«Իվանիշվիլիի վերադարձի որոշման մեջ կան անձնական դրդապատճառներ, վախեր և ռիսկեր»․ վրացի քաղաքագետ
Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը
Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին Interpressnews-ին տված հարցազրույցում գնահատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը քաղաքականություն և ասել, որ «երազանքի առաջնորդները հանգիստ չեն քնի, քանի որ չգիտեն. թե նա ում վրա կհարձակվի և կոնկրետ ում մսաղացի տակ կգցի»։ Խուխաշվիլին Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականություն վերադառնալու որոշման մեջ տեսնում է անձնական դրդապատճառներ, վախեր և ռիսկեր։
Խուխաշվիլին Իվանիշվիլիի վերադարձի մեջ քաղաքական տրամաբանություն չի տեսնում և մատնանշում է երկու պատճառ, թե ինչու է Իվանիշվիլին նման որոշում կայացրել։ Քաղաքագետը կարծում է, որ այս քայլով Իվանիշվիլին մի կողմից փորձել է «ապահովագրել» իր անձնական բարեկեցությունը, մյուս կողմից՝ որոշել է կայունություն վերադարձնել համակարգին՝ անցնելով սեփական «ձեռքով ղեկավարման» ռեժիմի։
«Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին երրորդ անգամ է վերադարձել քաղաքականություն։ Նրա իր ստեղծած «Վրացական երազանք» կուսակցության համագումարում ընտրվել է պատվավոր նախագահ։
Իվանիշվիլին որպես իր վերադարձի պատճառներից մեկը մատնանշել է գլոբալ մարտահրավերները։ Նրա խոսքով՝ հենց դրանց է այսօր բախվում Վրաստանը․ աշխարհաքաղաքական իրավիճակը երկրի շուրջ բարդացել է, ուստի մարտահրավերները նույնպես շատացել են։
Իվանիշվիլին նաև նշել է, որ իշխող թիմի ներսում առճակատման վտանգ կա։
Գիա Խուխաշվիլի. «Բիձինա Իվանիշվիլիի որոշման մեջ քաղաքական տրամաբանություն չկա։ «Վրացական երազանքը» նախընտրական նպատակներով քաղաքականություն վերադառնալու կարիք չունի։ Ուստի ես այստեղ տեսնում եմ միայն անձնական դրդապատճառներ, անհանգստություններ և ռիսկեր։ Թերևս սա որոշիչ գործոն է եղել նման որոշման կայացման համար։
Ինչ վերաբերում է նրա անձնական պատճառներին, ես այստեղ առանձնացնում եմ երկու հիմնական բլոկ: Ինքը՝ Իվանիշվիլին ևս անուղղակիորեն խոսել է այն մասին, թե ինչու է վերադառնում, և նույնիսկ որոշ չափով խոստովանել է։ Սակայն նա փորձել է փոխել ենթատեքստը։ Ես կփորձեմ ճիշտ ներկայացնել այն ենթատեքստը, որով էլ պայմանավորված էր նրա որոշումը։
Նախ, Իվանիշվիլին ունի անձնական բարեկեցության և անվտանգության հետ կապված խնդիրներ։ Նա կարծես թե լուրջ մտահոգություններ ունի այս առնչությամբ և որոշել է ապագայում դա կանխել՝ ձեռք բերելով քաղաքական անձեռնմխելիություն։ Տարօրինակ կլիներ, եթե ինչ-որ մեկը մտածեր գործընկեր երկրի իշխող կուսակցության նախագահի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Բայց եթե նա պահպաներ ոչ ֆորմալ կառավարումը, ինչպես դա եղել է մինչ այժմ, ապա [Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների սահմանումը] կարող էր բացարձակապես իրատեսական դառնալ ոչ այսօր, բայց վաղը։ Այսպիսով, այս քայլով նա կանխեց դա, պաշտպանեց սեփական բարեկեցությունը։
- Վրաստանի ստվերային կառավարիչ Իվանիշվիլին մեկ տարում հարստացել է ևս 600 միլիոն դոլարով․ Bloomberg
- Ծառեր և ֆլամինգոներ՝ որպես իշխանության խորհրդանիշ։ Ի՞նչ է ստացվել վրացի օլիգարխի «քմահաճույքից»
Մի կարծեք, որ սա նրա «վերջին կանգառն է»: Այսօր նա կարող է լինել պատվավոր նախագահ, իսկ վաղը մենք նրան կարող ենք տեսնել որպես վարչապետ, կամ, ինչպես ես եմ կարծում, նա իրեն ավելի շատ տեսնում է որպես նախագահ։ Այդ կարգավիճակով նրա համար առավել հարմարավետ կլինի ղեկավարել երկիրը. ստիպված չես ամենօրյա աշխատանքով զբաղվել, բայց միևնույն ժամանակ դու պետության ղեկավարն ես և կարող ես ամեն ինչ վերահսկել հեռախոսով:
Կա ևս մեկ պատճառ, որի մասին այսօր անուղղակիորեն հիշատակեց նաև Իվանիշվիլին։ «Վրացական երազանք»-ում ձևավորվել էին որոշակի «շահագրգիռ» խմբեր, որոնք մեծ գումարներ էին վաստակում։ Իսկ մեծ փողերը, ինչպես գիտենք, մեծ ամբիցիաներ են ծնում։ Կարծես թե այդ մարդկանց հեռվից կառավարելը բավականին խնդրահարույց էր դարձել։ Հետևաբար, Իվանիշվիլին կանգնած էր համակարգի ներսում թուլանալու և իշխանությունը կորցնելու վտանգի առջև։ Ոչ այնքան կուսակցական, որքան այս խմբերի շահերի տեսակետից, որոնք այլևս նրա փողերի կարիքը չունեն, քանի որ ունեն իրենցը։ Հետևաբար, այս խմբերի կառավարումը դառնում էր խնդրահարույց, ուստի որոշվել է վերականգնել համակարգի կայունությունը՝ անցնելով սեփական «ձեռքով ղեկավարման» ռեժիմի։
Իվանիշվիլին այժմ ունի իր օրինական տեղը բանակցային սեղանի շուրջ, և ես ակնկալում եմ, որ իրավիճակը կփոխվի: Մեկ-երկու հոգի կպատժվեն, և նա կսկսի վերականգնել իր վերահսկողությունն այս ռեժիմում։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկին ձերբակալի։ Պարտադիր չէ, որ նա լինի պետական պաշտոնյա։
Շահագրգիռ խմբերը շատ ավելի լուրջ են։ Իվանիշվիլին կարող է ձերբակալել ոչ թե տեսադաշտում գտնվողին, այլ իր գործընկերոջը՝ դրանով իսկ նրան ցույց տալով իր տեղը։ Այստեղ կարող են լինել միլիոնավոր տեխնոլոգիաներ։ Կարծում եմ՝ այս երկուսն են հիմնական դրդապատճառները, և երկուսն էլ կապված են նրա անձնական բարեկեցության և անվտանգության հետ։ Այսօր նա լուծում է սեփական բարեկեցության և անվտանգության խնդիր, այլ ոչ թե պետական կամ քաղաքական որևէ խնդիր։ Ուստի սա նրա անձնական որոշումն է։
Այսօր «Վրացական երազանքի» առաջնորդները շատ վատ կքնեն։ Նրանք հանգիստ չեն քնի, որովհետև չգիտեն, թե «ում վրա է հարձակվելու և կոնկրետ ում է մսաղացի տակ գցելու»։ Նրանք գիտակցում են այս ամենը։ Այսպիսով, բոլորն անցում են կատարել «վատ սպասումների» ռեժիմի։
Ընդհանուր առմամբ, Իվանիշվիլիի որոշումը օգտակար է երկրի համար։ Որովհետև ստվերային կառավարումը շատ վնասակար է երկրի համար։ Եթե դու ղեկավարում ես երկիրը, ավելի լավ է ինստիտուցիոնալացված լինես: Եթե ինչ-որ բան ես անում, պետք է պատասխանատվություն կրես։ Լուրջ չէ, որ Իվանիշվիլին ինչ-որ բանում մեղավոր լինի, իսկ մենք ակցիաներ իրականացնենք Ղարիբաշվիլիի՝ ուղղակի փոստատարի և մարդ-թյուրիմացության դեմ։ Այս ամենը շատ վնասակար է պետության համար։
Սա լավ է նաև ընդդիմության համար, քանի որ իրական նպատակն արդեն որոշված է։ Բիձինա Իվանիշվիլիի այս քայլի շնորհիվ պետք է որոշ չափով երկիր վերադառնա քաղաքական կարգը։ Նա դարձել էր իր տեսակի մեջ մարդ- կրոն, ով միաժամանակ ամենուր էր և ոչ մի տեղ: Բայց քաղաքականությունը կրոն չէ։ Եկեք վերադառնանք գետնի վրա և վարենք իրական, առողջ քաղաքականություն:
Չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կլինեն։ Ընդ որում, խոսքը երկարաժամկետ խաղի մասին է։ Ընտրություններին դեռ շատ ժամանակ կա։ Այսօր, հավանաբար, որոշակի տատանումներ կլինեն, սակայն այդ տատանումները էական չեն լինի։ Վրաստանում չեք գտնի մի մարդու, ով մտածում էր, թե Բիձինա Իվանիշվիլին հեռացել է քաղաքականությունից։ Այսպիսով, տեղի ունեցավ մի բան, որի մասին մենք արդեն իսկ գիտեինք:
Ինչ-որ բան փոխվե՞լ է: Այստեղ ինչ-որ մեկը մտածե՞լ է, որ Բիձինան իսկապես հեռացել է [քաղաքականությունից]: Ոչ ոք այդպես չէր մտածում։ Անգամ խուլ գյուղում, եթե հարցնես մի մարդու, ով նույնիսկ հեռուստացույց չի միացնում, քեզ կասեն, որ Բիձինան էր «կերակրողը»։ Հիմա նա ոչ միայն «կերակրողն» է, այլև իշխող կուսակցության նախագահը, նույնիսկ՝ պատվավոր»։
Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը