Բնակարաններ՝ պատգամավորներին
Տեղեկատվությունն այն մասին, որ 13 ադրբեջանցի պատգամավորներ կարող են բնակարան ստանալ նորակառույց էլիտար թաղամասում, հանրության և քաղաքական գործիչների բացասական արձագանքն է առաջացրել և ստիպել է հիշել ժողովրդի ընտրյալների այլ մեղքերը:
Խոսքը գնում է «Սպիտակ քաղաք» թաղամասի մասին, որտեղ հին գործարանների փոխարեն նոր թանկ բնակելի շենքեր, ֆուտուրիստական ոճի շենքեր, նոր անգլիական խոտածածկեր, ինչպես նաև կարապներով լճեր են կառուցվում :
Ինչպես նաև այն պատգամավորների՝ խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովի և այլ ընտրյալների, այդ թվում նաև՝ Խադի Ռաջաբլիին մասին, որը հայտնի է նրանով, որ դպրոցի ուսուցիչներին առաջարկում էր դասերից հետո քարտաշ աշխատել, եթե աշխատավարձը չի հերիքում:
Խադի Ռաջաբլին հայտնի է նաև օրգտեխնիկայի և զբոսաշրջության ոլորտում իր բիզնեսով: Նրա հայրենի Լենքորանի շրջանում պատգամավորին են պատկանում մի շարք առևտրի կենտրոններ և հյուրանոցներ: Դրանցից մեկը՝ «Փալիդլի Սահիլ» հյուրանոցային և զվարճանքների համալիրն է:
Այդ նույն շրջանում հետաքննություն անցկացնող հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը պնդում է, որ հյուրանոցներից մեկը կառուցված է մանկական հիվանդանոցի տեղը:
Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությունը հերքել է «բնակարան բաժանելու» մասին տեղեկատվությունը, բացի այդ, Մեհման Հուսեյնովը հաղորդել է, որ որևէ ապացույց չի գտել, որ այդ բնակարաններն իրոք փոխանցվել են, և որ այսպիսի աղմուկից հետո դրանք ընդհանրապես շատ բարդ կլինի գտնել:
Այնուամենայնիվ, այս թեման մամուլի և քաղաքացիների համար տեղեկատվական առիթ է դարձել հիշելու համար այն բազմապիսի ունեցվածքը, որը պատկանում է պատգամավորներին:
Այսպես, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում գործարար Նազիմ Բեյդեմիրլին , որը պատգամավոր է եղել 2005-2010թթ-ին, պատմել է , որ խորհրդարանականները հաճախ են նոր բնակարան ստանում բյուջեի հաշվին, ընդ որում՝ մի քանի անգամ:
«Միլլի Մեջլիսում այնպիսի պատգամավորներ կան, որոնք բնակարաններ են ստանում նույնիսկ իրենց թոռների համար՝ օգտագործելով իրենց պատգամավորական կարգավիճակը: Յուրաքանչյուր գումարման խորհրդարանում բնակարաններ են ստանում նույն պատգամավորներն այն դեպքում, որ օրենքում ասվում է, որ բնակարան կարող է տրամադրվել, եթե պատգամավորը տուն չունի: Սակայն նրանք մտածում են պետության հաշվին բարեկամների, երեխաների և թոռների համար բնակարան ստանալու մասին»:
Պաշտոնապես, վարչապետ Արթուր Ռասիզադեի 2006թ-ի հրահանգով, պատգամավորներին բնակարաններ են տրամադրվում, եթե նրանք տուն չունեն :
Սոցցանցերը սրտին մոտ են ընդունել պատգամավորների «բնակարանային հարցը»:
«Կարծես հատուկ են ամեն ինչ անում, որ ժողովուրդը զայրանա: Ամեն ինչ անում են հեղափոխության համար»:
«Իսկ բռնի տեղահանվածներն ապրում են անասնական պայմաններում: Ի տարբերություն պատգամավորների, որոնք պատասխանատու են նրա համար, որ նրանք հայրենի տներ վերադառնան»:
«Իմ բնակարանում վարձով սենյակ կտրամադրեմ անտուն պատգամավորի: Առանց ընտանիքի: Վարձը թանկ չէ: Կպայմանավորվենք: Կանանց տուն չբերել»:
«Այ քեզ նորություն: Պատգամավորներն առանց այդ էլ ամեն ինչի լավագույնն ունեն: Նրանք կաշառքի դիմաց ամեն շարժվող և չշարժվող իրերի մոնոպոլիա են գնել, նրանցից յուրաքանչյուրը կարող է իրեն թույլ տալ 3-4 բնակարան: Այնպես որ, զարմանալի չէ»:
Նաթիկ Ջաֆարլի, հայտնի տնտեսագետ, քաղաքական գործիչ, «Հանրապետական այլընտրանք» կուսակցության կառավարման անդամ.
«Խոսնակին անվճար տուն են տվել, նա միգուցե հարյուր տուն ունի, իսկ նրան նայելիս մտածում ես՝ միգուցե նրա պատճառո՞վ է մթերքի գինն աճում, նա՞ է ճգնաժամի պատճառը: Նա իհարկե իր տներից մեկը կտար, օրինակ, շահիդի ընտանիքին, սակայն միայն այն դեպքում, եթե իրոք կախված լիներ հասարակական կարծիքից, ընտրություններից, ընտրողներից»:
Իսկ ի՞նչ ունեն ժողովրդի ծառաները:
Խադիջա Իսմայիլ, հայտնի հետաքննող լրագրող.
«Չնայած, որ օրենսդրությունն արգելում է պատգամավորներին բիզնեսով զբաղվել, դա իրականում նրանցից ոչ ոքի չի կանգնեցնում: Այսպես, համաձայն Ազատություն ռադիոկայանի և OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) համար իմ և այլ լլրագրողների անցկացրած հետաքննության՝ խորհրդարանականներն, օրինակ, բազմաթիվ հողակտորներ ունեն, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական բիզնեսի համար: Զբոսաշրջության ոլորտում նույնպես բիզնես ունեն:
Բացի այդ, մեր հետաքննությունների համաձայն, պատգամավոր Ջավանշիր Փաշազադեն, այժմ նաև Արիֆ Փաշաևն ու Ադիլիա Ալիևան բիզնես ունեն Չեխիայում զբոսաշրջային ոլորտում՝ ռեստորաններ, հյուրանոցներ»:
Արտասահմանում ունեցած բիզնեսից զատ պատգամավորներն այնտեղ անշարժ գույք էլ ունեն: Այսպես, Ազատություն ռադիոկայանի անցկացրած հետաքննության համաձայն, նշված պատգամավոր Ջավանշիր Փաշազադեին Կարլովի Վարի քաղաքի կենտրոնում բազմաբնակարան շենքեր են պատկանում:
Տարբեր ունեցվածքից և բիզնեսից բացի Ադրբեջանի պատգամավորները 2250 մանաթ (1180 դոլար) աշխատավարձ են ստանում, ընդ որում՝ տարեկան 16 անգամ : Նրանք նաև առանձին գումար են ստանում ամսական պրոֆեսիոնալ ծախսերի համար, նրանց կյանքն ու առողջությունն ապահովագրված են 5 տարեկան աշխատավարձի չափով: Պատգամավորի պաշտոնից հեռանալիս նրանք տարվա ընթացքում ամսական աշխատավարձի 80%-ի չափով գումար են ստանում : Իսկ ընդհանուր առմամբ այս տարի Ադրբեջանի խորհրդարանի վրա 23 մլն մանաթ (մոտ 12 մլն դոլար) կծախսվի:
Եվ այնուամենայնիվ, շատ պատգամավորներ բողոքում են, որ գումարը չի հերիքում: «Արժեզրկումից առաջ ես չէի բողոքում աշխատավարձիցս, սակայն հիմա դժվար է: Հասկացեք, պատգամավորը շատ ծախսեր ունի: Մենք, ի տարբերություն այլ երկրների պատգամավորների, ինքներս ենք հոգում տրանսպորտի և հեռախոսի բոլոր ծախսերը», — հայտարարել է պատգամավոր Եվդա Աբրամովը :
Ադրբեջանցի պատգամավորներին «բռնել են» ոչ միայն բիզնես և սեփականություն ունենալու վրա, այլ նաև տարբեր խարդախությունների: Այսպես, նախկին պատգամավոր Ֆարհադ Գարիբովը «Դեբյուտ» բանկի սեփականտերն էր և իր բիզնեսի աջակցության համար պետական գումարներ է ստացել: Այդ գումարը ստանալով՝ մի մասը (250 հազար) նա տանուլ էր տվել Վրաստանի խաղատներից մեկում: Իսկ 2010թ-ին նրա տղան՝ Էլնուրը, որի անունով էր բանկը գրանցված, քրեական պատասխանատվության էր ենթարկվել, իսկ բանկը՝ զրկվել լիցենզիայից :
Մեկ այլ պատգամավոր Ասաբիլ Գասիմովը «Կարատ-հոլդինգ» ընկերության սեփականտերն է, որը վերջին տարիներին սկսել է գնել Վրաստանի հացահատիկի և ալրաղացային ոլորտում մրցակցող ընկերություններին, ինչի հետևանքով գրեթե մոնոպոլիստ է դարձել՝ ողջ Վրաստանում խանութներին մատակարարելով հացի մեծ մասը :
Սակայն ամենաաղմկոտ խարդախության դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, երբ պատգամավոր Գյուլար Ահմեդովան փորձել է պատգամավորական մանդատը 1 մլն դոլարով վաճառել :
Այսպիսով, «բնակարանային հարցն» ընդամենը մի կաթիլ է ծովում, կարճաժամկետ տեղեկատվական առիթ այն գործերի բազմազանության ֆոնին, որոնց մասնակից են ադրբեջանական ժողովրդի ծառաները:
Հրապարակվել է 30.01.2017