Բիզնես սահմանային Ջերմուկում․ շահավետ՝ ընտանիքի, օգտակար՝ քաղաքի համար
Բիզնես սահմանային Ջերմուկում
Հայաստանում դժվար ժամանակներ են, բայց կան երիտասարդներ, որոնք փորձում են ոտքի կանգնել և կայանալ հայրենիքում, ոչ թե լավ կյանքի հույսով մեկնել այլ երկրներ։ Մի ընտանիքի պատմություն, որը ստեղծվեց երկու տարի առաջ ու 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո բիզնես հիմնեց Ջերմուկում։ Զույգը չհեռացավ սահմանային քաղաքից նաև սեպտեմբերյան ռազմական սրացման ժամանակ, երբ Ջերմուկը թիրախավորվել էր Ադրբեջանի զինուժի կողմից։
Այժմ էլ ամուսինները տեղում են, երեխային են մեծացնում ու շարունակում իրենց բիզնեսն առաջ տանել։ Փորձում են հաջողել իրենց գործում և միաժամանակ օգտակար լինել իր բնակավայրին։ Ասում են՝ մտադիր են ամբողջ աշխարհում հայտնի ընկերություն դառնալ։
- «Չլսված պատմություններ․ կյանքը լռության ու պայքարի միջև»։ Ֆիլմ Հայաստանից
- Ջերմուկ, ուրիշ աշուն
- Նոր խնդիրներ «Վերին Լարս» անցակետում․ հայկական բիզնեսի կորուստները
Լեզվաբանից՝ բիզնեսի հիմնադիր
Բանասիրական կրթություն ստացած Տաթևիկը չէր էլ մտածում, որ մի օր մտնելու է թվերի աշխարհ ու հիմնելու ընտանեկան բիզնես, այն էլ սահմանամերձ համայնքում:
Տարիներ առաջ ծննդավայր Վանաձորից տեղափոխվեց մայրաքաղաք, սկսեց աշխատել թերթում: Տնտեսության մասին վերլուծական նյութեր պատրաստելիս՝ գիտելիքների պակաս զգաց ու որոշեց նաև տնտեսագիտական կրթություն ստանալ:
Այս ցանկությունն իրագործելու համար Տաթևիկը միջազգային մագիստրոսական ծրագիր էր փնտրում:
Գործընկերներից մեկի առաջարկով այցելելց Ագրարային համալսարանի և Տեխասի A&M համալսարանի համագործակցությամբ հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (Agribusiness Teaching Center)։ Այն առաջարկում էր ուսուցում Տեխասի համալսարանի կրթական ծրագրերով:
«Ինձ համար լրիվ նոր աշխարհ էր վիճակագրությունը, բիզնես վերլուծություններն ու կանխատեսումները: Առաջին բաց դասը վճռորոշ եղավ։ Այնքան երկար էի փնտրել Հայաստանում կրթական միջավայր, որն ուսանողակենտրոն է, քաջալերում ու առաջ է մղում ուսանողին, ոչ թե սահմանափակում»,- պատմում է Տաթևիկը:
2017թ.-ից հայոց լեզվի մասնագետն ու լրագրողը հայտնվեց իր համար անսովոր իրավիճակում․ կրթությունն անգլերենով, սովորելիքը՝ թվերի լեզվով:
«Սկզբնական շրջանում շատ բարդ էր, օտար լեզվով նոր մասնագիտացում ստանալը համառություն էր պահանջում: Շատերը չէին դիմանում ծանրաբեռնվածությանն ու կիսատ էին թողնում ուսումը: Ինձ օգնում էր այն, որ ազատ գրաֆիկով աշխատող լրագրող էի։ Դա հնարավորություն էր տալիս համատեղել աշխատանքը դասերի հետ»,- հիշում է նա:
Դիպլոմային հետազոտության հետաքրքիր թեմայի փնտրտուքներում էլ Տաթևիկը հանդիպեց ջերմուկցի Վազգեն Գալստյանին:
«Վազգենի ընտանիքն այդ շրջանում սոճու կոնի մուրաբաներ էր պատրաստում տնայնագործական եղանակով: Վազգենն առաջարկեց ուսումնասիրել սոճենու կոնից պահածոների ստացման թեման՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել ունեցած փորձառությամբ»,- ասում է Տաթևիկը:
Դիպլոմային հետազոտության ընթացքում երիտասարդների գործնական հարաբերությունները դարձան զգացմունքային, իսկ սոճենու կոնի մուրաբան՝ համատեղ կյանքի առաջին բիզնես ծրագիրը:
«Պատերազմը ստիպեց արագ գործել»
Երիտասարդ ընտանիքը որոշում է փոքրիկ արտադրություն հիմնել Ջերմուկում և երկուսի գիտելիքներն ու փորձառությունը ներդնել գործարանային արտադրության բարձրորակ կոնի մուրաբաներ ստանալու համար:
Մինչ երիտասարդները մտածում էին, սկսվեց 2020-ի արցախյան պատերազմը, ստիպված ժամանակավորապես հետաձգեցին բիզնես պլաններն ու ներգրավվեցին կամավորական աշխատանքներին:
«2020թ.-ի պատերազմի ելքը մեզ ստիպեց ավելի արագ գործել: Ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո Ջերմուկում փոքրիկ արտադրություն հիմնեցինք»,- պատմում է Վազգեն Գալստյանը:
Ասում է՝ արտադրության հիմնման նպատակներից էր ոչ միայն մարդկանց առողջարար մուրաբաներ առաջարկել, այլև սեփական քայլերով նպաստել Ջերմուկի տնտեսական կյանքի ակտիվացմանը:
Ընկերությունն իր գործունեությունը սկսեց սոճենու կոնի մուրաբայի ու կոնի դոշաբի, ապա համալրեց արտադրանքը մասուրի մուրաբայով ու մասուրի ջեմով, բազմածաղկային մեղրով:
«Ջերմուկը բացառիկ է իր բնությամբ ու հարուստ բուսականությամբ: Բնական է, որ մեր արտադրանքն էլ պետք է բացառիկ լիներ»,- կես կատակ, կես լուրջ ասում է Տաթևիկը։
Նա ամուսնու հետ կիսում է բիզնեսի առաջխաղացման ու կայացման դժվարությունները, ներդնելով իր՝ ագրոբիզնեսի մագիստրոսական կրթության ընթացքում ստացած գիտելիքներն ու փորձառու լրագրողի բանակցային հմտությունները:
Ընկերության հիմնադրմանը զուգահեռ ծնվեց ընտանիքի առաջնեկը, Լուսեն, որը դարձավ նոր մոտիվացիայի աղբյուր:
Երեխայի խնամքի հետ Տաթևիկն իր վրա է վերցրել ընկերության մարքեթինգային ռազմավարության մշակման պարտականությունը: Վազգենին բաժին է հասել կայուն գործարար կապերի ապահովման գործառույթը:
«Թե՛ երեխան, թե՛ բիզնեսը ամենօրյա խնամք ու հոգածություն են պահանջում: Սպառողը դարակաշարերին տեսնում է միայն գեղեցիկ արտադրանքը, մինչդեռ դրա հետևում մի քանի տասնյակ մարդու չարչարանք կա»,- ասում է Տաթևիկը:
«Եզակի լինելու ցանկությունը՝ հաջողության գրավական»
2021թ.-ից երիտասարդ ընտանիքի ստեղծած ընկերությունն անցել է գործարանային արտադրության, ապահովել անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների անցկացումն ու ստացել ԵԱՏՄ տարածքում գործելու համապատասխանության սերտիֆիկատ:
Զույգը հպարտանում է՝ իրենց ընկերութունն այսօր Հայաստանում առաջատար է կոնի մուրաբայի և եզակի՝ մասուրի մուրաբայի և ջեմի արտադրությամբ:
«Կոնի մուրաբան և կոնի դոշաբն իմունիտետն ամրացնող հատկություն ունեն, դրական են ազդում հազի դեպքում: Մասուրի մուրաբան ու ջեմը բացառիկ ապրանքների թվին են դասվում: Շնորհիվ մեր ներդրած հատուկ տեխնոլոգիաների՝ կարողանում ենք պահպանել պտուղների օգտակար հատկություններն ու ստանալ առավելագույնս առողջարար արտադրանք»,- բացատրում Տաթևիկը:
Մի նվաճում էլ ունեն․ իրենց ապրանքատեսակներն անհատական տարաներով ու նվերի տուփերով այժմ ներկայացված են երևանյան բրենդային խանութներում և հայաստանյան օնլայն վաճառքի հարթակներում: Արտերկրի սպառողների համար այն հասանելի է նաև հայկական ապրանքները աշխարհին ներկայացնող buyarmenian.com հարթակում:
«Մեր արտադրանքը պահանջված է ոչ միայն օգտակարության, այլև արտաքին տեսքի, գեղեցիկ դիզայներական լուծումների շնորհիվ։ Շատերը մեր արտադրանքը գնում են նաև նվիրելու համար»,- հպարտությամբ ասում է Վազգենը:
Սահմանային ձեռնարկությունները պետական աջակցության կարիք ունեն
Ջերմուկում բիզնեսի բնականոն ու շարունակական գործունեության ապահովումը չափազանց բարդացել է վերջին՝ սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո:
«Սահմանային դիրքերի փոփոխությունից հետո՝ կորսված տարածքների հետևանքով, դժվարացել է հումքի հավաքչության հարցը, որում ներգրավված են ոչ միայն Ջերմուկի, այլև հարակից համայնքների բնակիչները: Այս հանգամանքը ռիսկեր է պարունակում թե՛ մեր արտադրական ծավալների ապահովման, թե՛ հարակից համայնքների բնակիչներին սեզոնային հավաքչական աշխատանքով ապահովման տեսանկյունից»,- ասում է Վազգենը։
Շեշտում է՝ սահմանամերձ համայնքների բոլոր բիզնեսների համար խնդիրներն այսօր բազմաշերտ են, և այս առումով պետական առանձնահատուկ մոտեցման ու աջակցության կարիք կա:
Սակայն Գալստյանների ընտանիքը ձեռքերը ծալած չի սպասում, սկսել է Ջերմուկի արտադրական տարածքի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները։ Ամուսինները մտադիր են հաջորդ արտադրական սեզոնը սկսել մթերման ավելի մեծ ծավալներով:
Երիտասարդ ձեռներեցները շարունակում են բիզնեսի առաջխաղացման քայլերը՝ չնայած խնդիրներին։ Ասում են՝ դրանք ոչ թե ընկճում, այլ դառնում են մոտիվացիայի աղբյուր՝ առաջ շարժվելու և ավելիին ձգտելու համար: Հավակնոտ նպատակ են դրել իրենց առջև՝ «Հայաստանի բնության համը հասանելի դարձնել աշխարհի ցանկացած կետում ապրող մարդուն»:
«Ջերմուկը միայն քաղաքի անվանում չէ, այն մեր տունն է, որը սիրելու, զգալու, նրա հետ կապվելու համար նախ պետք է ճանաչել»,- ասում է Տաթևիկը:
Իրենց քաղաքը ճանաչելի դարձնելու համար վերջերս երիտասարդ զույգը մի խումբ տեղացիների հետ ստեղծել է «Դեպի Ջերմուկ» քաղաքացիական նախաձեռնությունը։ Դրա նպատակն է ներկայացնել տեղանքը զբոսաշրջիկներին, գրավել նրանց ուշադրությունը, ավելացնել քաղաքի այցելուների թիվը: Կարծում են, այդպիսով կարող են վերականգնել նախկին հետաքրքրությունը տուրիստական այս ուղղության նկատմամբ։ Դրանով էլ օգտակար կլինեն քաղաքին ու համաքաղաքացիներին։
Բիզնես սահմանային Ջերմուկում