«Բոլորն իրենց տեղերում են»․ արդյո՞ք հեռացել է Վրաստանի «գորշ կարդինալ» Իվանիշվիլին, և ի՞նչ սպասել երկրի համար
Վրաստանի քաղաքական տեսաբանները, գրեթե միաձայն, ձևական են անվանում երկրի ստվերային առաջնորդ, 65-ամյա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու վերջերս արված աղմկահարույց հայտարարությունը։
Իշխող «Վրացական երազանք» կուսացության ղեկավարի պաշտոնում նրան կփոխարինի Իրակլի Կոբախիձեն՝ քաղաքական գործիչ, որը, թերևս, վստահության ամենացածր վարկանիշն ունի Վրաստանում։
Ինչպե՞ս է Բիձինա Իվանիշվիլին քաղաքականություն եկել և հաղթել Միխեիլ Սաակաշվիլիին, և ի՞նչ սպասել ապագայում Վրաստանի համար։
______________________________________________________________________________
- Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար Իվանիշվիլիի նամակը քաղաքականությունից հեռանալու մասին․ գլխավոր թեզերը
- Ծառր և ֆլամինգոներ՝ որպես իշխանության խորհրդանիշ։ Ի՞նչ է ստացվել վրացի օլիգարխի «քմահաճույքից»
«Առաջին գալուստից մինչև երկրորդ հեռանալը»
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վրացական քաղաքականությունում է հայտնվել 2011 թ-ին։ Նա ընդդիմադիր քաղաքական կոալիցիա է ձևավորել՝ «Վրացական երազանք» անվանումով, և դրանում միավորել ընդդիմության ողջ գունապնակը, որն այն ժամանակ դեմ էր նախագահ Սաակաշվիլիին և նրա կառավարությանը։
Իվանիշվիլիի կոալիցիան հաղթել է 2012 թ-ին հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում և վերջ դրել «Միացյալ ազգային շարժման» իննամյա կառավարմանը։
Նույն տարվա նոյեմբերին Իվանիշվիլին վարչապետ է դարձել։ Սակայն 13 ամիս անց, նախագահական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից հետո, նա ասել է, որ կատարել է իր խնդիրն ու ինքնակամ լքել է վարչապետի պաշտոնը։
Հենց այդ հեռանալը նկատի ունեն վրացի լրագրողները, որոնք այժմ ասում են, թե Իվանիշվիլին հեռանում է երկրորդ անգամ։
Դրան հետևած յոթ տարվա ընթացքում Վրաստանում չորս վարչապետ է փոխվել։ Իվանիշվիլին ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, սակայն հաճախ էր հայտնվում մեդիայում, փաստացի «համակարգում էր» 2016 թ-ի խորհրդարանական ընտրությունները, ժամերով ասուլիսներ տալիս։
Վրաստանում ոչ ոք չէր կասկածում, որ Իվանիշվիլին երկրի ոչ ֆորմալ ղեկավարն է, և իշխող թիմը որոշումներ է կայացնում միայն նրա համաձայնությամբ։
2018 թ․ ապրիլին՝ նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, Իվանիշվիլին պաշտոնապես վերադարձավ հանրային քաղաքականություն և դարձավ «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» իշխող թիմի նախագահը։
Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա բազմիցս բաց նամակներ է հրապարակել։ Սակայն այս անգամ գերազանցել է ինքն իրեն․ նրա նամակը 17-էջանոց է։ Գլխավոր մեսիջն այն է, որ նա կատարել է իր երկու հիմնական խնդիրները, որոնք իր առջև դրել է, այդ պատճառով էլ կարող է հեռանալ․
- վերջ տալ Սաակաշվիլիի իշխանությանը,
- ապահովել Վրաստանի եվրատլանտյան ուղղության կայունությունը։
Իվանիշվիլին Վրաստանի ամենահարուստ քաղաքացին է
Forbes-ը նրա ունեցվածքը գնահատում է 4,8 մլրդ դոլար։ Այն գոյացել է Ռուսաստանում 1990-ականներին մետալուրգիական և բանկային բիզնեսի շնորհիվ։ Իվանիշվիլին Վրաստան է վերադարձել 2003 թ-ին, նա ամբողջությամբ փակ կայնքով էր ապրում, երբեք մեդիայում և հանրային հարթակներում չէր հայտնվում։ Լրագրողները համացանցում կարողացել էին նրա ընդամնը երկու լուսանկար գտնել։
Իվանիշվիլին երկար տարիներ զբաղվում է բարեգործությամբ։ Ի սկզբանե նա սատարում էր Սաակաշվիլիի կառավարությանը, այնուհետև ֆինանսավորեց մի քանի խոշոր նախագծեր, որոնք իրականացվում են ներկայիս կառավարության կողմից։
Ունեցվածքի մեծ մասը նվիրաբերել է հիմնադրամին, որը հենց իրեն է պատկանում
Հեռանալու մասին իր հայտարարությունից անմիջապես հետո Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր ունեցվածքի մեծ մասը՝ 1,5 միլիարդ դոլարը, նա նվիրաբերել է «Քարթու» հիմնադրամին, որը հենց իրեն է պատկանում։
Հիմնադրամի ակտիվին կփոխանցվի նաև Իվանիշվիլիի նկարների հավաքածուն, որը միլիոնավոր դոլարներ արժե, տասնյակ առևտրային և զբոսաշրջային օբյեկտներ, գրասենյակներ և հողակտորներ Վրաստանի տարբեր հատվածներում։ Այս ցանկում են նաև Բիձինա Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնն ու Cartu Bank-ի շենքը Թբիլիսիում։
«Հիմնադրամի բոլոր միջոցները ծախսվելու են միայն բարեգործության վրա», — ասել է Իվանիշվիլին։
Շատ փորձագետներ ասում են, որ, փաստացի, Իվանիշվիլին փողերը մի գրպանից մյուսն է դրել։
Ընդդիմությունը չի հավատում, որ Իվանիշվիլին իրոք իր միջոցների մեծ մասն ուղղել է բարեգործությանը, և նրա գործողությունները բացատրում է հնարավոր միջազգային պատժամիջոցներից խուսափելու փորձով։
Վրացի փորձագետների և քաղաքական գործիչների մեկնաբանությունները

Գիա Խուխիշվիլի, փորձագետ
«Պետք է, իհարկե, դեռ համոզվել, թե արդյոք սա քաղաքականությունից Իվանիշվիլիի իրական հեռանալն է, թե՞ հեռանալու հերթական իմիտացիան։ Հնարավոր է, որ սա հերթական «խայծն» է, որը երկիրը բերելու է հերթական կեղծ իրականության։
Սակայն, եթե Իվանիշվիլին իրոք հեռացել է այն պահին, որը կարելի է անվանել քաղաքական ճգնաժամի գագաթնակետ, ապա սա ավելի շատ նման է փախուստի, քան վերջին խորհրդարանական ընտրություններում (2020 թ․ հոկտեմբերի 31) հաղթողի պահվածքի»։

Արչիլ Թալաքվաձե, խորհրդարանի նախագահ
«Իվանիշվիլին զգալի ներդրում է ունեցել Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում, ստեղծել է համակարգ, որը քաղաքացիներին օգնել է վերադառնալ դեպի իշխանություն, իսկ կառավարությանը հաշվետու է դարձրել։ Նա անցել է բոլոր քաղաքական փորձություններն ու այժմ պատասխանատվությունը փոխանցել է երկրի ղեկավարությանը»։

Լևան Գոգիչաիշվիլի, «Մեր Վրաստան – համերաշխության դաշինք» ընդդիմադիր կուսակցություն
«Բիձինա Իվանիշվիլիի կիրքը ուժն է ու հեղինակությունը։ Այդ պատճառով էլ չեմ հավատում, որ նա հեռացել է։ Գլխավորը գնահատելն է, թե որտեղ է լինելու ուժի կենտրոնը։ Խորհրդարանն իշխանության կենտրո՞նն է։ Ոչ։ Ե՛վ կառավարությունը, և՛ դատարանը, և՛ դատախազությունը իրական իշխանության կենտրոնը չեն։ Հետևաբար, կրկին խճանկարն այնպես է զտվել, որ բոլորը նրան են հաշվետու լինելու»։

Նիկո Ջանգիրաշվիլի, լրագրող
«Նա չի հեռացել, նա փորձում է թաքնվել հանցանքի վայրից՝ պատասխանատվությունից խուսափելու համար»։

Նինո Գոգուաձե, խորհրդարանի նախկին պատգամավոր
«Չեմ կարծում, որ Վրաստանում կա մեկը, ով կարծում է, թե Բիձինա Իվանիշվիլին իրոք պատրաստվում է կառավարումը փոխանցել թիմին, որն, ըստ նրա, զարմանալի կոմպետենտություն ունի։ Նա վերադարձել է ստվերում լինելուն և երկիրը ոչ ֆորմալ ձևով ղեկավարելուն»։

Սալոմե Սամադաշվիլի, «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցություն
«Հարստահարված, պարտքերի տակ կքված, քաղաքական փակուղում գտնվող պետություն։ Աղքատ, հույսները կտրած մարդիկ, երկրի պոտենցիալ զարգացման առնվազն տասը կորցրած տարիներ։ Սա՞ է այն առաքելությունը, որը կատարվել է։ Նա հնարամտություն է դրսևորել․ հեռացել է ավելի վաղ, քան ժողովրդի զայրույթը նրա դեմ կուղղվի։ Ինչպես նաև՝ քանի դեռ միջազգային պատժամիջոցներն իրեն չեն հասել»։