Հայաստանում տներն ու բնակարանները թանկացել են: Անշարժ գույքի գործակալություններում ասում են, որ գները դեռ շարունակելու են բարձրանալ:
«Շարժ է սկսվում, մարդկանց արդեն հետաքրքրում է անշարժ գույքը: Միտում կա, որ կրկին դրսից եկողներն են հետաքրքրված անշարժ գույք գնելով: Նրանց թվում են նաև, այսպես ասած, խոպանչիները: Տեղացի հաճախորդներն էլ հետաքրքրված են անշարժ գույքով՝ հավանաբար, մարդիկ արդեն ավելի մեծ հույսեր են կապում Հայաստանի հետ»,- ասել է անշարժ գույքի թիվ 1 գործակալության տնօրեն Համազասպ Հարությունյանը:
Պաշտոնական վիճակագրությունն էլ է վկայում, որ այս տարի անշարժ գույքի մեկ քառակուսի մետրի գները 2017 թ.-ի վերջին ամիսների համեմատ բարձրացել են: Խոսքը գնում է, թե Երևանի բոլոր վարչական շրջանների, թե մարզերի բնակարանների գներին մասին:
News.am կայքը՝ հղում անելով մասնագետ Սմբատ Գրիգորյանի վերլուծությանը, տեղեկացրել է. միայն այս տարի գրանցվել է բնակարանների վաճառքի 14 հազարից ավելի գործարք, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Սակայն գործարքների 81 տոկոսն այնուամենայնիվ իրականացվել է մայրաքաղաքում:
Մասնագետները նշում են, որ հայաստանցիներն իրենց անշարժ գույքը վաճառում են հիմնականում արտագաղթելու նպատակով կամ ֆինանսական խնդիրները լուծելու անկնալիքով: Այժմ կա նաև մարդկանց որոշակի տոկոս, որն անշարժ գույքը վաճառում է նորը գնելու, իր պայմանները բարելավելու համար:
Սակայն հստակ կողմնորոշվել, թե ինչ է իրականում տեղի ունենում շուկայում դժվար է: Թիվ 1 գործակալության տնօրեն Համազասպ Հարությունյանի խոսքով, «սև վաճառքները» շատ են, ինչի հետևանքով հնարավոր չէ հստակ վիճակագրություն ունենալ, թե ով ում ինչ վաճառեց և ինչ պատճառով:
«Եթե մարդիկ համատարած իրենց գույքը վաճառեն ընկերությունների միջոցով, հնարավոր կլինի հստակ իմանալ բոլոր միտումները և մասնագիտական վերլուծություններ անել: Պետությունն այստեղ անելիք ունի՝ կանոնակարգելու կարիք է զգացվում»,- ասաց նա: