Բիրժա-Մայդան
Բազմահազարանոց ակցիան Թբիլիսիում հունիսի 10-ին, որի պահանջը «Բիրժա մաֆիա» ռեփ-խմբի անդամներին կալանքից ազատ արձակելն էր, Վրաստանում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել: Ոմանք պնդում էին, որ դա երիտասարդության (և ոչ միայն) տարերային ելույթ էր: Կային նաև այնպիսիները, որոնք ակցիան անվանեցին «թմրամոլության և քրեական պահվածքի աջակցություն»:
Քաղաքացիների մի մասը վստահ է նաև, որ դա ինչ-որ խորամանկ, բազմաբարդ համադրություն էր կամ իշխանության, կամ անձամբ ռեփեր Բերա Իվանիշվիլիի (միլիարդատիրոջ և Վրաստանի նախկին վարչապետի որդին), կամ փոխվարչապետ Կախա Կալաձեի (որը հանրային կերպով աջակցություն հայտնեց կալանավորվածներին արդեն ցույցից հետո) հեղինակությունը բարձրացնելու նպատակ ուներ: Իշխանության ներկայացուցիչները սկսեցին խոսել նարկոքաղաքականության ազատականացման անհրաժեշտության մասին և արժանացան ակցիայի մասնակիցներից ոմանց հանրային գովասանքին:
21-ամյա Գիորգի Կեբուրիան և 28-ամյա Միշկա Մգալոբլիշվիլին կալանավորվել էին հունիսի 6-ին առանձնապես խոշոր չափի հոգեմետ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար: Իսկ նրանք իրենց հերթին պնդում են, որ նրանց մոտ թմրանյութեր չեն եղել, և նրանց ձերբակալման իրական պատճառը երգիծական տեսահոլովակն է եղել, որում ծաղրանք կա ոստիկանի հասցեին. համազգեստով մեկը՝ շան վզկապը վզին կանգնած է շան դիրքով և բերանին ոսկոր կա:
Փաստ է, որ դա առաջին այդքան զանգվածային ակցիան էր վերջին տարիներին, որը քաղաքական գործիչների կողմից չէր կազմակերպված և հաջողված էր. ձերբակալված ռեփերիներին ազատ արձակեցին մի քանի օրից, իսկ դատախազությունը հետաքննություն սկսեց նրանց ձերբակալելու փաստի առթիվ:
Հասկանալու համար, թե ինչի հետ գործ ունենք, պետք է հիշել երկու տարվա վաղեմության իրադարձությունները, երբ Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքների չեզոքացման համար հազարավոր երիտասարդներ փողոց դուրս եկան: Իրենք իրենց, առանց որևէ մեկի կոչի: Այդ տեսարանն ինձ այն ժամանակ հիշեցրեց Կիևի Մայդանում տեսածը, երբ կամավորները մայդանցիներին սնունդ, վառելանյութ էին մատակարարում, և մարդկանց այդքան մեծ զանգվածը կարողացավ ինքնակազմակերպվել: Այն ժամանակ ես մտածում էի, որ Վրաստանում դա անհնար է:
Սակայն այն ժամանակ կենդանաբանական այգուց փախած վագրը մարդ սպանեց Թբիլիսիում, և դրա պատճառով հարցաքննման կանչվեց կենդանաբանական այգու տնօրենը, իշխանությունը հասարակությունից նախազգուշացնող ազդակ ստացավ: Գործն այնպիսի տեսք ուներ, որ իշխանությունը որոշեց ամեն ինչ գցել տնօրենի վրա: Ի նշան բողոքի բառացիորեն երկու-երեք ժամում կառավարության կանցելյարիայի դիմաց մի քանի հարյուր մարդ հավաքվեց:
Այնտեղ ոչ միայն քաղաքացիական ակտիվիստներ էին, որոնք գնում են բոլոր ակցիաներին և արդեն միմյանց դեմքով ճանաչում են: Կանցելյարիայի մոտ այդ ժամանակ հավաքվել էին 20-25 տարեկան երիտասարդներ, որոնց մինչ այդ հնարավոր չէր տեսնել ոչ մի բողոքի միջոցառման:
Այն ժամանակ իշխանությունները հասկացան, թե ինչ վտանգի հետ գործ ունեն, և նահանջեցին:
Փաստ է, որ 2012թ-ի իշխանափոխությունից հետո մայրաքաղաքում բազմաթիվ ակցիաներ են անցկացվել, որոնք մասշտաբով ավելի մեծ էին, քան հունիսի 10-ի ցույցը: Սակայն իշխանությունը չվախեցավ Միասնական ազգային շարժման և այլ ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած ակցիաներից, քանի որ համարեց, որ հասարակությունում նրանց աջակցության ռեսուրսը սահմանափակ է:
Այլ բան է հանկարծակի, տարերայնորեն բռնկված քաղաքացիական բողոքը, այն բանի անալոգը, ինչից սկսվեց Կիևի Մայդանը: Վերջին օրերի իրադարձությունները հաստատում են, որ իշխանությունը գիտակցում է այդ գործընթացի նշանակությունն ու առավելագույնս փորձում է դրանից խուսափել:
Սակայն ես նպատակ չունեմ իդեալականացնելու փողոց դուրս եկած երիտասարդությանը: Նրանց փողոցներում չեն տեսել Ինգուրի կամրջի վրա (Աբխազիայի հետ վարչական սահման) տեղի բնակիչ Գիգա Օտխոզորիայի սպանությունից հետո: Ոչ էլ այն ժամանակ, երբ վրացի նախկին զինծառայող Գիա Ծերծվաձեին իշխանությունները փաստացի դատապարտեցին Ռուսաստանին փոխանցված լինելու: Երիտասարդությանը հիմնականում չհուզեցին ամենաազդեցիկ ընդդիմադիր հեռուստաալիքի շուրջ իրադարձությունները, երբ իշխանությունն ակնհայտ փորձում էր զավթել հեռուստաընկերությունը: Այսինքն շատերն այն հարցերից, որոնք որոշիչ նշանակություն ուներին երկրի ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության համար, երիտասարդության ուշադրությունը չգրավեցին:
Ջրհեղեղից տուժած քաղաքը, կենդանաբանական այգու անարդարացի հետապնդումը և ենթադրաբար երաժիշտների գրպանը գցված թմրանյութերը երիտասարդությունը ընկալեց որպես վտանգ: Սակայն, կարծես թե, ավելի կարևոր խնդիրները՝ ոչ:
Լիովին հասկանալի է, որ կիրթ երիտասարդության մեծ մասն այսօր Վրաստանում ընդգծված ապաքաղաքական է, և չի վստահում ոչ իշխանություններին, ոչ ընդդիմադիր որևէ կուսակցության:
Այն դեպքում, երբ հենց կիրթ, կայացած, արևմտամետ երիտասարդությունը պետք է արևմտամետ քաղաքական ուժերի դաշնակիցը լինի: Սակայն այդպես տեղի չի ունենում:
Այդ նիհիլիզմն իհարկե իր պատճառներն ունի: Եվ դրանք անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, ինչը դեռևս չի անում ոչ ոք՝ ներառյալ, թվում է, դրանով անմիջականորեն հետաքրքրված քաղաքական կուսակցությունները: Նրանք կարծես համակերպվել են, որ երիտասարդությունն ընտրություններին չի գնում, և նախընտրում են խոստումներ տալ թոշակառուներին և սոցիալապես անապահովներին: Նման մոտեցումն էլ ավելի է հեռացնում կուսակցությունները երիտասարդ ընտրողներից, որոնց կարիքների և խնդիրների մասին արդեն ընդհանրապես ոչինչ չեն ասում:
Ի՞նչ է հուզում երիտասարդությանը: Կրթությունը, աշխատանքը, կարիերան, սոցիալական բարեկեցությունը: Իհարկե զվարճանքները, ինչպես նաև նարկոքաղաքականությունը: Սակայն բացառապես հենց նարկոքաղաքականության թեմայի վրա կենտրոնանալն, ինչպես ասում է «Գիրչի» կուսակցության օրինակը, չի կարող հաջողության բերել:
Միաժամանակ, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, հենց երիտասարդությունն է հասարակությունում այն խումբը, որն ունակ է պայքարելու փոփոխությունների համար և հասնելու դրանց: Եվ այդ խումբն այսօր գրեթե դուրս է մնացել քաղաքականությունից և ոչ մի դեր չի խաղում երկրի զարգացման գործում:
Պարզապես երբեմն նրա համբերությունը հատում է, ինչպես դա եղավ ռեփերների ձերբակալության դեպքում: