հնարավոր կարմիր գծերը գետնի վրա և տեսականորեն պետք է մեծ ճնշման ենթարկվի միջնորդների կողմից, Բաքուն կարողանում է հետևողականորեն առաջ մղել իր օրակարգերն ու խոսույթները՝ Հայաստանի պասիվ ու լեգիտիմացնող մասնակցությամբ»,- Civilnet.am-ում հրապարակված հոդվածում գրել է Գրիգորյանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ամենախնդրահարույցը Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը նվիրված պարբերությունն է, որտեղ Միշելը խրախուսում է մարդասիրական մատակարարումները երկու կողմից՝ «Լաչինի ճանապարհով և Ադրբեջանի՝ Աղդամի տարածքով»։
«Աղդամից դեպի Լեռնային Ղարաբաղ «մարդասիրական» մատակարումներ իրականացնելու հարցը Լաչինի միջանցքի բացման հարցի հետ նույն հարթության մեջ դնելով և դա կարևոր համարելով՝ Միշելը փաստացիորեն լեգիտիմացրել է Ադրբեջանի շանտաժը և նոր հնարավորություն է ստեղծել Բաքվի համար Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում զիջումների չգնալու համար»,- ընդգծել է նա։
Հիշեցրել է՝ հանդիպումից օրեր առաջ Աղդամով մատակարարումներ իրականացնելու մասին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նկատել է՝ Ադրբեջանի տարածքից դեպի Լեռնային Ղարաբաղ տարբեր հաղորդակցությունների ու ենթակառուցվածքների վերականգնումը ԼՂ շրջափակման հիմնական նպատակներից մեկն է, «ինտեգրացիայի օրակարգի մաս»․
«Միշելի կողմից ադրբեջանական այդ օրակարգի ներառումը հայտարարության տեքստի մեջ պարզապես անընդունելի ու վտանգավոր որոշում է, որը կարող է հարցականի տակ դնել այս թեմայով միջազգային մի շարք կառույցների հայտարարություններն ու որոշումները»։
Ասում է՝ ամենայն հավանականությամբ հայտարարությունները նախօրոք համաձայնեցվում են կողմերի միջև, ըստ այդմ՝ «անհասկանալի է, թե ինչով էր զբաղված Հայաստանի վարչապետը այս բանակցությունների ընթացքում»։ Շեշտում է՝ մինչ այս Հայաստանի իշխանությունները հղում էին անում 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանի և Ադրբեջանի պարտավորություններին և հրաժարվում բանակցել Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։
«Այժմ ստացվում է, որ Փաշինյանը, մասնակցելով այս հարցի վերաբերյալ բանակցություններին, ոչ միայն շեղվել է իր իսկ կառավարության որդեգրած գծից, այլև չի կարողացել (կամ չի ցանկացել) կանխել ադրբեջանական վտանգավոր օրակարգի ներառումը Միշելի հայտարարության մեջ»։
Գրիգորյանի դիտարկմամբ՝ որևէ առաջընթաց չի գրանցվել նաև Բաքու-Ստեփանակերտ բանակցային մեխանիզմի ստեղծման հարցում, հայտարարության մեջ «որևէ խոսք չկա այդ գործընթացում միջազգային դերակատարության մասին»
Հումանիտար հարցերի, մասնավորապաես՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում նույնպես, ըստ նրա, որևէ առաջընթաց չի արձանագրվել։
«Առաջնորդները վերահաստատեցին ջենտլմենական ընկալումը, որ այն զինվորները, որոնք պատահաբար են հատել սահմանը, նրանց հարցը պետք է լուծվի»,- հայտարարել էր Միշելը։
Գրիգորյանի խոսքով ՝ սա այն է, ինչին փորձում էր հասնել Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքից երկու հայ զինծառայողի առևանգելով։
«Եթե սույն «ջենտլմենական պայմանավորվությունը» կյանքի կոչվի, հայ առևանգված զինծառայողները փոխանակվելու են Հայաստանի տարածք ներխուժած ու հանցագործություններ կատարած ադրբեջանցի դիվերսանտների հետ, իսկ տասնյակ այլ հայ գերիներ շարունակելու են պահվել Բաքվում»,- նշել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բրյուսելյան հանդիպման մասին կարծիք Երևանից